News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Բնական է, որ իրանցիները խանդավառությամբ չեն ընդունի այս փաստը, բայց իրանցիները ունեն մի կարեւոր հատկանիշ՝ նրանք կարող են չարձագանքել բավական երկար ժամանակ եւ արձագանքել բոլորովին անսպասելի հատվածում։ Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Երեւանի պետական համալսարանի իրանագիտության ամբիոնի  վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանը՝ անդրադառնալով կառավարության՝ Իսրայելում դեսպանատուն բացելու որոշմանը:

«Ամեն դեպքում ես կարծում եմ, որ նման քայլի գնալուց առաջ հայկական կողմը համապատասխան աշխատանքներ իրականացրել է իրանական կողմի հետ՝ բացատրելու համար իր գործողության տրամաբանությունը։ Համենայն դեպս, ենթադրում եմ եւ տրամաբանությունը պահանջում է, որ այդպիսի աշխատանքներ պետք է որ իրականացված լինեն։ Առայժմ իրանական մամուլում արձագանքներ չկան այս փաստի վերաբերյալ, բայց բնական է, որ Իրանը Իսրայելի պետությունը համարում է իր համար թշնամական պետություն Մերձավոր Արեւելքի տարածաշրջանում եւ իմ նշած ժամանակը ճիշտ ընտրելու, տարածության եւ ժամանակի ճիշտ ընկալումը չափազանց կարեւոր է բազմաթիվ հարցերում։ Ժամանակը ճիշտ ընտրելու առումով, կարծում եմ, այս պահը ոչ այնքան պատեհ էր նման գործողություն իրականացնելու համար, որովհետեւ իրանցիները գտնվում են միջազգային ճնշման տակ, Իսրայելի ներսում էլ ներքաղաքական պայքարը այնքան մեծ թափ է հավաքել, որ իսրայելական հասարակությունը այս փաստի վրա առանձնապես մեծ ուշադրություն չդարձրեց։ Այսինքն կարծում եմ՝ պահի ընտրության հանգամանքում էլ այդքան էլ օպտիմալ որոշում չի կայացվել։ Համենայն դեպս ես կարծում եմ, որ եթե նպատակը Ադրբեջանին հակազդելն է, ապա Հայաստանը պետք է օգտվի իր ունեցած բոլոր հնարավորություններից»,- ասաց Ոսկանյանը։

Նրա գնահատմամբ՝ Հայաստանը տարածաշրջանում Իրանի հետ իր հարաբերությունները պետք է հասցնի ռազմավարական մակարդակի, որովհետեւ այս հարաբերությունների միջոցով Հայաստանը ապահովում է բոլորովին այլ, սպորտային լեզվով ասած, քաշային կարգ նաեւ միջազգային հարաբերություններում։

«Շատ դեպքերում Հայաստանը կարող է հետաքրքիր չլինել, եթե չունենա Իրանի հետ հարաբերություններ, Հայաստանի արժեքը միանշանակորեն բարձրանում է դրանից։ Նույնը նաեւ իրանական կողմում․ Իրանի համար էլ Հայաստանի հետ հարաբերությունները ունեն չափազանց կարեւոր նշանակություն եւ որոշակիորեն մեծացնում են այս պետության արժեքը նաեւ միջազգային հանրության աչքերում»,- նշեց իրանագետը։

Հիշեցնենք, որ կառավարությունը սեպտեմբերի 19-ի նիստին միաձայն ընդունեց Իսրայելում Հայաստանի դեսպանություն ստեղծելու մասին կառավարության որոշման նախագիծը։ «ՀՀ-ի և Իսրայելի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են դեռևս 1992թ-ի ապրիլին, և Իսրայելում դեսպանություն ստեղծելու անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ մերձավորարևելյան տարածաշրջանում Իսրայելը հանդիսանում է կարևոր աշխարհաքաղաքական դերակատար»,-կառավարության նիստին հայտարարել է արտգործ նախարար Զոհրաբ Մնացականյանը։

Նշենք, որ 2000-2008թթ. ընթացքում Իսրայելում Հայաստանի Հանրապետության դեսպանն է եղել Էդվարդ Նալբանդյանը՝ նստավայրը Փարիզ, 2012-2018թթ. ընթացքում Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը համատեղությամբ նշանակվել է դեսպան Իսրայելում, իսկ 2018 թվականի մարտից Իսրայելի Պետությունում ՀՀ դեսպանն է Արմեն Սմբատյանը, նստավայրը՝ Երեւան:

Տպել
Ամենաշատ