News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն պատրաստ է Ռուսաստանի դեմ «միջնորդավորված եւ հիբրիդային» պատերազմին եւ մտադիր է դրա հետ կապված շտկել պաշտպանական եւ այլ գերատեսչությունների զարգացման ծրագրերը, հայտարարել է Պենտագոնի ղեկավար Մարկ Էսփերը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Միջնորդավորված պատերազմ» կամ «ներկայացուցչությամբ պատերազմ»՝ հակամարտություն, որի անմիջական մասնակիցների հետեւում կանգնած են ավելի խոշոր խաղացողները: Այդպիսի պատերազմի օրինակ են Կորեականը եւ Վիետնամականի նախնական փուլը:

Ելույթ ունենալով ԱՄՆ ՌԾՈՒ համաժողովում՝ ԱՄՆ պաշտպանության նախարարը կարծիք է հայտնել, որ վերջին տարիներին Ռուսաստանն արդյունավետորեն ցուցադրել է «միջնորդավորված, հիբրիդային ռազմական գործողությունների եւ գորշ գոտում ռազմական գործողությունների վարումը»: Նա որպես օրինակ նշել է Ղրիմում եւ Ուկրաինայում իրադարձությունները՝ չհստակեցնելով, թե կոնկրետ ինչ նկատի ունի:

Կիեւը եւ Արեւմուտքի մի շարք երկրներ կարծում են, որ Ռուսաստանը միջամտում է Ուկրաինայի ներքին գործերին եւ Դոնբասում հակամարտության կողմ է: Ռուսաստանը դա հերքում է եւ այդպիսի մեղադրանքներն անընդունելի համարում: Մոսկվան քանիցս հայտարարել է, որ ներուկրաինական հակամարտության կողմ չէ եւ կապ չունի հարավ-արեւելքում ծավալվող իրադարձությունների հետ, չի պաշտպանում աշխարհազորայիններին եւ Դոնբաս զորքեր չի ուղարկում, շահագրգռված է, որ Ուկրաինան հաղթահարի քաղաքական եւ տնտեսական ճգնաժամը:

«Սա վկայում է այն մասին, որ նրանք (Ռուսաստանը) գիտեն, որ չեն ցանկանում եւ չեն կարող մեզ դիմակայել սովորական պատերազմում, այս պատճառով այլ մեթոդներ են փնտրում, որպեսզի մեզ մարտահրավեր նետեն, ռազմավարական մրցակցություն վարեն մեկ մակարդակ ցածր, քան ուղիղ ռազմական կոնֆլիկտն է»,- ասել է Էսփերը:

«Սա ռազմական գործողությունների նոր ձեւ է: Ես նկատի ունեմ, որ շատ հարցերում սա նվազագույնը այն է, ինչին մենք պատրաստ չենք, եւ այն, ինչին մենք պետք է պատրաստ լինենք: Ուստի մենք հիմա ուսումնասիրում ենք, թե ինչպես են պատրաստվում տարբեր թատերաբեմերում (ռազմական գործողությունների) արշավներ անցկացնելու մեր ծրագրերը, մենք փորձում ենք դուրս գալ այս մակարդակից ցածր ռազմավարական մրցակցության մակարդակ»,- հայտարարել է նա:

Էսփերը շեշտել է, որ սա վերաբերում է ոչ միայն ռազմական, այլեւ ԱՄՆ մյուս գերատեսչություններին, որոնք պետք է «փոխեն այս ռազմավարական իրավիճակը, անցկացնեն տեղեկատվական արշավներ եւ այլն»:

«Մենք լավ ենք ռազմական գործողություններում, բայց երբ հայտնվում ենք այս գորշ գոտում, երբ հեռանում ենք սովորական հակամարտությունից, դա մեզ համար փորձություն է դառնում»,- ամփոփել է Էսփերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ