News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 17
USD
478.4
EUR
539.06
RUB
7.43
ME-USD
0.15
Տեսնել լրահոսը

Անհրաժեշտ է ՏԻՄ ընտրությունների համաժամանակյա անցկացման համար իրավական հիմքերի ստեղծել: Այս մասին հայտարարություն է տարածել արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը:

Նա հայտարարությունում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններին, որտեղ ասվում է.

«Դիտարկում Հայաստանում տեղական ընտրությունների մասին

Երեկ «Շանթ» հեռուստաընկերությանը տված բացառիկ հարցազրույցում վարչապետ Փաշինյանը՝ խոսելով Աբովյանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների մասին, արեց ընդհանրական երկու դիտարկում.

1․ Ընտրությունների կեղծման ցիկլը Հայաստանում ընդհատվել է եւ ընտրողն ազատորեն օգտվում է ազատ ընտրության իր իրավունքից:

2․ Հայաստանում տեղական ընտրությունները հաճախ ապաքաղաքական են լինում: Միաժամանակ, որպես քաղաքական տեղական ընտրությունների անցկացման երաշխիք, վարչապետը առաջադրեց բոլոր քիչ թե շատ խոշոր համայնքներում համամասնական ընտրակարգով ընտրությունների անցկացման նպատակահարմարության գաղափարը:

Դժվար է չհամաձայնել առաջադրված թեզերի հետ, հատկապես տեղական ընտրությունների ապաքաղաքական լինելու անթույլատրելիության հետ, սակայն համամասնական ընտրակարգն անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է այս կարեւոր խնդրի լուծման համար:

Բանն այն է, որ անկախ Հայաստանի նոր Սահմանադրության ուժով հիմնված տեղական ինքնակառավարման համակարգի ընտրված մոդելը մի մեծ թերություն ունեցավ ի սկզբանե: 1996 թվականի օրենքը Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների մասին սահմանեց մի կարգ, որը հնարավորություն էր ստեղծում տարիներ հետո համայնքային ընտրությունների սինխրոն ընթացքի խաթարման, ինչը եւ ցավոք տեղի ունեցավ:

Քանի որ ոչ բոլոր համայնքներում էին ՏԻՄ մարմինները գործում իրենց սահմանադրական իրավասությունների ողջ ընթացքում (հրաժարականներ, լիազորությունների դադարեցման այլ հիմքեր) եւ տեղի էին ունենում արտահերթ ընտրություններ, իսկ նոր ընտրված մարմինները սկսում էին գործել եռամյա նոր ժամկետով (1995թ. առանց փոփոխությունների Սահմանադրությամբ սահմանված ժամկետը 3 տարի էր) տարիներ անց Հայաստանում վերացավ համաժամանակյա տեղական ինքնակառավարման ընտրությունների օր քաղաքական երեւույթը:

Որպես հետեւանք տեղական ընտրությունները ժամանակի ընթացքում դադարեցին լինել համապետական քաղաքական միջոցառում, իսկ փոքր համայնքներում դրանք վերածվեցին պարզապես «թայֆաների» մրցույթի:

Ի՞նչ է անհրաժեշտ անել: Առաջինը, ինչն անհրաժեշտ է անել, դա օրենսդրորեն տեղական ընտրությունների համաժամանակյա անցկացման համար իրավական հիմքերի ստեղծումն է` միաժամանակ անցում կատարելով համամասնական ընտրակարգին: Սա ծայրահեղ անհրաժեշտություն է Հայաստանի քաղաքական համակարգի ամրապնդման եւ առավել առողջ ինքնակառավարման համակարգ ունենալու համար հետեւյալ պատճառաբանություններով․

1․ Համաժամանակյա տեղական ընտրությունները կամրապնդեն Հայաստանի քաղաքական համակարգը եւ ժողովրդավարական հիմքերը, հատկապես խորհրդարանական կառավարման մոդելի համատեքստում, երբ համապետական ընտրությունների ցիկլը շատ երկար է եւ ըստ էության մի քանի տարվա մեջ ընդամենը մեկ քաղաքական ընտրություն ենք ունենում երկրում: Սա կարող է դառնալ նաեւ գործիք քաղաքական կուսակցությունների խթանման համար, քանի որ համապետական մեկից ավելի ընտրությունները կնպաստեն կուսակցությունների «մարզական» լավ կարգավիճկում մնալուն:

2․ Համաժամանակյա ընտրությունները կկատարեն քաղաքական «ստաբիլիզատորի», անվտանգության բարձիկի դեր, քանզի կլինեն հանրային տրամադրությունների միջանկյալ դրսեւորման, քաղաքական արտահայտման միջոց, հանրային տրամադրությունների փոփոխության միջանկյալ ցուցիչ:

3․ Խորհրդարանում քաղաքական մեծամասնության համար տեղական համաժամանակյա ընտրությունների արդյունքը հանրային տրամադրությունների կամ «ձայն բազմաց» իրական ուղերձ կլինի, ինչը մեծամասնության համար լավ առիթ է քաղաքական դիրքորոշումները հստակեցնելու եւ ռազմավարությունը վերանայելու համար:

4․ Եվ վերջապես, համաժամանակյա ընտրությունները կբերեն կոնկրետ համայքներում գաղափարների, այլ ոչ «թայֆաների» պայքարի, իսկ ընտրողներն իրենց որոշումը կկայացնեն ծրագրերի որակից, այլ ոչ թե «ախպերությանը պիտանի լինելու» չափորոշիչից ելնելով:

Բնականաբար, նման ընտրությունները հնարավոր են միայն ողջամտորեն խոշոր համայքներում, քանզի 50 բնակիչ ունեցող գյուղերում որեւէ քաղաքական մոդել ջախջախվելու է «գեղամեջի» խաչմերուկ չհասած: Այդ պատճառով պետք է նոր թափով շարունակել համայքների խոշորացման գործընթացը»:  

Տպել