News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 14
USD
476.73
EUR
525.36
RUB
7.42
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ հոկտեմբերի 9-ին, ընդունել է «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» խորագրով Արցախի բարեկամների համաժողովի պատվիրակությանը՝ Սոցիալիստական ինտերնացիոնալի փոխնախագահ, ՀՅԴ Բյուրոյի նախկին անդամ Մարիո Նալբանդյանի գլխավորությամբ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունից։

Մարիո Նալբանդյանը տեղեկացրել է, որ պատվիրակության կազմում Լատինական Ամերիկայի տարբեր երկրներից ճանաչված անձինք են՝ խորհրդարանականներ, նախկին դիվանագետներ, հասարակական գործիչներ, որոնք Հայաստանի և Արցախի հետ հարաբերությունների զարգացման ջատագովներ են: Խոսելով Ստեփանակերտում առաջիկայում կայանալիք համաժողովի մասին՝ նա նշել է, որ Արցախի արտաքին գործերի նախարարության և ՀՅ Դաշնակցության կողմից կազմակերպվելիք միջոցառման նպատակն Արցախի հետ միջազգային կապերի զարգացումն է:

Նախագահ Սարգսյանը ողջունել է Լատինական Ամերիկայի բարեկամ երկրների ներկայացուցիչների այցը Հայաստան ու Արցախ և շնորհակալություն հայտնել հյուրերին ի նպաստ Հայաստանի և Արցախի նրանց գործունեության համար: «Ուրախ եմ, որ ձեր այցը կապված է Արցախի հետ: Բոլոր այն երկրներում, որոնք դուք ներկայացնում եք, հանդիպել եմ հայերի, որոնք, հատկապես Մեծ եղեռնից հետո, իրենց նոր հայրենիքն են գտնել ու դարձել այդ նոր հայրենիքի լավ քաղաքացիներ: Ի դեմս Հայաստանի, Արցախի և ողջ հայ ժողովրդի՝ դուք ունեք լավ բարեկամներ: Բարձր եմ գնահատում ձեր վերաբերմունքը Արցախի նկատմամբ»,-նշել է նախագահը՝ արդյունավետ աշխատանք մաղթելով նրանց արցախյան համաժողովում:

Հանդիպմանը ներկա՝ համաժողովի պատվիրակները նշել են, որ իրենց միավորում է հիացմունքն ու սերը Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ: Նրանք պատրաստակամություն են հայտնել այսուհետ ևս շարունակել ակտիվ ջանքերն ի շահ Հայաստանի և Արցախի:

Տպել