News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հուլիս 24
USD
476.13
EUR
532.17
RUB
7.54
ME-USD
0.17
Տեսնել լրահոսը

ՀՀ օրենսդրությամբ ուղղակիորեն նախատեսված է սահմանափակում, արգելք ՍԴ նույն թեկնածուի կրկնակի, նորից առաջադրման համար: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան, իրավաբանական գիտությունների թեկնածու Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով ՀՀ նախագահի կողմից Վահե Գրիգորյանին կրկին ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրելու փաստին։

«Այն նախատեսված է սահմանադրական օրենքով, ինչին ևս հարկավոր է ուշադրություն դարձնել: Կարծում եմ՝ Ազգային ժողովը սահմանափակված լինելով սահմանադրական օրենքի նորմով, կարող է և նույնիսկ պարտավոր է նախագահի կողմից առաջադրած թեկնածուի գրանցման հարցը քննության առարկա դարձնել»,-ասաց նա։

Ըստ նրա, Սահմանադրական դատավորի «նոր թեկնածու» եզրույթը բավականին հստակ և կանխատեսելի ձևակերպում է, սակայն եթե դրա վերաբերյալ առկա են տարբեր կարծիքներ, այսինքն՝  որոշակիության առերևույթ խնդիր կա, այդ դեպքում հարցը պետք է տեղափոխվի Սահմանադրական դատարան, որպեսզի այդ նորմի սահմանադրաիրավական բովանդակությունը բացահայտվի:

Փաստաբանն ընդգծեց, որ այս ամենի վերաբերյալ նաև չափազանց կարևոր է հենց Ազգային ժողովի աշխատակազմի մասնագիտական եզրակացությունը, որը պետք է բխի ՀՀ օրենսդրության, առավել ևս սահմանադրական օրենքի պահանջներից:

«Կարծում եմ` Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուն հենց առաջինը պետք է շահագրգիռ լինի օրինականության սկզբունքի անվերապահորեն պահանման նկատմամբ, ինչը տվյալ դեպքում խնդրահարույց է: Չեմ ցանկանում անդրադառնալ այն հարցին, որ Սահմանադրական դատարանի դատավորը պետք է նաև օժտված լինի ցանկացած հարցի նկատմամբ անկախ, անաչառ լինելու երաշխիքներով, ինչը հենց ներկայումս ակտիվ փաստաբանական գործունեության ծավալող անձի դեպքում ևս կարող է դժվարություններ առաջացնել»,-նշեց Արամ Վարդևանյանը:

Հիշեցնենք, որ նախագահ Արմեն Սարգսյանը երկրորդ անգամ Սահմանադրական դատավորի պաշտոնում է առաջադրել փաստաբան Վահե Գրիգորյանին, ինչը տարակուսանք է առաջացրել մասնագիtական շրջանակներում:

Իրավաբանները, հղում անելով օրենքին, նշում են, որ  նախագահը պարտավոր էր Սահմանադրական դատարանի պաշտոնում առաջադրել նոր թեկնածուի: Եվ այն պարագում, երբ և՛ առաջադրողը, և՛ առաջադրվողը նույն անձիք են, իսկ խորհրդարանը (որպես պետական ինստիտուտ) մեկ անգամ մերժել է այդ թեկնածուին, ապա վերջինս չի կարող  համարվել նոր թեկնածու:

Տպել