News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


NEWS.am-ի զրուցակիցն է Արցախի Ազգային ժողովի «Ժողովրդավարություն» խմբակցության պատգամավոր Վարդգես Բաղրյանը:

Պարոն Բաղրյան, խոսակցություններ կան, որ ժողովրդավարական կուսակցությունը Արցախի առաջիկա ընտրություններում առաջադրելու է Աշոտ Ղուլյանի թեկնածությունը։ Կուսակցության ներսում արդեն կա՞ որոշում։

Որոշում որպես այդպիսին դեռ չկա։ Ես առիթ ունեցել եմ մի քանի անգամ պատասխանելու նմանատիպ հարցերի։ Լինելու է համագումար աշնանը, համագումարն է որոշելու։ Եվ, բնականաբար, չի բացառվում և շատ հավանական է, որ մենք առաջադրելու ենք մեր կուսակցության նախագահի թեկնածությունը, բայց կրկնում եմ՝ դեռ վերջնական որոշում չկա․ դա համագումարի լիազորությունն է, և կարծում եմ՝ այստեղ շահարկումներն անտեղի են։ Մի քիչ էլ սպասենք, ժամանակից առաջ չընկնենք։

Ընտրություններին ընդառաջ Արցախում լարվածության աճ են կանխատեսում, ոմանք՝ փողոցային շարժում, ընդհուպ՝ անկարգություններ։ Դուք նման հավանականություն տեսնո՞ւմ եք։

Տեսեք, ես հավատում եմ մեր ժողովրդի իմաստությանը։ Որքան էլ որ տարբեր կարծիքներ լինեն, ես չեմ հավատում, որ արցախցին կարող է ձեռք բարձրացնել արցախցու վրա։ Ամեն ինչ պետք է արվի օրենքի սահմաններում։ Մենք ունենք սահմանադրություն, եւ որևէ մեկը չի կարող շեղվել սահմանադրության տրամաբանությունից։ Այստեղ խոսքն անձերի մասին չէ, խոսքը երևույթի մասին է: Եվ սահմանադրությունը որեւէ մեկի համար բացառություն անել չի կարող։ Մենք իրավական պետություն ենք կառուցում եւ բոլորը հավասարապես պատասխանատու են օրենքի առջեւ: Հիմա, եթե մենք կոնկրետ խոսում ենք այդ փոփոխությունների մասին մասին՝ կապված 48-րդ հոդվածի հետ: Մենք ինչպե՞ս ենք պատկերացնում՝ Հայաստանի քաղաքացին իրավունք ունի մասնակցելու Արցախում թե՛ խորհրդարանական, թե՛ նախագահական ընտրությունների՞ն։ Սա խախտում է ոչ միայն Արցախի Սահմանադրությունը, այլեւ հենց Հայաստնի Հանրապետության Սահմանադրությանն է հակասում։ Լավ, այդ դեպքում ես նույնպե՞ս իրավունք ունեմ Հայաստանում մասնակցելու խորհրդարանական ընտրություններին։ Եվ եւս մի կարևոր հանգամանք. եթե մարդը ընտրվելու իրավունք ունի, նա ավելի շուտ ունի ընտրելու իրավունք։ Այսինքն, դուք ընտրելու իրավունք չունեք, բայց ընտրվելու իրավունք ունե՞ք Արցախում։ Հասկանում եք՝ նոնսենսի նման բան է ստացվում։ Եւ կարծում եմ՝ այդ առաջարկությունը նաև քաղաքական առումով շահավետ չէ Արցախի համար։ Սա կարող է մեր չարակամների, մեր հակառակորդների կողմից դարձյալ շահարկման առարկա դառնալ և փորձեն ինչ- ինչ բաներում մեզ մեղադրել։ Եւ ելնելով այս ամենից՝ կարծում եմ, որ, այնուամենայնիվ, մարդիկ այնքան խոհեմ եւ խելացի կլինեն, որ չեն դիմի որեւէ անկարգությունների, ամեն ինչ կարվի օրենքի սահմաններում։

Հայաստանում իշխանափոխությանը հաջորդած որոշ զարգացումներ կարծիք են ստեղծել, որ արցախյան ազատագրման հերոսները հեղինակազրկվում են։Դուք նման միտում տեսնո՞ւմ եք։

Ցավոք սրտի, տեսնում եմ։ Ես, առիթ եղել է, արտահայտվել եմ հենց նույն Աննա Հակոբյանի մտքի հետ կապված, թե հազարավոր տղաներ զոհվել են հանուն ոչնչի։ Իմ խորին համոզմամբ՝ դա անընդունելի է։ Կամ վերջերս Արա Պապյանի համեմատությունը Ամուլսարի եւ Ղարաբաղի միջեւ։ Ընդհանրապես, միայն հիվանդ երեւակայություն ունեցող մարդու ուղեղում կարող է նման համեմատություն ծագել։ Ի՞նչ է սա։ Եվ եթե Արցախի առաջին նախագահը և Հայաստանի երկրորդ նախագահը այսօր գտվնում է կալանքի տակ, եւ գոնե ես չեմ տեսել որեւէ փաստարկ, որեւէ հոդաբաշխ բացատրություն, թե ինչի համար է նա կալանավորված։ Կարծում եմ, որ ամեն դեպքում ճիշտ է ասված, որ արդարությունը հիվանդանում է, բայց չի մահանում։ Արդարությունը վերականգնվելու է, եւ ամեն ինչ  իր տեղն է ընկնելու։ Ուղղակի որքան շուտ, այնքան լավ, որովհետու այս իրավիճակը, որ տիրում է Հայատանում, կարծում եմ, բոլոր մտահոգ մարդկանց համար, բոլոր մտածող մարդկանց համար ուղղակի անընդունելի է։ Այս վրեժխնդրության մթնոլորտը, այս միմյանց դեմ, չգիտեմ, գործեր տալու, գործեր թխելու։ Բաներ կան, որ ուղղակի ինձ համար գոնե անընդունելի են։ Կամ Ապրիլյան պատերազմի հետ կապված այդ հանձնաժողովի ստեղծումը։ Այսինքն ի՞նչ ենք մենք անում, փորփրում ենք, որ ի՞նչ,  պատերազմը դեռ չի ավարտվել։ Եւ ռուսերեն հայտնի խոսք կա, չէ՞, а судьи кто?՝ դատավորներն ովքե՞ր են, ովքե՞ր են դատում, թե ինչ է եղել։ Ես չեմ ասում, թե մենք պիտի թույլ տանք՝ ով ինչ ուզում է անի։ Քավ լիցի, խոսքը դրա մասին չէ, մեղավորը պետք է անշուշտ պատժվի, բայց մեղավորներ փնտրելուց առաջ իշխանությունները պետք է գործ անեն: Ես չեմ հավատում, շատ լավ ճանաչելով նաև Սամվել Կարապետյանին, որ նա կարող է հրաման արձակել, որպեսզի հայը կրակի հայի վրա, բացառում եմ: Այսինքն, մարդիկ, նույն Ռոբերտ Քոչարյանը, նույն Սերժ Սարգսյանի անունն են հիմա շոշափում, նույն Սամվել Կարապետյանը և բոլոր նրանք, ովքեր անցել են պատերազմով, հաղթել են պատերազմում, երկիր են ազատագրել, երկիր են կառուցել, ճանապարհ են անցել, հանկարծ նրանց մտքով անցնի եւ հրաման արձակեն, որ հայը կրակի հայի վրա՞։ Ես չեմ հավատում։

2018թ. ապրիլին Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններից հետո Արցախի ռազմական վերնախավում փոփոխություններ տեղի ունեցան։Եվ Հայաստանի և Արցախի իշխանությունները պաշտոնապես հերքում են լուրերը, որ այս հարցում Հայաստանի նոր իշխանությունների կողմից ճնշում է եղել։ Այդ դեպքում, ինչո՞վ է պայմանավորված այն, որ այս փոփոխությունները հաջորդեցին Հայաստանում նոր իշխանության ձևավորմանը։

Դժվար է միանշանակ ասել, ես հստակ տեղեկություններ չունեմ, բայց տրամաբանությունը դա է հուշում։ Այսինքն՝ բոլոր նրանք, ովքեր ինչ-ինչ հարցերում հնարավոր է, որ համաձայն չլինեն Հայաստանի իշխանությունների այս կամ այն քայլի հետ,  հայտնվում են թիրախում։ Ի՞նչ է նշանակում՝ պաշտպանության նախարարի պաշտոնից հեռանալը։ Ես որեւ է բան բնականաբար չունեմ, եւ չեմ էլ կարող ունենալ նոր նախարարի /դեմ/, գտնումեմ, որ նա հրաշալի սպա է եւ ճանապարհ է անցել, բայց ինձ համար անհասկանալի է, թե ինչու են ազատում Արցախի Պաշտպանության նախարարին, հրամանատարին առանց որևէ բացատության։ Եվ կարծես թե թիրախը հիմնականում այն տղաներն են, ովքեր անցել են պատերազմի բովով։ Իսկապես, բազմաթիվ հարցեր կան, որ մտահոգում են մեզ, եւ ճիշտ չեմ համարում լռելը այդ մասին։ Մենք պետություն ենք կառուցել, որտեղ պետք է լինի խոսքի ազատություն։ Հիմա եթե ես այսպես եմ մտածում եւ չպիտի բարձրաձայնեմ, եթե նույնիսկ պատգամավորը, լրագրողը, շարքային քաղաքացին պիտի վախենա կամ ընկրկի, ինչ-ինչ բաներից եւ չուզենա ինչ-որ գլխացավանքների մեջ ընկնելու չասի իր կարծիքը, այսպես ո՞ւր ենք գնալու։ Այս դեպքում մենք էլ մեր մեղքի բաժինն ենք ունենալու։

Նիկոլ Փաշինյանը վերջերս հայտարարեց, որ ինքը շատ դառնացած է այն իրավիճակով, որով ինքը՝ որպես վարչապետ, ժառանգություն է ստացել Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման բանակցային գործընթացը։ Դուք ինչպես ե՞ք գնահատում նախորդի շխանությունների վարած բանակցային գործընթացը, և Հայաստանում նոր իշխանության ձևավորումից հետո ի՞նչ տեղաշարժեր եք տեսնում բանակցային գործընթացում։

Որևէ տեղաշարժ չեմ տեսնում, չեմ էլ լսել, որ շուրջ տարի է անցել, ես մինչև հիմա էլ չգիտեմ՝ որն է Հայաստանի նոր իշխանությունների հայեցակարգը ՝ կապված Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հետ։ Ավելին, արվել են հայտարարություններ, որոնք ուղղակի ինչ-որ տեղ սեպ են խրում երկու հայկական պետությունների միջև այն առումով, որ ինձ համար անհասկանալի է, թե ինչ է նշանակում՝ դավադիր ուժերը փորձում են պատերազմ հրահրել, հողեր հանձնել եւ մեղքը բարդել Հայաստանի վարչապետի վրա։ Եթե կան փաստեր, բռնեք այդ մարդկանց, թող պատկան մարմինները աշխատեն այդ ուղղությամբ։ Իսկ ես ավելի քան վստահ եմ, որ Ղարաբաղում չի կարող գտնվել մեկը, ում մտքով անգամ անցնի, առավել եւս նրանց, ովքեր ազատագրել են այդ հողերը, չգիտեմ ինչ, ինչ միֆական նպատակների համար հողեր հանձնել։ Ինչի՞ մասին է խոսքը։ Կամ ի՞նչ հեղափոխություն, հակահեղափոխություն։ Նախ չեմ ընդունում, որ Հայաստանում եղել է հեղափոխություն, որ մի բան էլ այստեղ լինի հակահեղափոխություն։ Հայաստանում եղել է իշխանափոխություն, իմ տպավորությամբ, նաեւ դրսի ուժերի միջնորդությամբ օգնությամբ կամ հովանավորությամբ, ինչպես կուզեք։ Իսկ ինչ մնում է նախորդ իշխանություններին՝ կապված ղարաբաղյան խնդրի հետ նրանց գործունեությանը, ես կարծում եմ, որ միշտ էլ եղել է հավասարակաշռված  քաղաքականություն։ Բալանսավորված, այո, որովհետև ես երկար տարիներ լինելով այս ամեն ինչի մեջ, ես չեմ հիշում, որ Հայաստանի և ասենք Ռուսաստանի հարաբերությունները երբեւէ այսքան լարված վիճակում լինեն։ Եվ դա որևէ լավ բան չի խոստանում, հասկանո՞ւմ եք։ Բոլոր փակագծերը չեմ ուզում բացել, բայց այն ինչ տեղի է ունենում հայկական իրականության մեջ, մեզ չի կարող չմտահոգել։ Հիմա ջայլամի քաղաքականություն վարենք, գլուխներս կոխենք ավազի մեջ եւ ասենք՝ վայ, ինչ լավ է, հա՞։ Հասկանում եք, ես գտնում եմ, որ միմյանց դեմ թակարդներ գլորելու փոխարենք մենք պետք է խելք խելքի տանք ամբողջ ազգով, խելոքներով խելք խելքի տան եւ մտածեն, թե ինչպես ենք դիմակայելու նոր մարտահրավերներին, որ մեզ սպասվում է, ինչպես ենք դուրս գալու այս վիճակից։ Ես գտնում եմ, որ թիվ մեկ խնդիրը դա է հանրության առջեւ ծառացած։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մենք մեծ ձեռքբերումներ ու կորուստներ ենք ունեցել․ Արցախի նախագահի ուղերձը
Սեպտեմբերի 2-ը կարևորագույն օր է մեր կյանքում: Երեսուն տարի առաջ Ստեփանակերտում գումարված՝ ժողովրդական պատգամավորների ԼՂԻՄ մարզային…
Մենք այլևս համահայկական օրակարգի որևէ հարցում սխալվելու իրավունք չունենք․ ՀՀ նախագահ
Եվս մեկ անգամ խորին ցավակցություններս եմ հայտնում պատերազմում զոհվածների ընտանիքներին ու հարազատներին...
Ինձ համար պատերազմն անհավասար էր, որովհետև ուժեղը կռվում էր թույլի դեմ, և ուժեղը մենք էինք. Սերժ Սարգսյանի ուղերձը
Երեսուն տարի առաջ Արցախը կայացրել է իր պատմական որոշումը…
Արտագաղթը ճգնաժամային չափեր կարող է ստանալ. Արմեն Սարգսյան
Մեր հիմնական օրակարգը երկու կարևոր բաղադրիչ պետք է ունենա՝ վստահություն և կանխատեսելիություն...
Արցախի Արաքսյան հովտում դեռ չեն լսվում հայ մանուկների զրնգուն ձայները. Զարուհի Փոստանջյանի շնորհավորանքը
Աշխարհասփյուռ հայության ազատագրական պայքարի, իղձերի տեսանելի ապացույց...
Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում անցկացվել է ռազմական տեխնիկայի եւ սպառազինության ցուցահանդես (ֆոտո)
Միանշանակ է, որ առաջիկայում մեր բանակը համալրվելու է արդիականացված սպառազինությամբ եւ նոր զինտեխնիկայով...
Ամենաշատ