News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 14
USD
476.73
EUR
525.36
RUB
7.42
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը


Արցախի անվտանգության նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի հայտարարությունը անվտանգության տեսանկյունից ունի խնդիր, որին պետք է առաջին հերթին արձագանքի Արցախի Հանարպետությունը։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 9-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

«Քաղաքական բովանդակությունից զուրկ իրականության հետ որեւէ եզր չունեցող հայտարարություն մեկնաբանելն իմաստ չեմ տեսնում։ Ինչ վերաբերում է սպառնալիքներին, ապա ես կարծում եմ, որ թե՛ Հայաստանի Հանրապետության անվտանգության եւ թե՛ Արցախի Հանրապետության անվտանգության տեսանկյունից պետք է արձագանքեմ ոչ թե ես, այլ արձագանքեն պատկան մարմինները, եւ առաջին հերթին Արցախի Հանրապետությունից»,- ասաց Մակունցը։

Նա նշեց, որ անվտանգության տեսանկյունից Բալասանյանի հայտարարության մեջ խնդիր է տեսնում, քանի որ նրա խոսքում հնչում է սպառնալիք.

«Անվտանգության տեսանկյունից, այո, ես խնդիր տեսնում եմ, երբ հնչում է սպառնալիք։ Պատերազմի ժամանակ առանցքային դերակատարում ունեցող անձանցից մեկի կողմից, եւ ընդհանրապես, ՀՀ վարչապետի հասցեին նման սպառնալիք հնչեցնելը, իհարկե, Հայաստանի եւ Արցախի անմիջականորեն անվտանգությանն է վերաբերում»։

Հարցին՝ արդյոք Հայաստանից իրավական գործընթացներ սկսելու նախադրյալներ կան, Մակունցն ասաց.

«Ինչ վերաբերում է իրավական հիմքերին, ապա դրա պատասխան տվողը ես չեմ, երբ ասում եմ՝ պատկան մարմիններ, նկատի չունեմ նաեւ իրավապահ մարմիններին, այլ շատ լայն վերցրած ամբողջ դաշտը։ Այնպես որ, արձագանքը պիտի լինի համապատասխան մարմինների կողմից, առաջին հերթին Արցախի Հանրապետությունից»։

Անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատության համար գրված հայտարարության տակ Վիտալի Բալասանյանի ստորագրելուն՝ Մակունցն ասաց.

«Սթափության կոչերի առումով շատ անհեռատես հայտարարություն էր, քանի որ վերջին շրջանում այնպիսի տպավորություն է, որ կա մի իրողություն, որն առկա է, եւ մյուս կողմից կա մի երեւույթ, որը փորձում է ստեղծել եւ հրամցնել որպես իրողություն։ Եվ այդ պարագայում մեկնաբանել մի երեւույթը, որն իրականում գոյություն չունի, ես նպատակահարմար չեմ գտնում նման դիսկուրսի մեջ մտնել, այսինքն՝ բովանդակություն հաղորդել մի երեւույթի, որը իրականության հետ եզր չունի»։

Հարցին՝ արդյոք նոր իշխանությունները մտահոգվելու առիթ ունեն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ եւ՛ բանտում եւ՛ ազատության մեջ պայքարելու է մինչեւ վերջ, եւ, որ ինքը իր սկզբունքներից չի հրաժարվելու հայտարարությունից, Մակունցն ասաց.

«Մտահոգվելու որեւէ առիթ չեմ տեսնում»։

Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանը Livenews.am-ին տված ծավալուն հարցազրույցում անդրադառնալով «Սասնա ծռեր» կուսակցությանը, հայտարարել էր.

«2016 թվականին ներեցինք այդ ահաբեկիչներին, հիմա հայտարարում եմ, որ ֆիզիկապես ոչնչացնելու ենք նրանց, ովքեր կփորձեն ոտնձգություն անել իմ, մեր ժողովրդի, մեր պետության, պետականության, սահմանների, Արցախի իշխանությունների նկատմամբ»։

Ավելի ուշ հայտարարություն տարածեց «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության Քարտուղարությունը՝ իշխանությունից պահանջելով ցուցաբերել անհրաժեշտ քաղաքական կամք եւ իրավապահպան մարմիններին հանձնարարել կատարելու իրենց ուղիղ պարտականությունը եւ չեզոքացնել պետության անվտանգությանը եւ քաղաքացիների կյանքին ուղղված ռեալ սպառնալիքները:

Տպել