News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 20
USD
476.48
EUR
535.52
RUB
7.56
ME-USD
0.17
Տեսնել լրահոսը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել կրթության ոլորտի «2020-2022 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագիրը, ներառյալ 2020 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտի» նախագիծը:

Այդ նպատակով Հանրային խորհրդի Կրթության եւ գիտության հանձնաժողովի անդամների հետ կազմակերպվել է քննարկում, որի ընթացքում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արեւիկ Անափիոսյանը ներկայացրել է նախագիծը՝ ընդգծելով, որ այն ենթակա է փոփոխությունների, հետեւաբար նախարարությունն ակնկալում է դրա վերաբերյալ Հանրային խորհրդի առաջարկություններն ու դիտողությունները:

Արեւիկ Անափիոսյանը տեղեկացրել է, որ որպես ոլորտային քաղաքականության հիմնական թիրախներ՝ նախագծում առանձնացվել են որակյալ կրթության եւ մատչելիության ապահովումը:

Առաջին թիրախում կարեւորվել է երեք կետ՝ դասավանդողների որակի ապահովում, կրթական ծրագրերի բովանդակային արդիականացում եւ նյութատեխնիկական բազայի ապահովում ու սովորողակենտրոն միջավայրի ստեղծում, իսկ երկրորդ թիրախում՝ նախադպրոցական ծառայությունների ընդլայնում, համընդհանուր ներառականության անցում եւ խոցելի խմբերի երիտասարդների ընդգրկվածության մեծացում մասնագիտական կրթության հատվածում:

Նախարարի տեղեկալը նշել է, որ բոլոր թիրախներն ընդգրկված են բյուջետային ծախսային 8 ծրագրերում՝ նախնական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթություն, բարձրագույն եւ հետբուհական կրթություն, հանրակրթություն, արտադպրոցական դաստիարակություն, ապահով դպրոց, կրթության որակի ապահովում, համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդնում, կրթության ոլորտում միջազգային եւ սփյուռքի հետ համագործակցության զարգացում:

ՆՄՄԿ համակարգում նախատեսվում է, որ տվյալ տարում ընդունված սովորողների թիվը մասնագիտական կրթության նախնական (արհեստագործական), միջին եւ բարձրագույն մասնագիտական համակարգում տվյալ տարում ընդունված սովորողների ընդհանուր թվում 43.4%-ից հասցնել 46%-ի, տվյալ տարում ընդունված սովորողների թիվը հիմնական եւ միջնակարգ դպրոցների շրջանավարտների թվում 24.75%-ից հասցնել 27%-ի, ուսումնառության ավարտից հետո 6 ամսվա ընթացքում մասնագիտությամբ զբաղվածություն ունեցող շրջանավարտների թիվը 38.3%-ից հասցնել 41.0%-ի, ՆՄՄ ուսումնական հաստատությունների ուսումնառությունը բուհերում շարունակած շրջանավարտների թիվը 17%-ից հասցնել 19%-ի:

Բարձրագույն եւ հետբուհական կրթության ոլորտում նախատեսվում է, որ ուսման վարձավճարի լրիվ փոխհատուցմամբ սովորող ուսանողների տեսակարար կշիռը բարձրագույն կրթություն ստացողների մեջ 2022 թվականին 18%-ից հասցնել 24 %-ի, սոցիալապես անապահովության սահմանային միավորից բարձր միավոր ունեցող ուսանողների տեսակարար կշիռն ընդհանուր ուսանողների թվաքանակի մեջ 2022 թվականին 4.1-%-ից հասցնել 5.0 %-ի:

Հանրակրթությունում նախատեսվում է, որ տարրական դասարաններում եւ նախակրթարաններում աշակերտներին սնունդ ապահովող դպրոցների թիվը 2023 թվականին հասցնել 100%-ի, բարելավված /աղետներին դիմագրավելու եւ սեյսմակայունության տեսանկյունից/ միջավայրով ուսումնական հաստատությունների թիվը 2022 թվականին հասցնել 54-ի, ինչպես նաեւ բոլոր դպրոցներում ապահովել համացանցի հասանելիությունը: Հանրակրթությունում՝ որպես գերակա խմբեր, նախանշվել են՝ ուսուցիչների աշխատավարձի քաղաքականության ուղենիշ, ուսուցիչների մասնագիտական ստանդարտներ, մասնագիտական աճ եւ բովանդակային արդիականացում:

Արտադպրոցական կրթության ոլորտում նախատեսվում է, որ միջնաժամկետ կտրվածքում արտադպրոցական դաստիարակության ծրագրերում 6-18 տարեկանների ընդգրկվածության մակարդակը 5-ից հասցնել 10%-ի, որից 5%-ը՝ գյուղական բնակավայրերից:

ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արեւիկ Անափիոսյանը եւ Լուսինե Առաքելյանը, ինչպես նաեւ նախարարության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները մանրամասն պատասխանել են Հանրային խորհրդի Կրթության եւ գիտության հանձնաժողովի անդամների հարցերին:

Քննարկման ընթացքում Հանրային խորհրդի անդամները հանդես են եկել ելույթներով եւ առաջարկներով: Մասնավորապես, Հանրային խորհրդի գիտության, կրթության հարցերի հանձնաժողովի նախագահ Աիդա Թոփուզյանն ընդգծել է, որ միջնաժամկետ ծախսային ծրագրում շեշտադրումները ճիշտ են արված եւ այդ համատեքստում կարեւորել է բոլոր աշակերտների համար մեկնարկային հավասար պայմանների ապահովման եւ դպրոցները որպես համայնքային կրթամշակութային կենտրոններ դիտարկելու միտումը:

Հանրային խորհրդի անդամները ներկայացրել են իրենց դիտարկումները քաղաքացիական կրթության, հասարակագիտական առարկաների ընդլայնման, քաղաքացու նոր կերպարի ձեւավորման, բարձրագույն կրթության զարգացման եւ այլ հարցերի վերաբերյալ:

Տպել
Ամենաշատ