News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի եւ Եվրոպական հանձնաժողովի Հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի եւ Արեւելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի նախագահությամբ Կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի հանրային կառավարման ոլորտի վերաբերյալ ՍԻԳՄԱ-ի կողմից մշակված ելակետային գնահատման զեկույցի ներկայացումը: Այս մասին NEWS.am–ին հայտնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից։

Միջոցառմանը ներկա էին ինչպես Կառավարության տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ, այնպես էլ ՀՀ-ում միջազգային կազմակերպությունների եւ դիվանագիտական ներկայացուցիչությունների ղեկավարներ:

Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել զեկույցի մշակման գործընթացում ներգրավված բոլոր փորձագետներին կատարված աշխատանքի համար եւ բարձր գնահատել զեկույցի շրջանակներում արված ուսումնասիրություններն ու դրանց արդյունքները: Փոխվարչապետը նշել է, որ զեկույցը հիմք կհանդիսանա հանրային կառավարման ոլորտում բարեփոխումների ռազմավարության մշակման համար:

Մհեր Գրիգորյանը միջոցառման մասնակիցներին ներկայացրել է հանրային կառավարման ոլորտում նախանշված բարեփոխումների օրակարգն ու տրամաբանությունը եւ ընդգծել, որ դրանց իրականացման հարցում Կառավարությունն ակնկալում է համագործակցել զարգացման գործընկերների հետ՝ կարեւորելով նրանց փորձագիտական ներուժն ու լավագույն փորձը:

Վասիլիս Մարագոսը ողջունել է զեկույցի մշակման ընթացքում Հայաստանի Կառավարության հետ ունեցած գերազանց համագործակցությունը ինչպես նաեւ ՍԻԳՄԱ-ի խորհրդատվություններին արձագանքելու պատրաստակամությունը: Նա շեշտել է, որ Հայաստանի կառավարությունն ունի այժմ յուրահատուկ հնարավորություն ՍԻԳՄԱ-ի գնահատման արդյունքում արված առաջարկները դիտարկելու քաղաքացիակենտրոն հանրային կառավարման համակարգի ձեւավորման շրջանակներում: ԵՄ-ն պատրաստակամ է հետագա աջակցությունը ցուցաբերելու ոչ միայն ՍԻԳՄԱ-ի այլեւ ԵՄ այլ ֆինանսական գործիքների միջոցով:

Միջոցառման ընթացքում ՍԻԳՄԱ-ի ներկայացուցիչները հակիրճ ներկայացրել են զեկույցի հիմնական վեց բաժինները, Հայաստանի հանրային կառավարման ոլորտում բացահայտված թերություններն ու դրանց շտկման վերաբերյալ խորհրդատվությունները:

Հանդիպման ավարտին փոխվարչապետը պատասխանել է ներկաներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերում էին, մասնավորապես, հանրային ծառայությանը, Հայաստանում դրանց առանձնահատկություններին եւ ոլորտի ռազմավարության մշակմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ