News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Գյումրու Անի թաղամասի բնակիչ Մյասնիկ Մանուկյանի ընտանիքը երկու շաբաթից պետք է լքի բնակարանը: Այս մասին այսօր՝ հունիսի 17-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մյասնիկ Մանուկյանի կինը՝ Գայանե Հովհաննիսյանը:

2012 թվականին Մանուկյանների ընտանիքը երիտասարդ ընտանիքների ծրագրով հիփոթեքային վարկ է վերցրել: Մինչեւ 2017 թվականը ամսական վճարումները կատարել են. 9 միլիոն վարկից 3 միլիոն դրամը վճարել են, մնացել էր 6 միլիոնը։  Ռուս-հայկական զորամասում որպես սահմանապահ աշխատող Մյասնիկ Մանուկյանը առողջական խնդիրների պատճառով զորացրվել է, եւ ժամանակին չի կատարել վճարումները: Բանկը դիմել է դատարան, եւ գործը հայտնվել են դատական ակտերի հարկադիր կատարման վարույթում: Այնուհետեւ բնակարանը վաճառվել է 4 միլիոն դրամով, ինչպես Մանուկյաններն են պնդում, առանց իրենց տեղեկացնելու: Հիմա ընտանիքը պետք է մուծի նաեւ բանկին պարտք մնացած գումարը: Ստացվում է, որ Մանուկյանները, բացի նրանից, որ կորցրել են տունը, դեռ բանկին էլ պարտք են մնացել:

«Մինչեւ 2017 թվականը պարտաճանաչ վճարել ենք: Ամուսնուս առողջական վիճակի վատթարացման եւ 3 անչափահաս երեխաների հետ մեկտեղ ունեցած խնդիրների պատճառով չկարողացանք ժամանակին կատարել վճարումները: Դրանից հետո վարկի տոկոսը 6.5 տոկոսից դարձավ 24 տոկոս: Ամուսինս գնաց Երեւան հանդիպելու բանկի գլխամասային գրասենյակի աշխատակիցների հետ, այնտեղ եկան բանավոր համաձայնության, որ 300 հազար դրամ մինչեւ հունվարի 16-ը մուծելու դեպքում՝ այդ չմուծած տոկոսներն ու վարկը կվերաձեւակերպեն: Մենք բարեկամներից պարտքով հավաքեցինք այդ գումարը, մինչեւ մեր հունվարի 16-ի մուծելը՝ հարկադիրը հունվարի 8-ին էլեկտրոնային աճուրդով, առանց մեզ տեղեկացնելու՝ բնակարանը վաճառեց 4 միլիոն ՀՀ դրամով»,- պատմեց Գայանեն։

Նրա խոսքով՝ հունվարի 8-ին ԴԱՀԿ-ն վաճառել է բնակարանը, իսկ հունվարի 11-ին նոր զանգահարել եւ տեղեկացրել իրենց. «Հունվարի 11-ին հարկադիրի աշխատողը զանգահարում է ամուսնուս, եւ ասում՝ աչքներդ լույս, բնակարանը վաճառվել է: 3 աշխատանքային օրն անցել է, աշխատակիցը զանգահարել է ուրբաթ օրով՝ ժամը 17:30-ին, եւ տեղեկացրել, որ շաբաթ-կիրակի է, դիմացը աշխատանքային օր չէ, եւ բողոքարկելու հնարավորություն չի լինի»։

Նա պատմեց նաեւ, որ փորձել են ընդհանուր հայտարարի գալ տան սեփականատիրոջ՝ Լյուսյա Երանոսյանի հետ, սակայն՝ ապարդյուն. «Փորձեցինք հաշտության գալ բնակարանի՝ արդեն նոր տիրոջ հետ, բայց նա ասաց՝ ես չեմ ապրելու էս տանը, ու մեկ ա, դուք էլ պետք ա չապրեք: Ինքը բնակարանը երբ տեսավ, ասաց, ես էս «մուսռնոցի» համար գումա՞ր եմ տվել»:

Ընտանիքը դիմել է դատարան՝ ԴԱՀԿ-ի քայլերը չեղարկելու համար, կայացել է 3 նիստ. վճիռը կարդալու են հուլիսի 2-ին: Նա նշեց, որ մի քանի անգամ տան ներկայիս տերը եւ ԴԱՀԿ-ի աշխատակիցները փորձել են իրենց տանից դուրս հանել. «Հարկադիրը մայիսի 31-ին եկավ մեզ փորձեց վտարել տնից, մենք դուրս չեկանք, իրենք չունեին դատարանի որոշում եւ համապատասխան փաստաթուղթ: Մեզ մինչեւ ամսի 21-ը ժամանակ են տվել: Անգամ չեն թողնում, որ հուլիսի 2-ի վճիռը կարդան, տեսնենք՝ ո՞ւմ օգտին է լինելու: Ում ասես, որ դիմել ենք, բոլոր պատկան մարմիններին, վարչապետից սկսած նամակներ ենք ուղարկել, բոլորն անպատասխան են: Անօրինական աճուրդի հետեւանքով՝ ես չեմ ուզում այս վիճակիս՝ 3 անչափահաս երեխեքիս հետ մնամ դրսում»։

Նա պատմեց, որ ունի 3 անչափահաս տղա երեխա, հղիության 5-րդ ամսում է, ծնողները արտերկրում են, եւ եթե բնակարանից դուրս գան՝ չգիտի՝ որտեղ են ապրելու. «Մենք գնալու տեղ չունենք, մեզ տունը լքելու համար տվել են 2 շաբաթ ժամանակ: Չեն համբերում անգամ սպասենք, թե վճռն ում օգտին է լինելու: Ես անգամ կյանքիս վերջ տալու քայլին եմ փորձել գնալ, լավ, ի՞նչ պետք ա անեմ, ամսի 21-ին գալու են դուրս հանեն: Ես 3 երեխաներիս հետ ո՞ւր գնամ»։

Տպել
Ամենաշատ