News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Կառավարության դիմաց այսօր՝ սեպտեմբերի 26-ին, բողոքի ակցիա են իրականացնում Արմավիրի մարզի Գետաշեն համայնքի բնակիչները։ Նրանք պնդում ենք, որ 72 հեկտարի վրա ստեղծել են ֆերմերային տնտեսություն եւ մոտ 10 օր ջուր չլինելու պատճառով չեն կարողացել ոռոգել հողատարածքը եւ մեծ վնասներ են կրել։

Գետաշեն համայնքի բնակիչ Սամվել Մուրադյանը լրագրողների հետ զրույցում պատմեց՝ Գետաշենում համայնքում 10 տարի շարունակ ներդրումներ է արել, ֆերմերային տնտեսություն է ստեղծել. «Մենք ամեն տարի մշակում ենք բանջարաբոստանային կուլտուրաներ եւ վաճառում գործարաններին, այս տարի սովորականի պես ունենք պայմանագիր մոտ 300 մլն դրամի եւ ստացել ենք նաեւ կանխավճար՝ 58 մլն դրամ, մոտ 72 հա տարածքի վրա աճեցրել ենք այդ կուլտուրաները, վերջին մեկ ամսվա ընթացքում ջրի գրաֆիկի խախտում է սկսվել, ամսի 15-ին փակեցին ջրանցքը եւ 9 օր ջուր չկար եւ հանկարծ պարզեցինք, որ ջուրը հոսում է  դեպի ՀԷԿ, եւ հետո ջուրը գնում է Թուրքիա եւ Պարսկաստան։ Ստիպված դիմեցինք մարզպետարան, պահանջը մեկն էր, որ հանձնաժողով կազմվի եւ վնասի չափը պարզի, մարզպետարանի բացատրությունն այն էր, որ լիազորված չեն վնասի չափ պարզել, որից հետո եկավ ՋՕ կոմիտեի  նախագահի տեղակալ Հարություն  Գուլյանը, բառացիորեն 3-5 րոպե տեւեց մեր հանդիպումը չորացող դաշտերի մեջ,ինքը նայեց, ասաց ձեր պոմիդորը հիվանդ է, ցեց կա, ես ասացի, որ այդ հարցով չենք հավաքվել, ուղղակի հասկացվեց, որ եկել է ոչինչ չանելու համար եւ զրույցն այդքանով ավարտվեց»։

Սամվել Մուրադյանը նշեց՝ իրենց այդ քայլը ստիպված քայլ է. «Մենք որոշել ենք, որ ճանապարհ պետք է փակենք, քանի որ այն դարձել է լսելի դառնալու միակ ձեւը, եթե այստեղ լսելի չդառնանք, ճանապարհ կփակենք»։

Նա շեշտում է՝ չկա մարմին, որը կփոխհատուցի իրենց կրած վնասը, մարզպետարանը, համայնքապետարանը հրաժարվում են, ՋՕ կոմիտեն լսել անգամ չի ուզում այդ մասին, ուստի ակնկալում են կառավարության կողմից հանձնաժողովի ստեղծում ՝վնասի փոխհատուցման համար։

Իրենց գնահատմամբ՝ մոտ 30-40 միլիոն դրամի վնաս են կրել։

Այդ տնտեսությունում աշխատողները նշում էին, որ 4 ամիս է աշխատավարձ չեն ստացել. «Մարտ ամսից աշխատել ենք, մարդիկ իրենց տաք անկողիններում քնել են, մենք ցրտին սածիլ ենք տնկել, տեղափոխել եւ հիմա, որ պետք է արդյունքը տեսնեինք, չենք տեսնում ոռոգման պատճառով։ 50 աշխատող սպասում է դրան, մեր հացը կտրում են»։

Աշխատողներից մեկն էլ բողոքեց՝ աշխատում են, բայց աշխատավարձ չեն ստանում. «Մենք ընտանիք ենք պահում, արդեն ձմեռվա շեմին ենք, ոչ վառելիք ենք առել, ոչ հաց։ Ես 62 տարեկան կին եմ, աշխատում ենք, բայց աշխատավարձ չենք ստանում»։

Բողոքող բնակիչների հետ հանդիպման էր եկել «Արմավիր» ՋՕԸ տնօրեն Վահագն Արշակյանը, ով նշեց՝ տեղյակ է խնդրից. «Ընդհանուր առմամբ, այս տարի ջրամատակարարման հետ կապված խնդիր չի եղել, իսկ ՀԷԿ–ին ջուր տալը իմ լիազորությունների մեջ չի մտնում»։

Նա առաջարկեց տնտեսության ղեկավարին գնալ եւ հանդիպել ՋՕ կոմիտեի  նախագահի հետ, ոչը Սամվել Մուրադյանը մերժեց։

«Ձեր մոտեցումները մեզ հայտնի են, մեզ անկողմնակալ մեկն է պետք, դուք այս խնդրի կողմերից մեկն եք»,–նշեց Սամվել Մուրադյանը։

«Արմավիր» ՋՕԸ տնօրենը չժխտեց՝ ցանցը ոչ բարվոք գոտի է եւ տնտեսության ղեկվարին էլ հայտնել են՝ այդտեղ ռիսկային գոտի է։

 Սամվել Մուրադյանը, սակայն, պնդում է՝ թող ՋՕ–ն իրենց հետ պայմանագիր չկնքեր, եթե չէին ապահովելու ջրով։

«Համակարգը իդեալական չի, առուները հողային են, ՋՕ–ն փորձում է  եւ աշխատու է, պարապ նստած չի, խնդիրներ կարող են լինել։ Հանձնաժողով թող լինի, ես դեմ չեմ, ես էլ եմ ուզում լինի հանձնաժողով, որը կկայացնի որոշում։ Ինքը թող մատնացույց անի հանձնաժողովի անդամները որտեղից կարող են լինել»,–նշեց Վահագն Արշակյանը եւ համաձայնության չգալով գետաշենցիների հետ, հեռացավ։

Տպել
Ամենաշատ