News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 21
USD
476.34
EUR
530.17
RUB
7.45
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Անկախության տոնի առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Թանկագի՛ն հայրենակիցներ Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում,

Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ,

Այսօր Հայաստանի Անկախության օրն է:

Այն առանձնահատուկ պատգամ է՝ ավելի լավ ճանաչելու ինքներս մեզ՝ մեր երկիրը, մեր ինքնությունը, մեր հնարավորությունները, մեր ներուժը:

Ինչ որ ունենք այսօր՝ Ազատություն, Անկախություն, Հայրենիք, Պետություն, այդ ամենի համար պարտական ենք ինքներս մեզ:

Ինչ որ կարողանալու ենք ձեռք բերել, լինելու է կրկին մեր շնորհիվ՝ մեր համախմբվածության, մեր միասնական ջանքի, գործի վերածված մեր մտքի, միմյանց հանդեպ հարգանքի ու հանդուրժողականության:

Լավագույն ճանապարհն ամենօրյա աշխատանքն է, ամենօրյա արարումը, հոգատարությունը երկրի, պետության հանդեպ, հայրենապաշտությունը եւ հայրենաճանաչությունը:

Հայրենիքը կմնա ընդամենն աշխարհագրական քարտեզ, եթե այն չապրեցնենք մեր մեջ, չապրեցնենք մեզնով եւ չապրենք նրանով:

Հայրենիքը սիրելու եւ նրանով ապրելու համար պետք է այն ճանաչել: Իսկ ճանաչելու համար քարտեզի վրա նրա տեղն իմանալը բավարար չէ: Հայրենիքը տեսնել է պետք՝ Գյումրիից մինչեւ Գորիս, Սյունիքից մինչեւ Լոռի, Արցախից մինչեւ Տավուշ, Լորից մինչեւ Ահնիձոր:

Հայրենիքը տեսնելուց եւ զգալուց հետո ավելի հստակ է դառնում, թե ինչ է պետք անել նրա համար, ինչպես է պետք է անել եւ ինչու է պետք անել: Մենք պետք է ունենանք տեսլական, առաջարկենք եւ իրագործենք գաղափարներ ու ծրագրեր:

Հայրենիքը ճանաչելու համար պետք է հասկանալ հայրենատիրոջը, որովհետեւ Հայրենիքը նաեւ մարդիկ են, որոնք մեզ հետ, մեր կողքին ապրում եւ արարում են:

Ինչպես անկախության ձեռք բերման բախտորոշ օրերին եւ դրան հաջորդող դժվար տարիներին, այսօր էլ մեր պետության առջեւ կան մարտահրավերներ, որոնց հաղթահարման բանալին գտնվում է բացառապես մեր ձեռքերում։

Հրանտ Մաթեւոսյանն ասում էր. «Հայրենիք ենք հիմնել, Հայրենիք ենք բարձրացնում...Հայրենիքը պահանջում է իր բոլոր որդիների, մեր ամենամյա, ամենօրյա, այսժամյա հավատավոր ջանքը»:

Չխնայե՛նք մեզ, մեր ջանքը, մեր միտքը, մեր սերը Հայրենիքի համար: Պաշտպան ու պահապան լինենք մեր պետությանը, մեր եկեղեցուն, հանդուրժող ու սրտացավ լինենք միմյանց հանդեպ:

Որպես պետություն, որպես ժողովուրդ մենք կամուրջ ենք քաղաքակրթությունների միջեւ: Աշխարհի տարբեր վայրերում խեղաթյուրվում են արժեհամակարգերը, քաղաքակրթությունները զոհաբերվում են քաղաքականությանը, մարդկային հարաբերությունները՝ տարատեսակ շահերի, մարդիկ միմյանց հանդեպ դառնում են անտարբեր ու հաճախ՝ օտար:

Ուստի առավել քան անհրաժեշտ է հոգատար լինել մեր արժեհամակարգի, մեկմեկու նկատմամբ: Մենք կարող ենք որպես մարդ լինել միմյանցից տարբեր, բայց հանուն մեր ընդհանուր նպատակների, հանուն մեր անկախության, հանուն մեր ապագայի պարտավոր ենք լինել համախմբված ու միասին:

Հավերժ փառք անկախության համար իրենց կյանքը նվիրաբերած բոլոր հերոսներին:

Աստված զորավիգ անկախության եւ անվտանգության երաշխավոր մեր բանակին։

Կեցցե՛ անկախ Հայաստանի Հանրապետությունը:

Կեցցե՛ մեր ժողովուրդը Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում:

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետության քաղաքացին:

Աստված պահապան բոլորիս:

Տպել