News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հուլիսի 12-ին խորհրդարանում հրավիրված քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել ճանապարհային երթեւեկության առկա իրավիճակին, խնդիրներին եւ դրանց հնարավոր լուծումներին:

Այս առնչությամբ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանը Facebook-ի իր էջում գրել է.

«Հայաստանի ԱԺ-ում հյուրանընկալել էինք ճանապարհային երթեւեկության խնդիրներով զբաղվող մի խումբ ակտիվ քաղաքացիների, որոնք հիմնականում ներկայացնում են Մի արեք «ԱՅՍՊԵՍ» ֆեյսբուքյան հայտնի խումբը:

Մոտ 2.5 ժամ տեւած բովանդակային քննարկման ընթացքում անդրադարձել ենք ճանապարհային անվտանգության մի շարք կարեւոր ուղղությունների, փորձել ենք ախտորոշել առավել հրատապ խնդիրները եւ ցուցակագրել դրանց լուծումները ինչպես կարճաժամկետ, այնպես էլ միջնաժամկետ եւ երկարաժամկետ կտրվածքով:

Նախատեսում եմ գործընկերներիս հետ աշխատել հնչած հետաքրքիր առաջարկները որոշակի համակարգված տեսքի բերելու եւ գործադիրի մեր գործընկերների հետ քննարկելու ուղղությամբ:

Վերջում պայմանավորվածություն ձեռք բերեցինք այս հանդիպումները պարբերական դարձնելու եւ համատեղ աշխատելու վերաբերյալ»:

ԱԺ-ից հայտնում են, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Էդգար Առաքելյանը նշել է, որ օրեցօր ավելանում են ճանապարհատրանսպորտային պատահարները եւ խնդիր է օր առաջ գտնել դրանց լուծման արդյունավետ տարբերակները, օրենսդրական շտկում պահանջող կարգավորումները: Պատգամավորը կարեւորել է քաղաքային ոստիկանության ստեղծումը, շրջիկ տեսուչների գործունեությունը:

Ըստ ԱԺ պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի՝ պարբերաբար աճող ճանապարհատրանսպորտային պատահարները պայմանավորված են թե՛ կարգազանց վարորդներով, թե՛ օրինախախտ հետիոտներով եւ թե՛ Հայաստան ներկրվող մեքենաների շեշտակի աճով: Նշվել է, որ վերջին ամիսներին մշակվում է փաթեթ, որով նախատեսվում է բալային համակարգի ներդնում, երթեւեկության կանոնների խախտման դեպքում ոչ միայն տուգանքներ են սահմանվելու, այլ նաեւ բալեր կորցնելու հետեւանքով վարորդը կարող է զրկվել անգամ վարորդական իրավունքից:

Հանրային հատվածի ներկայացուցիչներն իրենց ելույթներում անդրադարձել են մի շարք խնդիրների, հանդես եկել դրանց լուծման առաջարկներով: Երկարաժամկետ ծրագրում առաջարկվել է ներդնել զրոյական մահացության հայեցակարգ, միջնաժամկետում՝ բալային համակարգ, քաղաքային ոստիկանություն, ճանապարհային երթեւեկության նկատմամբ հանրային վերահսկողությունը երաշխավորող մեխանիզմներ, կարճաժամկետ պլանում կարեւորվել է ոստիկանության ծառայողներին խրախուսելը, աշխատավարձերի բարձրացումը: Անդրադարձ է կատարվել ճանապարհատրանսպորտային պատահարների եւ դրանց հետեւանքով զոհերի մտահոգիչ վիճակագրությանը, օրինազանց հետիոտներին եւս պատասխանատվության ենթարկելու խնդրին:

Ճանապարհատրանսպորտային դեպքերի կանխարգելման հարցում ընդգծվել է ճանապարհների բարեկարգման անհրաժեշտությունը: Կարգազանց վարորդներին պատասխանատվության ենթարկելու հարցում որպես պատժի տեսակ քննարկվել է հանրային աշխատանքների իրականացման հարցը:

Տպել
Ամենաշատ