News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Աշխատանքային այցով Իտալիայում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային նախաճաշ է ունեցել աշխարհի առաջատար տեխնոլոգիական ընկերություններից մեկի՝ իտալական «Լեոնարդո» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ալեսանդրո Պրոֆումոյի հետ:

«Լեոնարդո» ընկերությունը Հռոմում այսօր բացված կիբերանվտանգությանը նվիրված՝ աշխարհում առաջատար Cybertech միջազգային համաժողովի գործընկերն է։

Նախագահ Սարգսյանը նշել է, որ «Լեոնարդոն» Հայաստանի հետ հաջողությամբ կարող է համագործակցել կիբերանվտանգության, արհեստական բանականության ոլորտներում՝ ընդգծելով, որ նշված ուղղություններով մեր երկիրը զարգացման մեծ ներուժ ունի:

Շահագրգիռ քննարկում է ծավալվել կրթության եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության վերաբերյալ։ Խոսվել է նախագահական նոր նախաձեռնություններից մեկի՝ Հայաստանում գիտության եւ տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված ATOM (Advanced tomorrow) ծրագրի մասին։ Տարբեր բաղադրիչներ ունեցող ATOM ծրագրի շրջանակում նախատեսվում է ստեղծել գիտության ու տեխնոլոգիաների քաղաք, որտեղ ներկայացված կլինեն միջազգային առաջատար տեխնոլոգիական ընկերություններ ու կազմակերպություններ, գիտահետազոտական կենտրոններ եւ համալսարաններ: Նշվել է, որ «Լեոնարդոն» եւս հետաքրքիր գործընկեր կարող է լինել ծրագրի համար: Պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ գիտահետազոտական ու կրթական ծրագրեր իրականացնելու եւ դրանց շուրջ քննարկումները շարունակելու վերաբերյալ։

«Լեոնարդո» ընկերությունը մասնագիտացած է պաշտպանության եւ անվտանգության ոլորտների սարքավորումների արտադրության, աերոտիեզերական արդյունաբերության մեջ՝ լայնորեն կիրառելով բարձր տեխնոլոգիաները: Ընկերությունն ունի ավելի քան 45 000 աշխատակից, արտադրում է ուղղաթիռներ, ինքնաթիռներ, աերոհամակարգեր, ցամաքային եւ ծովային պաշտպանական էլեկտրոնիկա, պաշտպանական, անվտանգային եւ տեղեկատվական համակարգեր, արտադրանքն արտահանվում է տասնյակ երկրներ:

«Լեոնարդո»-ն ունի նշանակալի արդյունաբերական ներկայություն Իտալիայում, Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում եւ Լեհաստանում, ինչպես նաեւ ռազմավարական գործընկերություն միջազգային կարեւորագույն շուկաներում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ