News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Սեպտեմբեր 18
USD
476.1
EUR
524.47
RUB
7.42
ME-USD
0.09
Տեսնել լրահոսը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ, «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության նախաձեռնությամբ սեպտեմբերի 7-ից դեկտեմբերի 15-ը կանցկացվի «Գեղարվեստական տպագրության երկրորդ միջազգային բիենալե, Երեւան 2019-ը»: Միջոցառումն անցկացվում է ՀՀ  նախագահ Արմեն Սարգսյանի եւ նրա տիկնոջ` Նունե Սարգսյանի հովանու ներքո:

Բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 7-ին` ժամը 19:00-ին, «ՀայԱրտ» մշակութային կենտրոնում: Բիենալեի ծրագիրը բաղկացած է երկու բաժնից. մրցութային ցուցադրություն եւ հավելյալ ցուցահանդեսներ: Մրցութային ցուցադրությանը ներկայացված է 52 երկրից 227 արվեստագետի 327 աշխատանք:

Բիենալեի երկրորդ մասում նախատեսվում է ժամանակակից լեհական, չինական, գերմանական, ֆրանսիական, էստոնական եւ հայկական գեղարվեստական տպագրության ոլորտի ձեռքբերումները ներկայացնող 5 անհատական ցուցահանդես: Կներկայացվի լեհ արվեստագետ Տոմաշ Վինյարսկու (սեպտեմբերի 14-ից), հայ արվեստագետ Սամվել Համբարձումյանի (սեպտեմբերի 18-ից), չին արվեստագետ Մինյե Ժանգի (հոկտեմբերի 5-ից), գերմանացի արվեստագետ Յուրգեն Միդելմանի (հոկտեմբերի 25-ից), էստոնացի արվեստագետների մեկ խմբային (հոկտեմբերի 3-ից) եւ ֆրանսիացի արվեստագետ Բրիս Ամմար-Խոջայի (նոյեմբերի 1-ից) աշխատանքները:

Գեղարվեստական տպագրության երկրորդ միջազգային բիենալի ժյուրիի նախագահն է դոկտոր, պրոֆեսոր Մատեուշ Օտրեբան (Լեհաստան), փոխնախագահը` Մարգարիտ Լեհմանը (Շվեյցարիա): Ժյուրիի անդամներն են` Հերբերթ Մայերը (Գերմանիա), Լիան Նգն (ԱՄՆ) եւ Սոնա Հարությունյանը (Հայաստան): Սեպտեմբերի 10-ին` ժամը 19:30-ին, «ՀայԱրտ» մշակութային կենտրոնում մրցանակաբաշխության հանդիսավոր արարողության ժամանակ ժյուրին կշնորհի մեդալներ` «Գլխավոր մրցանակ», «Առաջին մրցանակ», «Երկրորդ մրցանակ» եւ «Երրորդ մրցանակ» անվանակարգերում: Նախատեսված են «Հայաստան» համահայկական հիմնադրամի ու Ռուսական գիտամշակութային կենտրոնի «Հատուկ մրցանակները»:

Բիենալեի փակման արարողությունը տեղի կունենա «ՀայԱրտ» մշակութային կենտրոնում, նոյեմբերի 7-ին` ժամը 19:00-ին:

Տպել