![](img/news/53/03/34/default.jpg)
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կողմ է արտահայտվել ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի առեւտրային բանակցությունների շուտափույթ մեկնարկին: Երկու կողմերը լրջորեն հետաքրքված են ավելի ակտիվ առեւտրային հարաբերություններով: Բիարիցում՝ G7-ի շրջանակում, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպմանն այս մասին ասել է Մերկելը, հաղորդում է DW-ն:
Իր հերթին Թրամփը ԵՄ-ին մեղադրել է անարդար առեւտրային գործունեությանն աջակցելու մեջ: Եվրամիության հետ առեւտրում ԱՄՆ-ն «տարիների ընթացքում շատ գումար է կորցրել», - դժգոհել է նա:
Սպիտակ տան ղեկավարը եվրոպացիներին անվանել է «անդրդվելի առեւտրականներ», որոնց, նա սակայն, հարգում է, ինչպես չինացիներին: Միեւնույն ժամանակ, ԱՄՆ նախկին նախագահները իրավունք չեն ունեցել իրենց երկրին կորուստներ թույլ տալ, ընդգծել է Թրամփը:
Նա հույս է հայտնել, որ ԱՄՆ-ն կկարողանա ԵՄ-ի հետ «լավ եւ արդար» առեւտրային համաձայնագիր կնքել՝ Ճապոնիայի հետ կնքված պայմանագրի նման: Թրամփը նաեւ նշել է, որ հույս ունի, որ ստիպված չի լինի տուգանքներ կիրառել գերմանական մեքենաների նկատմամբ:
Թրամփը հայտնել է «շատ շուտով» Գերմանիա այցելելու մտադրության մասին: «Իմ մեջ նաեւ գերմանական արյուն է հոսում», - ասել է Ամերիկայի նախագահը, ով Կալշտադտից ներգաղթածների սերնդից է: 2017-ի հունվարին երդման արարողությունից հետո Թրամփը ոչ մի անգամ աշխատանքային այցով չի եղել Գերմանիայում, մինչդեռ արդեն երկու անգամ այցելել է Ֆրանսիա եւ Մեծ Բրիտանիա:
Պաշտոնական Բեռլինը ողջունել է Թրամփի ծրագրերը: ԱՄՆ-ն եւ Գերմանիան այնքան սերտ գործընկերներ են, որ «ամերիկյան նախագահի այցն այստեղ միշտ ցանկալի է», ասել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ուլրիկե Դեմմերը: