News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 25-ի նիստում միանգամից 5 ընկերությունների մաքսատուրքի արտոնություններ տվեց: Որոշման նախագծերը ներկայացրեց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

Նախ կառավարությունը բավարարեց «Նաիրիան» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը եւ (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու վերաբերյալ:

Նախարարը նշեց, որ ընկերության կողմից ներկրվող ապրանքներն օգտագործվելու են բնական եւ օրգանիկ կոսմետիկ միջոցների արտադրության մեջ: Արտադրամասը գտնվում է Կոտայքի մարզում, ընկերությունը գործում է 2014 թվականից: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 130 մլն դրամի ներդրումներ, ստեղծել 4 նոր աշխատատեղեր՝ 150 հազար դրամ միջին աշխատավարձով: Ներկայումս այս կազմակերպությունում կա 38 աշխատատեղ:

Կառավարությունը մաքսատուրքից արտոնություն տվեց նաեւ «Այ Պլաստ» ընկերությանը: Տիգրան Խաչատրյանի խոսքով, ընկերության կողմից ներկրվող ապրանքներն օգտագործվելու են բժշկական կպչուն սպեղանիների արտադրության մեջ: Արտադրությունը գործելու է Երեւանում, կազմակերպությունը գործունեություն է ծավալում 2013 թվականից: ներկրվող ապրանքների ընդհանուր գումարը կազմելու է շուրջ 130 մլն դրամ, որից մաքսատուրքից ազատման արտոնության գումարը կազմում է 8 մլն դրամ, իսկ պետբյուջեի եկամուտների նվազումը՝ 98 հազար դրամ:

Կազմակերպությունում ներկայումս առկա է 6 աշխատատեղ, նախատեսվում է, որ կստեղծվեն եւս երեքը:

Երրորդը կառավարությունը քննարկեց «Ոսկե Կար» կազմակերպության արտոնության հայտը: Այս կազմակերպությունը գործում է Երեւանում 2010 թվականից, զբաղվում է հագուստի արտադրությամբ: Այս ծրագրի շրջանակում նախատեսում է իրականացնել մոտ 2 մլրդ դրամի ներդրումներ: Ներկայումս կազմակերպությունում աշխատում է 151 աշխատակից, նախատեսվում է ստեղծել եւս 60 նոր աշխատատեղ՝ 110 դրամ միջին աշխատավարձով: Այս ծրագրով արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 3,75 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման ընդհանուր գումարը կազմում է 158 մլն դրամ, որից պետբյուջեի եկամուտների նվազումը՝ 1,9 մլն դրամ:

Կառավարությունն արտոնություն տվեց նաեւ «Արտ լոբալ» ՍՊԸ-ին: Այն գործում է Երեւանում, զբաղվում է թղթե եւ ստվարաթղթե ապրանքների արտադրությամբ՝ բաժակներ, ափսեներ եւ այլն: Ընկերությունը գործում է 2015 թվականից, նախատեսում է իրականացնել 250 մլն դրամի ներդրում, ստեղծել 20 նոր աշխատատեղ՝ 150 հազար դրամ միջին աշխատավարձով: Այս ծրագրով նախատեսվում է արտադրել մեկ մլրդ դրամի արտադրանք: Մաքսատուրքից ազատման գումարը կազմում է 12,3 մլն դրամ, որից պետբյուջեի եկամուտների նվազումը՝ 150 հազար դրամ:

Եվ վերջապես, 5-րդ ընկերությունը, որ մաքսատուրքի արտոնություն ստացավ «Ին-Վի» ընկերությունն է: Ընկերությունը զբաղվում է մալուխների եւ հաղորդալարերի արտադրութամբ: Արտադրությունը կազմակերպվելու է Երեւանում: Արտոնություն ստանալու համար ապրանքների արժեքը կազմում է 1 մլրդ 80 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման գումարը 70 մլն դրամ է, որից պետբյուջեի եկամուտների նվազումը՝ 856 հազար դրամ:

Ծրագրով ապրանքների ծվալը կկազմի 5 մլրդ դրամ:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ