
«Ինձ թվում է, թե ես հայտնվել եմ գողության մասին ֆիլմում»,- ասել է իտալացի նկարիչ-կոնցեպտուալիստ Մաուրիցիո Կատտելան՝ մեկնաբանելով Օքսֆորդշիր կոմսության Բլենհեյմ պալատից իր ստեղծած զուգարանակոնքի գողությունը, հաղորդում է BBC-ը:
Նրա խոսքով՝ իրեն վրդովվեցրել է այն ենթադրությունը, թե հենց ինքն է բեմադրել կողոպուտը: Զուգարանակոնքի արժեքը գնահատվում էր 6 մլն դոլար, այն դեռեւս չի գտնվել:
Գողության օրը ձերբակալվել է 66-ամյա մի տղամարդ, որին ավելի ուշ գրավի դիմաց ազատ են արձակել:
Բլենհեյմ պալատի կառավարիչ Դոմինիկ Հեյրը BBC-ին ասել է, որ արվեստի ստեղծագործությունների ցուցադրությունը մշտապես կապված է ռիսկի հետ:
«Ամերիկա» անվանմամբ զուգարանակոնքը ցուցադրվել էր պալատում եւ դարձել իտալացի նկարչի ցուցահանդեսի մի մասը: Այցելուները հնարավորություն են ունեցել ըստ նշանակության օգտագործել ոսկե զուգարանակոնքը, ինչ համար պետք է նախապես գրանցվեին: Բոլոր ցանկացողներին տրամադրվել է 3 րոպե:
Ոստիկանությունը կարծում է, որ գողությունն իրականացվել է հանցագործների խմբի կողմից, որոնք դեպքի վայրից թաքնվել են 2 ավտոմեքնայով:
Օգոստոսին պալատի ներկայացուցիչներից մեկն ասել էր , որ այդ զուգարանակոնքը գողանալը չափազանց բարդ խնդիր է: Դոմինիկ Հեյրը նշել է, որ դա առաջին նման գողությունն է պալատից, որտեղ ծնվել է Ուինսթոն Չերչիլը: Նա նշել է, որ շենքում անվտանգության ժամանակակից համակարգ է տեղադրված: