News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Անգլիայի արեւմտյան Ռոկսետեր գյուղի տեղում մի ժամանակ եղել է հռոմեական Վիրոկոնի քաղաքը։ Դա Հռոմեական Բրիտանիայի մեծությամբ չորրորդ քաղաքն է եղել։ 1910-1920-ական թթ․ պեղումների ժամանակ այնտեղ կիսալուսնի տեսքով մի քանի պղնձե իրեր են գտել, որոնք համարել են կրծքազարդեր, գրում է «Գիտություն եւ տեխնիկա»-ն։

Մի քանի տասնամյակներ գտածոները եղել են պահուստներում, մինչեւ դրանք ուսումնասիրել է Քեմերոն Մոֆեթը՝ «Անգլիական ժառանգություն» (English Heritage՝ թագավորության առավել նշանակալի հուշարձանները կառավարող պետական հանձնաժողով) կազմակերպության պահապանը։ Պարզվել է, որ դրանք ոչ թե սովորական կրծքազարդեր կամ կախազարդեր են, այլեւ կոսմետիկայի պարագաներ են։

Առարկաները երկու տիպի են՝ ոչ մեծ աղեղանման թասիկներ եւ փոքր կոր թիակներ։ Թասիկների մեջ տրորել են փայտածուխ եւ խառնել են քիչ քանակությամբ ճարպի հետ։ Թիակներն օգտագործել են ստացված նյութը աչքերին քսելու համար։ Իրերի ծայրին հատուկ օղակներ կան, որոնց մեջ թել են անցկացրել եւ վզին գցել։

Կոսմետիկայի պարագաները թվագրվում են մ․թ․ I դարին, Հռոմեական Բրիտանիայի տարածքում նման այլ բան չի հայտնաբերվել։ Հավանաբար դա ինքնատիպ «բրիտանական պատասխան» է եղել հռոմեական մոդային, որը եկել է հնագույն Եգիպտոսից։ Գտածոները անուղղակի վկայում են, թե ինչպիսի բարգավաճ եւ մոդային հետեւող քաղաք է եղել Վիրոկոնին։

«Այս մանր իրերը ուղղակի իմաստով փոխում են Բրիտանիայի դեմքը։ Երբ մենք մտածում ենք հռոմեական ժամանակաշրջանի մասին, մեր առջեւ հառնում են գլխավորապես տղամարդկանց կյանքի կողմերը՝ կայսրերից եւ քաղաքական գործիչներից մինչեւ ռազմական գործողություններ, սակայն, իհարկե, կանայք էլ են կարեւոր դեր խաղացել։ Այս պրակտիկ, ամենօրյա իրերը պատկերում են կնոջ ճանաչելի կերպարը, որի համար շպարը եղել է հասանելի, որը հետեւել է մոդային եւ օգտվել է ժամանակակից պարագաներին շատ նման իրերից»,- ասել է Քեմերոն Մոֆեթը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ