News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

Շվեդիայի Թագավորությունը առաջին պետություններից էր, որ արձագանքեց Հայաստանում սկսված դեմոկրատական գործընթացներին։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 26-ին, Շվեդիայի Թագավորության Րիկսդագի նախագահ Անդրեաս Նորլենի հետ համատեղ հայտարարության ժամանակ ասաց ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։

«Պատիվ ունենք հյուրընկալելու Շվեդիայի խորհրդարանի խոսնակի ղեկավարած ներկայացուցչական պատվիրակությանը Հայաստանում։ Կարծում եմ, որ սա Շվեդիայի կողմից որդեգրված դիրքորոշում եւ մոտեցում է մեր երկրում տեղի ունեցած հեղափոխական փոփոխությունների եւ ժողովրդավարական գործընթացների նկատմամբ։  Կարեւոր եմ համարում ասել, որ Շվեդիայի Թագավորությունը առաջին պետություններից էր, որ արձագանքեց Հայաստանում սկսված դեմոկրատական գործընթացներին, եւ տեղի ունեցան մի շարք այցեր ինչպես Շվեդիայից Հայաստան, այնպես էլ Հայաստանից Շվեդիա։ Ես ինքս պարոն խոսնակի հրավերով պաշտոնական այցով հունիսին եղա Շվեդիայում։ Այս բոլոր հանդիպումների արդյունքում Շվեդիայի կառավարությունը, ի վերջո, փոփոխություն կատարեց համապատասխան փաստաթղթում՝ նաեւ հնարավորություն ստեղծելով ընդլայնել Հայաստանին ցուցաբերվող ֆինանսական աջակցությունը»,–նշեց նա։

Արարատ Միրզոյանը շեշտեց նաեւ, որ Շվեդիան մասն էր այն ծրագրի, որով միջազգային գործընկերները աջակցում էին Հայաստանում ընտրական համակարգին. «Այժմ մշակման փուլում է եւ կարծում եմ՝ սեպտեմբերին արդեն մենք կստորագրենք հուշագիր. մեկ այլ մասշտաբային ծրագիր, որի նպատակն է աջակցություն ցուցաբերել եւ ընդլայնել ԱԺ կարողությունները։ Եվ էլի Շվեդիայի Թագավորությունը այս ծրագրի կարեւորագույն  մասնակիցներից մեկն էր։ Ես մեր հանդիպումների ժամանակ նաեւ շնորհակալություն հայտնեցի խոսնակին՝ Շվեդիայի խորհրդարանի կողմից ՀԸԳՀ-ի վավերացման համար»։

ՀՀ ԱԺ նախագահի խոսքով՝ բազմաթիվ են օրինակները նրա, որ Հայաստանի եւ Շվեդիայի եւ, մասնավորապես, 2 երկրների խորհրդարանների միջեւ ակտիվ երկխոսություն է սկսել. «Չափազանցություն չի լինել ասել, որ մեր հարաբերությունները որակապես այլ փուլ են թեւակոխել։ Առաջ անցնելով ասեմ, որ մենք քննարկում ենք ՏՏ, անտառների կառավարման, ջրային ռեսուրսների կառավարման, վերականգնվող էներգետիկայի, ինչպես նաեւ հանքարդյունաբերության, թափոնների կառավարման եւ այլ ուղղություններով լուրջ համագործակցություն սկսելու հնարավորությունները։

Սրանք եւ նաեւ ժողովրդավարական բարեփոխումները, շուկայական տնտեսության զարգացումը ուղղություններ են, որտեղ Շվեդիայի փորձն իսկապես օրինակելի է մեզ համար»։

Շվեդիայի խորհրդարանի խոսնակն իր հերթին շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար։

«Մենք ժամանել ենք շատ մեծ եւ ներկայացուցչական պատվիրակությամբ, որը Շվեդիայի պատմության մեջ տեղի է ունենում ամեն ընտրական ցիկլոնի ընթացքում ընդամենը 1 անգամ՝ 4 տարվա ընթացքում, խորհրդարանի փոխխոսնակներն են ինձ հետ, խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի ղեկավարները։ Մենք ուզում ենք մեր օժանդակությունը հայտնել Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությանը եւ Հայաստանի որդեգրած խորհրդարանական բարեփոխումներին։ Մենք պատրաստ ենք մի քանի ուղղություններով շարունակել սատարել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումներին, ինչպիսիք ժողովրդավարությունն է, օրենքի գերակայությունը, շրջակա միջավայրի պաշտպանությունը, գենդերային հավասարությունը եւ այլն»,–նշեց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ