News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանն այսօր՝ հունիսի 19–ին վճռել է արդարացնել և անմեղ ճանաչել պարտադիր ծամկետային զինծառայող, շարքային Շավարշ Գալստյանի ինքնասպանության գործով ամբաստանյալ Արմեն Բարսեղյանին։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց Բարսեղյանի պաշտպան Աստղիկ Պապիկյանը։

Շավարշ Գալստյանի դին՝ ծնոտի շրջանում հրազենային վնասվածքով հայտնաբերվել էր 2017թ. հունվարի 25-ին Տավուշի մարզի՝ ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքում։

Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը)։

Քրեական գործով պարզվել էր, որ նա ինքնասպան է եղել այն բանից հետո, երբ ծառայակիցներից մեկը պարբերաբար շահագործել է նրան: Նախաքննության ընթացքում մեղադրանք է առաջադրվել Գալստյանի ծառայակցին՝ Արմեն Բարսեղյանին ՀՀ ՔՕ 359–րդ հոդվածի 3–րդ մասի հատկանիշներով (Զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը, որն արտահայտվել է ծաղրուծանակի ենթարկելով կամ հալածելով կամ ծեծելով կամ այլ բռնի գործողություններ կատարեվ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ)

Նրա նկատմամբ, որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։

Համաձայն մեղադրանքի՝ Բարսեղյանը 2017թ հունվարի 13-ից 27-ը, որպես դիտորդ մարտական հերթապահության ընդգրկված լինելով թիվ N մարտական հենակետում, ստորադասության հարաբերությունների բացակայության պայմաններում խախտել է զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները, հալածել է պարտադիր ծամկետային զինծառայող շարքային Շավարշ Գալստյանին, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:

Դատարանի այսօրվա վճռի հետ համաձայն չէ տուժող կողմը, որը պատրաստվում է բողոքարկել առաջին ատյանի դատարանի վճիռը։

NEWS.am–ի հետ զրույցում մահացած զինծառայողի մայրը՝ գործով տուժող Կարինե Ղահրամանյանն ասաց, որ իր համար անսպասելի էր դատարանի վճիռը և մինչ այս պահը դեռ ուշքի չի գալիս կատարվածից։

«Գործի վեց հատոր նյութերում մանրամասն փաստեր են ներկայացված, թե ինչեր է արել այդ տղան։ Ես չեմ հավատում, որ իմ որդին ինքնասպանություն է գործել, իրականում կատարվածը սպանություն է, ուղղակի դրեցին, խեղկատակություն անելով արդարացրին։ Իրեն 5-8 տարի ազատազրկում էր սպառնում, բայց բանից պարզվեց կես ժամ էլ պատիժ չկրեց»,–ասաց նա։

Տիկին Կարինեն նշեց, որ գործի քննության ողջ ընթացքում ամբաստանյալն ու նրա հարազատները չեն էլ փորձել իրենց հետ կապ հաստատել կամ ցավակցել։

«Ամբաստանյալը ողջ դատավարության ընթացքում ծիծաղում էր դատախազի ասածների վրա,  մոտը անհանգստություն չկար, երևի գիտեր, որ չի նստելու։ Դատավորին ասում էիք՝ ձեզ դու՞ր է գալիս, որ նա զոհված զինծառայողի դատին ծիծաղում է, ոչ մի բան չէր ասում»,–հուզված հայտարարեց մայրը։

Ի դեպ՝ Շավարշ Գալստյանը ընտանիքի միակ զավակն էր, նրա հայրը մահացել է տարիներ առաջ։ Գալստյանը մահացել է զորացրվելուց հինգ ամիս առաջ։

NEWS.am–ի հետ զրույցում Աստղիկ Պապիկյանը նշեց, որ իր պաշտպանյալին մեղադրանք է առաջադրվել բացառապես ինքնախոստովանական ցուցմունքի հիման վրա, որոնք չեն հիմնավորվել այլ ապացույցներով։ Նրա խոսքով՝ ողջ դատաքննության ընթացքում ձեռք չեն բերվել ապացույցներ, որոնք կհաստատեին նրա առնչությունը դեպքին։ 

«Դատաքննության ընթացքում  թե ես և թե  Արմեն Բարսեղյան  ցավակացություն ենք հայտնել տուժողի հարազատներին, անգամ իմ պաշտպանյալը ցուցմունք է տվել և ասել,  թե ինչու դիրքից իջավ կրակայրիչ վերցնելու, եթե չիջներ՝ գուցե կանխեր Շավարշի քայլը։ Ցավում եմ, որ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը, որպես մասնագետ չմիացավ պաշտպանական կողմին, որպեսզի միասին վերհանենք իրականությունը և պարզվեր թե ում գործողությունների արդյունքում է տղան նման քայլի դիմել»,–ասաց  հավելելով, որ դատարանն ի վերջո գնահատեց ապացույցներն ու գործի համար արդարացի լուծում տրվեց։

Տպել
Ամենաշատ