News
Լրահոս
News
Կիրակի
Հոկտեմբեր 20
USD
476.34
EUR
530.17
RUB
7.45
ME-USD
0.07
Տեսնել լրահոսը

Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր` հուլիսի 22-ին, այցելել է Դիլիջանի քաղաքապետարան, հանդիպել  մարզպետ Հայկ Չոբանյանի և քաղաքապետ Արմեն Սանթրոսյանի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից:

Նախագահը տեղեկացրել է, որ ֆրանսիական Շամոնի քաղաքը, որտեղ ավանդաբար անցկացվում է «Մտքերի գագաթնաժողով» հեղինակավոր համաժողովը, ցանկություն է հայտնել բարեկամական ավելի խորը հարաբերություններ հաստատել Դիլիջանի հետ:

«Ընդամենը օրեր առաջ լուր ստացա, որ Շամոնիի քաղաքապետարանը ցանկանում է բարեկամական հարաբերություններ ստեղծել Դիլիջանի հետ: Առաջին քայլն, իհարկե, արվեց, երբ աշխարհում հայտնի համաժողովը՝ «Մտքերի գագաթնաժողով»-ը, որն ամեն տարի անցկացվում է Շամոնիում, հիմա ունի իր քույր համաժողովը, որն ամեն տարի անցկացվելու է Դիլիջանում: Համաժողովի հիմնադիրները համաձայնեցին բրենդը տալ մեզ և համագործակցել մեզ հետ: Գագաթնաժողովն ամեն տարի Շամոնիում աշնանն է լինելու, իսկ մենք որոշեցինք Հայաստանում անել գարնան վերջին կամ ամռան սկզբին,-ասել է նախագահը՝ ավելացնելով. -Հիմա ավելի լավ լուր ունեմ ձեզ հաղորդելու՝ քաղաքային խորհուրդը որոշել է ավելի խորացնել համագործակցությունը Դիլիջանի հետ: Շամոնին հետաքրքիր քաղաք է, դասական օրինակ, թե ինչպես կարող է փոքր քաղաքը մեծ հաջողություն ունենալ»:

Նա նշել է, որ Շամոնին, լինելով Դիլիջանից փոքր, ունենալով ընդամենը 10 հազար բնակչություն, տարեկան 5 մլն զբոսաշրջիիկ է ընդունում՝ սկսած դահուկային սպորտից մինչև մշակութային ու համաժողովային այցելություններ: «Այն գրեթե նույնքան գեղեցիկ է, որքան Դիլիջանը: Քաղաքը հետաքրքիր է, քանի որ գտնվում է 1000-4000 մ բարձրության վրա: Հին քաղաք է, Դիլիջանի նման: Կա առաջարկություն, որ Դիլիջանի ներկայացուցիչները մոտ ժամանակներս այցելեն Շամոնի և քննարկեն համագործակցության ուղղությունները: Այնպես որ, շնորհավորում եմ, հաջողություն եմ մաղթում և ծրագիրը փոխանցում եմ ձեզ: Սրանից հետո էլ կշարունակեմ աջակցել ձեզ: Հույս ունեմ, որ այս համագործակցությունը կծառայի և՛ մարզին, և՛ քաղաքին, և՛ Հայաստանին: Եթե փոքրիկ Շամոնին կարող է 5 մլն զբոսաշրջիկ ընդունել, ինչո՞ւ Դիլիջանը չի կարող գոնե 1 մլն ընդունել»:

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը շնորհակալություն է հայտնել նախագահին նման նախաձեռնության համար:

 «Շնորհակալություն այս նվերի համար, քանի որ մենք դիրքավորում ենք Դիլիջանը որպես ինտելեկտուալ, որակյալ կյանքի և զբոսաշրջության քաղաք, որտեղ հիմնական թեմաները պետք է լինեն կրթությունը, մշակույթը, գիտությունը, նորարարությունը: Այն, ինչ ասացիք, կարծում եմ, քույր քաղաքների զարգացման տեսանկյունից շատ կարևոր հանգրվան կլինի Դիլիջանի համար: Սա նաև շատ լավ նորություն է մեր բնակիչների համար»,-ասել է մարզպետը:

Քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը նշել է, որ Դիլիջանը քույր քաղաքների ձևաչափով համագործակցության մեծ փորձ ունի: «Մենք ունենք նմանատիպ փորձ մի քանի քաղաքների հետ, բայց նման ձևով, որ երկրի նախագահն իր միջնորդությամբ իրականացնի, չի եղել, ինչն ավելի է պարտավորեցնում մեզ՝ ավելի լուրջ մոտենալ և հասնել լուրջ արդյունքների»,-ասել է քաղաքապետը:

Նախագահ Սարգսյանը ողջունել է մարզային և քաղաքային իշխանությունների քայլերը, որոնք ուղղված են Դիլիջանի՝ որպես մշակութային և զբոսաշրջային քաղաքի նախկին համբավը վերականգնելուն: «Դիլիջանը միշտ եղել է հին, գեղեցիկ, ավանդույթներ ունեցող քաղաք, որը, փոքր լինելով, ունեցել է քաղաքային մշակույթ: Կարծում եմ՝ բոլորիս համար շատ էական է մարզի և քաղաքների զարգացման հստակ տեսլականի ու ռազմավարության ձևակերպումը, հակառակ դեպքում նույնիսկ լավագույն գաղափարները կարող են հաջողության չբերել, ձախողել, եթե դա կազմակերպված չանենք, ըստ որոշակի ծրագրի՝ հստակ իմանալով, թե ուր ենք գնում»,-ասել է նախագահը՝ ավելացնելով, որ Դիլիջանը մշակութային, ինտելեկտուալ, զբոսաշրջային քաղաք պետք է լինի: «Ուրախ կլինեմ, եթե իմ ներդրումն էլ բերեմ այդ տեսլականի, ծրագրի ձևավորմանն ու իրականացմանը»,-ընդգծել է նախագահը:

Նա վստահություն է հայտնել, որ Շամոնի քաղաքի հետ համագործակցությունը արդյունավետ կլինի: Ֆրանսիական կողմն արդեն իսկ պատրաստակամություն է հայտնել առաջիկայում հյուրընկալել հայ գործընկերների պատվիրակությանը:

«Ես քաջալերում եմ, որ դա անեք հնարավորինս շուտ, որպեսզի այս համագործակցությունը շատ արագ միս և արյուն ստանա»,-ավելացրել է նախագահ Սարգսյանը:

Նա նշել է, որ մոտ ժամանակներս կրկին նախատեսում է այցելել մարզ. «Ինձ համար սա մեծ հաճույք է, քանի որ ես կրկին հայտնաբերում եմ Հայաստանն ինձ համար: Հայաստանի տարբեր շրջաններ այցելություններն ինձ հսկայական եռանդ ու դրական լիցքեր են տալիս: Եվ ուզում եմ հորդորել մեր բոլոր հայրենակիցներին անելու նույնը՝ ավելի լավ ճանաչել մեր հայրենիքը»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ