News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հաջորդ շաբաթ Վաշինգտոնում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման նախաշեմին Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին կոչ է արել չեղարկել Միացյալ Նահանգների եւ Արցախի Հանրապետության միջեւ շփումների եւ ուղեւորությունների «կամայական, հնացած եւ հակաարդյունավետ սահմանափակումները»:

Պետքարտուղարություն ուղարկված ANCA-ի նամակում ընդգծվում է, որ ԱՄՆ-ի եւ Արցախի միջեւ երկխոսությունը սահմանափակելու Ադրբեջանի փորձերը, ինչպես նաեւ  ԵԱՀԿ բանակցություններում Արցախի լիարժեք մասնակցության բացառման անխոհեմ ջանքերը ակնհայտորեն նախատեսված են Ալիեւի ռեժիմի քաղաքական նպատակների սպասարկման համար: Սակայն, ինչպես նշում է ANCA-ն, փորձերն ակներեւորեն խանգարում են ամերիկյան դիվանագիտությանը եւ զսպում առաջընթացը «Արցախի եւ Ադրբեջանի միջեւ ամուր եւ ժողովրդավարական խաղաղության ուղղությամբ, որը բոլորս կցանկանայինք տեսնել»:

Նամակում նաեւ հիշատակվում է, որ «Արցախը ստորագրել է 1994 թվականի Բիշքեկյան արձանագրությունը, հրադադարի մասին համաձայնագիրը, որը չնայած Բաքվի կողմից խախտելուն, ուժի մեջ է մնացել քառորդ դար»:

«Արցախը պետք է իր ապագայի վերաբերյալ բոլոր քննարկումների լիիրավ մասնակիցը լինի»,- նշված է նամակում:

Հիշեցնենք, որ այս տարվա մարտին ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով կոմիտեի համանախագահ Ֆրենկ Փալոնեն բանաձեւ է ներկայացրել, որի նպատակն է անսահմանափակ ուղեւորությունների արհեստական խոչընդոտների վերացումը եւ ԱՄՆ-ի ու Արցախի միջեւ բաց հաղորդակցությունը: Փաստաթղթին աջակցել են 20 կոնգրեսականներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ