News
Լրահոս
News
Երեքշաբթի
Սեպտեմբեր 17
USD
476.16
EUR
526.54
RUB
7.43
ME-USD
0.1
Տեսնել լրահոսը

Չինաստանն արդեն ունակ է մարտահրավեր նետել ԱՄՆ-ին բազմաթիվ ռազմական ոլորտներում: Այդպիսի եզրահանգման է եկել Ավստրալիայում Սիդնեյի համալսարանին կից ԱՄՆ-ի ուսումնասիրությունների կենտրոնը: Հետազոտության հեղինակները նախազգուշացնում են, որ ամերիկյան պաշտպանական ռազմավարությունն Ասիական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում գտնվում է աննախադեպ ճգնաժամում, եւ, հնարավոր է, Վաշինգտոնը կդժվարանա պաշտպանել իր դաշնակիցներին Չինաստանից, հաղորդում է BBC-ը:

«Ամերիկան այլեւս չունի երբեմնի ռազմական գերազանցությունը Ասիական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում,-ասվում է զեկույցում:-Եվ ուժերի ընդունելի հավասարակշռություն ապահովելու նրա ունակությունը դարձել է ավելի ու ավելի կասկածելի»:

Զեկույցում հատուկ ուշադրության է արժանացել հրթիռների արտասովոր արսենալը, որոնք իրենց տեղն ունեն Չինաստանի սպառազինության մեջ եւ սպառնում են ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների առանցքային ռազմաբազաներին: Զեկույցի հեղինակների կարծիքով՝ այդ ռազմական կառույցները կարող են շարքից դուրս գալ հակամարտության առաջին ժամերի ընթացքում բարձր ճշգրտության հարվածների հետեւանքով:

Ի տարբերություն ԱՄՆ-ին՝ Չինաստանը համաշխարհային գերտերություն չէ ռազմական առումով: Ավելին, քիչ հավանական է, որ այդ երկրի ռազմական հավակնություններն առհասարակ այդքան ընդլայնվեն (չնայած դա էլ կարող է փոխվել, քանի որ Չինաստանն ի վերջո դանդաղ տեմպերով ընդլայնում է նավահանգիստների եւ ռազմաբազաների ցանցն արտերկրում):

Ներկայումս Չինաստանի համաշխարհային ազդեցությունը մեծամասամբ կախված է դրա տնտեսական հզորությունից: Պեկինը չունի դեպի իր հավատքը մյուսներին ուղղելու ցանկությունը, որի պատճառով ԱՄՆ-ն ամբողջ 20-րդ դարի ընթացքում ձգտում էին համաշխարհային իշխանության:

Չինաստանը նաեւ զիջում է ԱՄՆ-ին փափուկ ուժի ոլորտում: Նա չի  կարող առաջարկել աշխարհին ո′չ ջինսեր, ո′չ Հոլիվուդ, ո′չ բուրգերներ, որոնք կօգնեին նրան առաջ տանել չինական արժեքներն ուրիշ երկրներում:

Միեւնույն ժամանակ բազմաթիվ փաստերը ցույց են տալիս, որ ԱՄՆ-ի ընդհանուր ռազմական պոտենցիալը դեռեւս էապես գերազանցում է Չինաստանի պոտենցիալը: Վաշինգտոնի (ինչպես նաեւ Մոսկվայի) միջուկային արսենալը զգալի չափով ավելի մեծ է, քան Չինաստանի արսենալը:

Ռազմական լեզվով ասած՝ ընտրելով սահմանափակման եւ հասանելիության արգելման ճանապարհը՝ Չինաստանը կենտրոնացրել է իր ջանքերը սենսորների եւ սպառազինության լայն շրջանակի ստեղծման ուղղությամբ, որոնք, ինչպես հույս ունի Չինաստանը, կստիպեն ԱՄՆ-ին գործել չինական ափերից հնարավորինս մեծ հեռավորության վրա:

«Ներխուժմանը հակազդող չինական համակարգերը չեղարկել են ԱՄՆ-ի՝ Ասիական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում պրոյեկտելու ունակությունը: Այդ առնչությամբ մեծանում է Չինաստանի կողմից հաղթանակ գրանցելու համար սահմանափակող ուժերը կիրառելու վտանգը նախքան Ամերիկայի պատասխանը, եւ այդկերպ անվտանգության երաշխիքների հանդեպ վստահությունը թուլացնելու հավանականությունը, որը ԱՄՆ-ը տալիս է տարածաշրջանում իր դաշնակիցներին»,-համարում են փորձագետները:

Զինված հակամարտության դեպքում Չինաստանի գլխավոր նպատակը կլինի թույլ չտալ ամերիկացիներին մուտք գործել տարածաշրջան շրջապատող ամենամոտ կղզիների երկայնքով: Խոսքը վերաբերում է Հարավ-Չինական ծովի տարածքին՝ Ճապոնիայի հարավային ափից մինչեւ Ֆիլիպինների արեւմտյան ափը:

Սակայն, բացի դա, Չինաստանը փորձում է հնարավորություն ստանալ սահմանափակելու ամերիկացիների մուտքը ավելի հեռավոր շրջաններում՝ արդեն Խաղաղ օվկիանոսում, անգամ Գուամ կղզում ամերիկյան բազան խոցելու ունակ զենքի միջոցով: Այդ ծրագրերը կյանքի կոչելու համար Պեկինին կարող են օգնել ցամաքային բազավորման ինքնաթիռներն ու հրթիռները:  

Բնականաբար, Պենտագոնում այդ ամենին քաջատեղյակ են: Տասնամյակներ տեւած ռազմական գործողություններից հետո, որոնք սահմանափակվում էին ահաբեկիչների եւ ապստամբների դեմ պայքարով, ԱՄՆ-ի զինված ուժերը վերակառուցվում են եւ արդիականացվում գերտերություններին հակազդելու համար: Սառը պատերազմի ժամանակ Վաշինգտոնի հավանական հակառակորդը համարվում էր ԽՍՀՄ-ը, իսկ այժմ՝ ամենահավանականը Չինաստանն է:

Այդուհանդերձ, զեկույցի հեղինակները կասկածում են, որ Վաշինգտոնը բավականաչափ լրջությամբ է վերաբերվում այդ խնդրին:

Զեկույցում ասվում է, որ «սեփական պետության՝ որպես միակ գերտերության մասին ԱՄՆ-ի հնացած պատկերացումը, հավանաբար, կսահամանափակի Վաշինգտոնի ունակությունն Ասիայում հաջողություն գրանցելու ուղղությամբ անհրաժեշտ քայլերն ու զիջումները կատարելու համար»:

ԱՄՆ-ը խնդիրներ չունի նոր զինամթերք ձեռքբերելու եւ դրա մշակումը ֆինանսավորելու համար, սակայն, այնուամենայնիվ, նրանք կանգնած են բարդ խնդրի առջեւ: «Ամերիկան ուժ է, որը բավականաչափ պատրաստ եւ համալրված չէ մեկ ուրիշ գերտերության հետ մրցելու համար»,-ասվում է զեկույցում:

Ի տարբերություն ԱՄՆ-ի՝ Չինաստանը հստակ ձեւակերպել է նպատակները, որոնք ձգտում է իրագործել, եւ մշակել է ռազմավարություն, որը կոչված է օգնել այդ հարցում: Դեռ ավելին, չի բացառվում, որ առաջադրված նպատակն արդեն կյանքի է կոչվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել