News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հոկտեմբեր 23
USD
475.96
EUR
530.36
RUB
7.48
ME-USD
0.07
Տեսնել լրահոսը


ԱԱԾ շենքի մոտ այս պահին հավաքված են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները։ Նրանց միացել են նաև «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման մասնակիցները, որոնք դադարեցրել են Մատենադարանի դիմաց անցկացվող ակցիան՝ Սահմանադրական դատարանի շուրջ ծավալվող իրադարձությունների առնչությամբ, միացել Քոչարյանի աջակիցներին և երթով գնացել ԱԱԾ։ Տեղեկություններ կան, որ քիչ անց ԱԱԾ է գալու Ռոբերտ Քոչարյանը, որին կալանավորելու որոշում է այսօր կայացրել Վերաքննիչ դատարանը։

«ՎԵՏՕ» շարժման հիմնադիր Նարեկ Մալյանը նշեց, որ երեկվանից տեսնում է, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները՝ թողած դատական պրոցեսները և կարևորելով Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցող ապօրինությունների դեմն առնելու գործընթացը, գալիս են իրենց կոչով և միանում իրենց. «Այդ պատճառով ՎԵՏՕ քաղաքական շարժման անունից ես այս պահին դադարեցնում եմ շտապ հանրահավաքը և որպես քաղաքացի միանում Նարեկ Մանթաշյանին, ով Քոչարյանի աջակիցներից է»:

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների բողոքները քննող Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը որոշում կայացրեց դատախազների, տուժողների և նրանց իրավահաջորդների ներկայացուցիչների վերաքննիչ երկու բողոքներն էլ բավարարել, բեկանել առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի մայիսի 18–ի և մայիսի 20–ի որոշումները, Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված անձնական երաշխավորությունը վերացնել և նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը։ Դատարանը միևնույն ժամանակ որոշում կայացրեց Ռոբերտ Քոչարյանի գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու մասին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին դատարանի մայիսի 20–ի որոշումը բեկանել, գործն ուղարկել նույն դատարան նոր քննության։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել