News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում, դատավոր  Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ մեկնարկեց Կաշառք ստանալու մեջ մեղադրվող դատավոր Գագիկ Հեբոյանի և փաստաբան Վահագն Դանիելյանի գործով արտագնա դատական նիստը։ Հիշեցնենք, որ արտագնա նիստ անցկացնելու որոշում կայացրել էր Կոտայքի մարզի դատարան գործուղված դատավոր Տաթևիկ Գրիգորյանը։

Նիստի մեկնարկին ամբաստանյալ Հեբոյանի պաշտպանները հայտարարեցին, որ իրենց պաշտպանյալը չի ցանկանում, որ իրեն տեսանկարահանեն։ Ինչից հետո դատավորը թույլատրեց լրատվամիջոցներին տեսանկարահանել դատական պրոցեսը՝ բացառությամբ պաշտպանական կողմի։

Նշենք, որ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 4 դատավոր՝ Հովհաննես Ավագյանը, Գեղամ Մարգարյանը, Վարդան Ստեփանյանը և Գոռ Շահբազյանն ավելի վաղ Հեբոյանի վերաբերյալ գործով ինքնաբացարկ էին հայտնել` հրաժարվելով քննել իրենց գործընկերոջ վերաբերյալ գործը: Դրանից հետո Երևան քաղաքի ընդհանուր իրավասւթյան դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանը ժամանակավոր գործուղվել էր Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, և գործը մակագրվել է նրան:

Հիշեցնենք, որ Գագիկ Հեբոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, զբաղեցնելով Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը, հանդիսանալով դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատող և մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, Բենիկ Հարությունյանի օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություն կատարելու համար 2019 թվականի մարտի 6-ին նրանից անձամբ պահանջել և 2019թ. մարտի 27-ին փաստաբանների պալատի փաստաբան Վահագն Դանիելյանի օժանդակությամբ ստացել է առանձնապես խոշոր չափերի կաշառք:

Վահագն Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան, խոչընդոտներ վերացնելու և հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցները թաքցնելու եղանակով օժանդակել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Հեբոյանի կողմից առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալուն:

Տպել
Ամենաշատ