News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Պարզվում է, որ եթե մագնիսացնես սատկած ուտիճներին, դրանք զգալիորեն ավելի երկար կպահպանեն մագնիսային հատկությունները, քան ողջ միջատները։ Այսպիսի զարմանալի եզրահանգման է եկել վեց երկրների՝ Սինգապուրի, Չինաստանի, Ավստրալիայի, Լեհաստանի, ԱՄՆ-ի եւ Բուլղարիայի գիտնականների միջազգային թիմը։

Զարմանալի չէ, որ այս զվարճալի հետազոտության արդյունքներով կատարված «Ամերիկյան ողջ ուտիճների կենսամագնիսական բնութագրերը» գիտական աշխատանքն արժանացել է 2019 թվականի Շնոբելյան մրցանակին «Կենսաբանություն» անվանակարգում։

Կատակ-մրցանակի հանձնման հերթական՝ 29-րդ արարողությունը տեղի ունեցավ հինգշաբթի երեկոյան Հարվարդի համալսարանում, Սանդերսի թատրոնում, տեղեկացնում է BBC-ն։

Դրա դափնեկիրներ, ինչպես միշտ, դարձան 10 ամենատարօրինակ եւ անսովոր գիտական աշխատանքները՝ ծիծաղելի անուններով եւ անհավանական գործնական կիրառությամբ։ Հետազոտությունները, ինչպես գրված է մրցանակի կանոնադրությունում, «ստիպում են ձեզ սկզբում ծիծաղել, իսկ հետո մտորել»։ Միեւնույն ժամանակ, մրցանակը շնորհում են իսկական նոբելյան մրցանակակիրները։ Այս տարի մրցանակ շնորհողները Էրիկ Մասկինը, որը 2007-ին «Նոբել» ստացել էր տնտեսության գծով, Ռիչ Ռոբերտսը (1993, բժշկություն եւ ֆիզիոլոգիա) եւ Ջերոմ Ֆրիդմանն (1990, ֆիզիկա) էին։

Մրցանակի հիմնադիրը՝ AIR («Անհավանական հետազոտությունների անալներ») ամսագրի խմբագիր եւ «Շնոբելի» հանձնման արարողության անփոփոխ հաղորդավար Մարկ Աբրահամսը, ամեն տարի մրցանակաբաշխությունը վերածում է կատակերգական շոուի՝ աբսուրդի տարրերով։ Այս տարվա աբսուրդի թեման «Սովորություններն» էին։

Համապատասխան տեսք ուներ նաեւ մրցանակը՝ պարզ գեղարվեստական ինստալյացիայում կարելի էր տեսնել սուրճի բաժակ, մաստակի փաթեթ, ծխախոտ, ատամի խոզանակ եւ էլի մի քանի իր, որոնք խորհրդանշում են այս կամ այն սովորությունը։

Մրցանակին կցվում էին վկայականն ու դրամական պարգեւատրումը՝ 10 տրլն դոլար։ Իհարկե, դոլարները զիմբաբվեական էին եւ տրվում էին մեկ թղթադրամով (թղթադրամի շուկայական արժեքը թողարկման պահին կազմում էր ԱՄՆ 40 սենթ)։

Նոր դափնեկիրները

«Ֆիզիկա» անվանակարգում մրցանակն ստացավ հետազոտությունն այն մասին, թե ինչու (եւ որ գլխավորն է՝ ինչպես) են վոմբատները կղում խորանարդիկներով։

Միջազգային այս աշխատանքի բազմաթիվ հեղինակների թվում էր գիտնականների մի զույգ Թայվանից, որոնք դարձան Շնոբելյան մրցանակակիրներ երկրորդ անգամ (մրցանակի 30-ամյա պատմության մեջ առաջին անգամ)։

Իրենց առաջին «Շնոբելը» Պատրիսիա Յանը եւ Դեւիդ Հուն ստացել են 2015-ին մի հետազոտության համար, որն ապացուցում էր, որ միզելու տեւողությունը բոլոր կաթնասունների մոտ մոտավորապես նույնն է եւ կազմում է մոտ 21 վայրկյան։

Բժշկության ոլորտում մրցանակն ստացավ իտալացի Սիլվանո Գալոսը, որն ապացուցել է, որ սննդի մեջ պիցայի օգտագործումը պահպանում է առողջությունը եւ նվազեցնում մահացությունը մարսողական օրգանների քաղցկեղից, բայց միայն այն դեպքում, եթե պիցան պատրաստված է Իտալիայում։

«Տնտեսություն» անվանակարգում հաղթանակը Նիդեռլանդների գիտնականներինն էր, որոնք ուսումնասիրել են տարբեր երկրների արժույթները՝ փնտրելով հարցի պատասխանը, թե որ պետության թղթադրամն է ամենից լավ դիմանում ցավագին մանրէներին։ Պարզվել է, որ ամենակեղտոտ թղթադրամները, բառի բուն իմաստով, Ռումինիայինն են։

Բժշկական կրթության ոլորտում մրցանակն ստացավ հետազոտությունը, որը պատմում է այն մասին, թե ինչպես սովորեցնել ուսանող բժիշկներին ձայնային ազդանշանների օգնությամբ, որոնցով սովորաբար վարժեցնում են շներին, ասենք՝ լեզվով ճտտացնելը։ Հոդվածն այդպես էլ կոչվում է՝ «Պայմանական ռեֆլեքսի մարզում օրթոպեդիկ գործողությունների անցկացման միջոցով»։

Դահլիճում հավաքվածների ծիծաղն առաջացրեց անատոմիայի ոլորտի դափնեկրի հայտարարումը։ Ֆրանսիացի հետազոտողներն ուսումնասիրել են «մերկ եւ հագնված մարդկանց ամորձապարկի ջերմաստիճանային ասիմետրիան»։ Պարզվել է, որ ձախ ձվիկը սովորաբար ավելի տաք է, քան աջը, միայն եթե տղամարդը հագնված է։

Ինժերենային գործի ոլորտում մրցանակը բաժին հասավ իրանցի գիտնական Իման Ֆարաբահշին, որը տակդիրները փոխող սարք էր ստեղծել։

«Քիմիա» անվանակարգում «Շնոբել» ստացավ ճապոնացի պրոֆեսորը, որը հաշվել էր երեխայի ամենօրյա թքի ծավալը։ Գիտնականն ասել է, որ փորձը կատարել է իր երեխաների վրա. կշռել է բանանները, դրանք ծամել տվել երեք որդիներին եւ նորից կշռել ծամված մասսան։ Պարզվել է, որ հինգ տարեկան երեխան օրական արտադրում է մոտ կես լիտր թուք։

Եվ վերջապես, խաղաղության մրցանակն ստացան Բրիտանիայի եւ Սինգապուրի գիտնականները հաճույքի քանակը չափելու փորձի համար, որը մարդն ստանում է, երբ նրան հաջողվում է քորել քոր եկող մասը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ