
Սիրիական բանակը ունի ներուժ եւ հնարավորություն Սիրիայում, մասնավորապես Իդլիբում հարձակում սկսելու, սակայն Սիրիայի իշխանությունները ցանկանում են խուսափել խաղաղ բնակչության շրջանում զոհերից: Հուլիսի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց Գիտությունների ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:
Նրա խոսքով, սիրիական բանակը պատրաստվում է սահմանափակ գործողություններ իրականացնել եւ դանդաղ առաջ շարժվել՝ վերահսկելով իրավիճակը:
«Թուրքիան նպաստում է Սիրայում իրավիճակի սրմանը, քանի որ թուրքամետ ավազակային կազմավորումների աջակցության դեպքում թուրքական զորքերը, փաստացի, օկուպացրել են Թուրքիայի հետ սահմանամերձ հյուսիսային շրջանները՝ դա արդարացնելով քրդական արմատականների հետ պայքարով», - ընդգծեց փորձագետը:
Ընդ որում նա կարծիք հայտմեց, որ Թուրքիայի ներուժն ընդհանուր առմամբ նվազել է, քանի որ դա այն երկիրը չէ, որը կարող է իրեն թույլ տալ մի քանի ճակատնեում խաղալ, ինչպիսին Սիրիան է, Իրաքը, ամբողջ Մերձավոր Արեւելքը եւ Աֆրիկան:
«Անկարայի տվյալ արկածային խաղը կհանգեցնի նրա ուժերի փոշիացմանը», - վստահեցրեց արեւալագետը՝ հավելելով, որ Էրդողանը եւ նրա կուսակցությունը պարտություն են կրել վերջին տեղական ընտրություններում:
Իր հերթին, ԱՄՆ-ն, Ֆրանսիան եւ Բրիտանիան, ինչպես նշեց Սաֆրաստյանը, իրենց ռազմական փորձագետների աջակցությամբ վերահսկում են տարածքները, որտեղ առկա են նավթային հանքավայրեր: Նավթը կարեւոր դեր է խաղում Արեւմուտքի զարգացման եւ նրա շահերի խթանման գործում:
Միեւնույն ժամանակ, ըստ արեւելագետի, Չինաստանը նույնպես որոշել է միանալ Մերձավոր Արեւելքում խաղին եւ նույնիսկ հայտարարել է Սիրիայի դաշնակից Իրանին իր աջակցության մասին: Միեւնույն ժամանակ, Ռուբեն Սաֆրաստյանը կարծում է, որ Իրանի հետ հակամարտության ակտիվ փուլի մեկնարկի դեպքում Ռուսաստանը եւ Չինաստանը անմիջականորեն չեն միջամտելու, սակայն ամեն կերպ կօգնեն Թեհրանին: