News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն հիասթափված է Ռուսաստան ռազմական մասնագետներ ուղարկելու Թուրքիայի որոշմամբ՝ ռուսական Ս-400 ԶՀՀ աշխատանքը սովորելու համար, հայտարարել է ԱՄՆ պաշտպանության փոխնախարար Էլեն Լորդը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Reuters-ը, աղբյուրին վկայակոչելով, ավելի վաղ հայտնել էր, որ ԱՄՆ-ն որոշել է այլեւս թուրք օդաչուներին չընդունել F-35 կործանիչ-ռմբակոծիչներով թռիչքը սովորելու համար:

«ԱՄՆ-ն բարձր է գնահատում ԱՄՆ-ի եւ Թուրքիայի երկխոսությունը եւ մեր ռազմավարական գործընկերությունը: Սակայն ԱՄՆ-ն հիասթափված է՝ իմանալով, որ Թուրքիան Ռուսաստան է ուղարկել անձնակազմ Ս-400 համակարգերի աշխատանքը սովորելու համար: Ս-400-ն անհամատեղելի է F-35-ի հետ: Մենք բոլոր մակարդակներում հստակ ասել ենք, որ Թուրքիան F-35 չի ստանա, եթե ընդունի Ս-400-ի մատակարարումը»,- հայտարարել է Լորդը ճեպազրույցի ժամանակ, որի տեքստը հրապարակվել է Պենտագոնի պաշտոնական կայքում:

Նա հավելել է, որ այս քայլերից եւ ոչ մեկն անշրջելի չէ:

«Եթե Թուրքիան որոշի հրաժարվել Ս-400-ի մատակարարումից, մենք անհամբերությամբ սպասում ենք ծրագրով սովորական գործունեության վերականգնմանը»,- նշել է նա՝ հավելելով, որ ԱՄՆ-ն F-35-ի հետ կապված թուրք մասնագետներին բավարար ժամանակ կտա, որ նրանք կարողանան ԱՄՆ-ից հեռանալ մինչեւ հուլիսի 31-ը, եթե ԱՄՆ-ն եւ Թուրքիան համաձայնության չգան:

Նրա խոսքով՝ «F-35 ծրագրի կառավարման միջոցառումներին Թուրքիայի մասնակցության կարգավորված դադարեցումը հեշտացնելու համար» Թուրքիան չի մասնակցի հունիսի 12-ին F-35-ի շուրջ ամենամյա կլոր սեղանին: Ծրագրի նորմատիվ փաստաթղթերի նախատեսված թարմացումը եւս կանցկացվի առանց Թուրքիայի մասնակցության:

«Եթե ԱՄՆ-ն եւ Թուրքիան չկարողանան այս հարցում փոխընդունելի որոշման գալ հուլիսի 31-ին, բոլոր թուրք ուսանողները, որոնք սովորում են F-35-ի թռիչքներին, եւ ներկայումս ԱՄՆ-ում գտնվող հրահանգիչ օդաչուները պետք է երկիրը լքեն»,- հայտարարել է Լորդը:

Նա ընդգծել է, որ Թուրքիայի ներկայացուցիչների F-35-ի վրա մարզումների դադարեցումը չի ազդի F-35-ի հետ կապված ավելի լայն համագործակցության վրա:

Լորդը հայտնել է, որ թուրքական կողմն արտադրում է 937 պահեստամասեր, դրանցից 400-ից մի փոքր ավելին՝ միակ աղբյուրից: ԱՄՆ-ն աշխատում է Lockheed Martin-ի եւ Pratt & Whitney-ի հետ, որ գտնի թուրքական արտադրությանը այլընտրանքային աղբյուրներ:

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանն ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հերթական անգամ առաջարկել էր Ս-400-ի հետ կապված համատեղ աշխատանքային խումբ ստեղծել: Թուրքիան արդեն հայտարարել է, որ չի հրաժարվի Ս-400-ները գնելու ծրագրերից, եւ որ ՀՀՊ համակարգերի առաջին խմբաքանակը պետք է երկիր մատակարարվի հուլիսին:

ԱՄՆ-ն հայտարարում է, որ Ս-400 համակարգերն անհամատեղելի են ՆԱՏՕ-ի ստանդարտներին, հնարավոր ձեռքբերման դեպքում սպառնում է պատժամիջոցներով եւ քանիցս ասել է, որ կարող է հետաձգել կամ չեղարկել նորագույն F-35 օդանավերի վաճառքի գործընթացը: Թուրքիան F-35-ի կառուցման ԱՄՆ միջազգային ծրագրի մասնակիցներից մեկն է: Թուրքիայում էլ քանիցս հայտարարել են, որ Ս-400-ը ամերիկյան F-35-երի համար սպառնալիք չի ներկայացնում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ