News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 18
Տեսնել լրահոսը

Ամերիկայի կառավարությունը համալրել է Իրանում էներգետիկայի ոլորտի կազմակերպությունների ցանկը, որոնց դեմ գործում են միակողմանի պատժամիջոցները, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությանը:

Պատժամիջոցների է ենթարկվել Persian Gulf Petrochemical Industries (PGPIC) ընկերությունը, ինչպես նաեւ դրա  ավելի քան 30 դուստր ձեռնարկություններն ու մասնաճյուղերը: Ամերիկյան իշխանությունների տվյալներով՝ PGPIC-ը ստանում է Իրանի նավթաքիմիական արդյունաբերության ընդհանուր ծավալի շուրջ 40 տոկոսը:

«Այդ ցանցի դեմ պատժամիջոցներ գործադրելով՝ մենք մտադիր ենք ֆինանսավորումից զրկել իրանյան նավթաքիմիական ոլորտի առանցքային տարրերը, որն աջակցում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին»,-նշված է ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինի մամուլի հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը բազմիցս պատժամիջոցներ էր կիրառել ԻՀՊԿ-ի գործունեության հետ, ըստ ամերիկյան վարչակազմի, կապ ունեցող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց նկատմամբ: 2018 թվականի մայիսի 8-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Գործողությունների համընդհանուր համապարփակ պլանի՝ գործարքից դուրս գալու մասին, որը կնքվել էր 2015 թվականին եւ սահմանափակում էր Թեհրանի միջուկային ծրագրերը՝ փոխարենը չեղարկելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցներն ու ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի միակողմանի սահմանափակող միջոցները: Թրամփը խոստացել է ոչ միայն վերականգնել նախկին պատժամիջոցները, այլ նաեւ սահմանել նոր պատժամիջոցներ, իսկ այդ առնչությամբ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը հայտնել է Իրանի՝ նավթի արտահանումից ստացված եկամուտները զրոյի հավասարեցնելու վերաբերյալ Վաշինգտոնի մտադրության մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ