News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա կալանք դնելու եւ խուզարկության ընթացքում առանձին իրերի առգրավելու վերաբերյալ դատարանի որոշման դեմ դատախազության բողոքն ակնհայտորեն անհիմն է, եւ ամոթալի է նման բողոք ներկայացնել դատարան։ Այս մասին, այսօր՝ հուլիսի 19-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը:

Դիտարկմանը, որ առաջին ատյանի դատարանում Քոչարյանը չէր մասնակցում գույքի վրա արգելանք դնելու նիստերին, ինչպե՞ս ստացվեց, որ այսօր ցանկություն հայտնեց մասնակցելու, պաշտպանը պատասխանեց. «Բոլոր այն դատական պրոցեսները, որոնք սկսվել են մինչեւ հիմնական գործը, դատաքննության նշանակվելը, պարոն Քոչարյանը չէր մասնակցում, որովհետեւ դրանք բազմաթիվ էին եւ դեռեւս հստակ չէր, որ այդ գործերը չեն հետաձգվելու։ Մենք խնդրում ենք դատարաններին պարոն Քոչարյանի մասնակցությունն ապահովել այն գործերին, որոնք որ հետաձգման պատճառներ չկան:

Օրինակ այս նույն գործը Առաջին ատյանի դատարանում երբ քննվում էր, սկսել է քննվել նաեւ նախորդ տարվա հոկտեմբերից եւ ի վերջո այդ դատական ակտը կայացվել է արդեն մայիսին: Այս դեպքում մեզ համար ակնհայտ էր որ չպետք է որեւիցե խոչընդոտ լինի գործի քննությանը շարունակելու համար, սակայն, ինչպես տեսանք, Դատախազությունն այդ խոչընդոտը կրկին առաջացրեց»:

Հարցին, թե առաջին ատյանի դատարանում ինչպե՞ս եք պատկերացնում գործի քննության շարունակությունն այն պարագայում երբ դատավորն արձակուրդում է եւ աշխատասենյակն էլ կնիքված է, Խուդոյանը նշեց. «Առաջին ատյանի դատարանի դատավորը եթե չեմ սխալվում արձակուրդ է գնացել հուլիսի 9-ին, Վերաքննիչ դատարանի որոշումը կայացվել է հունիսի 25-ին եւ հունիսի 26-ից սկսած առաջին ատյանի դատարանը պետք է իրականացներ գործողություններ, որը չի իրականացրել շուրջ 14 օր։ Մենք ամսի 26-ին եւ 27-ին ներկայացրել ենք մի շարք միջնորդություններ խափանման միջոցի վերաբերյալ, որոնք ենթակա են եղել անհապաղ քննության։ Պարոն Գրիգորյանի կողմից պատճառաբանել են, որ չեն կարողանում միջնորդությունները քննել, որովհետեւ Վերաքննիչ դատարանը, թեեւ ենթադրում է, բայց նյութերն իրենց չի ուղարկել:

Այսինքն այդ պրոցեսը ձգձվել է հենց պարոն Դանիելյանի գործողությունների արդյունքում, այնուհետեւ գնացել է արձակուրդ, սա եւս մեկ իրավական խոչընդոտ է, բայց ուզում եմ բոլորիդ պարզաբանել, որ որեւէ տեխնիկական, ընթացակարգային, դատավարական, աշխատանքային իրավահարաբերություն չի կարող խոչընդոտ հանդիսանալ անձի հիմնարար իրավունքի ապահովման համար դատական քննություն նշանակելու»:

Հիշեցնենք, որ գույքի վրա արգելանքը դրվել է Ռոբերտ Քոչարյանին սահմանադրական կարգը տապալելու հոդվածով մեղադրանք առաջադրելուց մի քանի օր անց՝ 2018 թվականի հուլիսի 30-ին՝ ՀՔԾ քննիչի որոշմամբ: Քոչարյանի պաշտպաններն այս որոշումը բողոքարկել են դատախազին, բողոքը մերժվել է, որից հետո նրանք դիմել են դատարան: Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքը վերացնելու պաշտպանի միջնորդությունը դատավոր Աննա Դանիբեկյանի որոշմամբ մասնակի բավարարվել է հունիսի 6-ին: Դատարանն արձանագրել էր, որ քննիչի եւ դատախազի գործողություններով Ռոբերտ Քոչարյանի իրավունքները խախտվել են, խոսքը կոնկրետ վերաբերում է գույքի վրա կալանք դնելուն եւ խուզարկության ընթացքում առանձին իրերի առգրավելուն:

Դրանից հետո դատախազությունն է բողոք ներկայացրել դատարանի այդ որոշման դեմ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ