News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 17
USD
477.83
EUR
535.7
RUB
7.43
ME-USD
0.15
Տեսնել լրահոսը


Կառավարության դիմաց այսօր՝ մայիսի 24-ին, բողոքի ցույց անող բուքմեքերական ընկերության ներկայացուցիչների հետ հանդիպեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ցուցարարները եկել էին բուքմեքերական գրասենյակների փակման առաջարկի դեմ իրենց բողոքը հայտնելու։ 

Ծանոթանալով նրանց բողոքին, Փաշինյանը հավաստիացրեց, որ բուքմեքերական ընկերություններից քաղաքացիներն իրեն շատ են բողոքել. «Նախընտրական շրջանում ուր գնացել եմ, մարդիկ համատարած իմ առաջ պահանջ են դրել, որ այսպես չի կարելի, մարդիկ աշխատավարձերը ստանում են, բայց մինչեւ հասնում են տուն, կրվում, դուրս են գալիս։ Որ գյուղ մտել եմ, այդ մասին են բողոքել, Երեւանում որտեղ շրջել եմ, դա են բողոքել։ Ես կարծում եմ, որ այդ խնդիրը պետք է լուծել»։

Վարչապետի խոսքով՝  իրենց առաջարկը լուծման տարբերակն է, որը իրենք մարդկանց խոստացել են։

Ցուցարարների դիտարկմանը, թե բուքմեքերական գրասենյակների փակման հետեւանքով շատ մարդիկ գործազուրկ կդառնան, Փաշինյանն ասաց, որ պետք է այլ աշխատանք գտնեն. «Մենք մենաշնորհները վերացրել ենք, համակարգային կոռուպցիան վերացրել ենք»։

Ցուցարարներից մեկը նշեց. «Մենք հեղափոխություն չենք արել, որ մեր ձայնը չլսեն»։

Սրան ի պատասխան Փաշինյանն ասաց. «Ես հեղափոխության ժամանակ էլ խոսել եմ, սա խնդիր է եւ սա լուծման տարբերակներից մեկն է, եթե դուք ունեք այլ լուծման տարբերակներ, առաջարկեք»։

Վարչապետն առաջարկեց ցուցարարներին իրենց առաջարկը փոխանցել իր օգնականին. «Թող առաջարկը փոխանցեն իմ օգնականին, եթե իրականանալի եւ տրամաբանական լինի, ես կընդունեմ, կհանդիպենք, կխոսենք»։

Փաշինյանը խոստացավ անձամբ կարդալ առաջարկնբերը. «Այսօր կամ վաղը առաջարկը տվեք, ես խոստանում եմ՝ կկարդամ»։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը շրջանառության մեջ է դրել ՀՀ «Վիճակախաղերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին եւ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրինագծերը, որոնցով կսահմանափակվի բուքմեքերական գրասենյակների գործունեությունը ՀՀ տարածքում, ինչպես նաեւ կարգելվի գազալցկայաններում եւ տարբեր հանրային վայրերում հայտնի սարքավորումների միջոցով վիճակախաղի կազմակերպումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել