News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Սեպտեմբեր 18
USD
476.1
EUR
524.47
RUB
7.42
ME-USD
0.09
Տեսնել լրահոսը


Օգոստոսի 24-ին Ստեփանակերտի օդանավակայանում տեղի ունեցավ «Արցախ Էյրֆեսթ» 3-րդ ամենամյա օդային փառատոնը, որն ուղեկցվեց օդային շոու և համերգային ծրագրերով:

Փառատոնի շրջանակում L-39 ինքնաթիռի օդաչուները ցուցադրեցին ինքնաթիռավարման վարպետություն, ավելի քան 10 պարաշյուտիստներ իրականացրին թռիչք Ми 8 ուղղաթիռից: Շոուն շարունակեցին Էջմիածնի ավիամոդելավորման դպրոցի մարզիչները և ուսանողները՝ վարելով օդային ցուցադրական մարտեր:

Օդային շոուին հաջորդեցին արցախյան CH701 ինքնաթիռով, օդապարիկով և պարապլանով թռիչքները, որոնց հնարավորություն ունեցավ դիտելու գրեթե 100 մասնակից: Փառատոնի երեկոյան ծրագիրը հագեցած էր էթնո-ռոք, բլյուզ և ռոքնռոլ ժանրի երաժշտությամբ:

2018 թվականի համեմատ՝ «Արցախ Էյրֆեսթի» մասնակիցների թիվը այս տարի աճել է 20%-ով՝ այդ թվում նաև գրանցվել է զբոսաշրջիկների 10% աճ:

ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության զբոսաշրջության վարչության պետ Արտակ Գրիգորյանի խոսքով՝ փառատոնը նպաստում է Արցախի դիրքավորմանը՝ որպես արկածային և իրադարձային զբոսաշրջության լավագույն ուղղություններից մեկը:

«Արցախ Էյրֆեսթի» հիմնական նպատակներից է Արցախում փոքր ավիացիայի զարգացումը և դրա ներուժի մասին տեղեկացվածության բարձրացումը:

Արցախի Էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների քաղաքացիայի ավիացիայի բաժնի պետ Սամվել Թավադյանի փոխանցմամբ՝ փառատոնը մեծ դեր է խաղացել Ստեփանակերտի օդանավակայանի մասին իրազեկվածության բարձրացման, ինչպես նաև մասնակի օգտագործման հարցում: Թավադյանը ընդգծեց նաև, որ նման միջոցառումները նպաստում են օդանավակայանի պոտենցիալի լիարժեք ներուժի իրացմանը:

«Արցախ Էյրֆեսթ» ամենամյա օդային փառատոնի կազմակերպիչներն են Արցախի Էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարությունը, մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունը,« Յելլ Էքսթրիմ Պարկը», «Սքայբոլը» և «Սքայ քլաբ Արմենիան»:

Տպել