News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 21
USD
476.32
EUR
531.95
RUB
7.48
ME-USD
0.07
Տեսնել լրահոսը

Չնայած հայ հասարակությանն անհանգստացնող բազմաթիվ ու տարատեսակ խնդիրներին՝ մեր երկրի ավելի մեծ թվով բնակիչներ են ուշադրություն դարձնում կենդանիների պաշտպանության եւ քաղաքային էկոլոգիայի իրավիճակին։ Եվ թեեւ իրավիճակի բարելավման ջանքեր են գործադրվում, ցավոք, դեռեւս քիչ չեն մեր կրտսեր եղբայրների հանդեպ դաժան ու հանրային շահերի նկատմամբ անտարբեր վերաբերմունքի դեպքերը։

NEWS.am-ի խմբագրություն էին դիմել Երվանդ Քոչարի փողոցի տան բնակիչները։ Նրանց տխուր պատմութան բովանդակությունն այն էր, որ ոչ այնքան պարզ հանգամանքներում սատկել, իսկ ավելի հավանական է՝ միտումնավոր, զնդանման միջոցով դաժանաբար սատկեցվել է շան ձագ։ Ենթադրյալ հանցագործությունը տեղի է ունեցել ցանկապատված տարածքում, որի պատկանելությունը հարցականի տակ է։ Սեփականատերերը, եթե այդպիսիք իսկապես կան, չեն շտապում հետացնել կենդանու մարմինը։ Հարեւան տների բնակիչները բողոքում են հոտից, բայց ոչինչ անել չեն կարող։

Ցանկապատված տարածքը գտնվում է 13 եւ 17 շենքերի արանքում։ «Տարածքը պարսպապատել են տասը տարի առաջ։ Ավելի վաղ այստեղ եղել է կանաչ գոտի, երեխաները խաղում էին, կային շատրվաններ։ Հետո տարածքն ինչ-որ մեկին դուր եկավ, եւ ծառերը տարօրինակ ձեւով սկսեցին «այրվել»։ Երբ կանաչ գոտու վերջը տրվեց, հայտնվեց ցանկապատը, մի ինչ-որ ժամանակավոր տնակ եւ շատ աղբ»,- պատմում է տան բնակչուհին։ Նա ուղղակիորեն նշում է, թե ում դուրն էր եկել տարածքը. «Մեր տվյալներով՝ տարածքի վրա աչք էր դրել Նվեր Չախոյանը։ Նրա սեփականության իրավունքները հաստատող թղթերը մենք չենք տեսել։ Փոխարենը ամեն օր տեսնում ենք աղբ, բարաքում գիշերող անօթեւաններ, ավելին՝ տեղը հավանել եւ այստեղ հաճախ են գալիս նաեւ թմրամոլները»։ Գումարած այն, որ տարածքն այնպիսի դիրք ունի, որ խանգարում է վարորդների եւ անցորդների տեսադաշտին, հատկապես օրվա մութ ժամերին։

Միառժամանակ առաջ տարածքում բնակություն հաստատեց շների մի ընտանիք։ Փոքրիկները՝ երկու ձագեր, մտնում էին ժամանակավոր բարաքի մեջ, մինչեւ մայրը սնունդ էր որոնում։ Հարեւանները նույնպես կերակրում էին թավամազ ընտանիքին։

«Որոշ ժամանակ առաջ նկատեցինք, որ շունը շրջում է տնակի մոտով, ոռնում: Նրա հետ մի ձագ կար: Սկզբում չհասկացանք՝ ինչ է կատարվում, սակայն երբ հասկացանք…»,- ասում է բնակիչներից մեկը:

Հասկացել են, երբ հոտ է տարածվել: «Հիմա էլ անհնար է բացել պատուհանները, երեխաները տանն են: Եվ ինչպե՞ս նրանց ասենք: Նրանք կերակրում էին ձագերին, խաղում նրանց հետ»,- շարունակում է զրուցակիցը:

Տան բնակիչները դիմել են ԱԻՆ-ին, որտեղ խոստացել են հետ զանգել, սակայն ԱԻՆ ներկայացուցչի փոխարեն նրանց հետ կապ է հաստատել թաղամասի լիազորը: Եվ սկսել է սպառնալ Տարաբարի թագավորի անունից՝ այսինքն, տարածքի ենթադրյալ սեփականատիրոջ անունից: Որեւէ մեկից օգնություն չստանալով՝ հարեւանները որոշել են նայել ցանկապատված տարածքը:

«Տնակը հողից վերեւ է տեղադրված, մի փոքր արանքով: Այդտեղ են թաքնվել շան ձագերը: Ինչ-որ մեկը չգիտես ինչու քարերով ծածկել է սողանցքը: Կենդանին չի կարողացել դուրս գալ եւ տանջալից մահով սատկել է»,- ասում է զրուցակիցը՝ հավելելով, որ 5 սանտիմետրանոց որմնախորշում տեսել է սատկած շան մարմինը:

Դժբախտ մայրը երկրորդ ձագի հետ հեռացել է: Այդ տարածքը շրջանցում են ինչպես թափառող, այնպես էլ ընտանի կենդանիները: «Շատերը տանը շուն են պահում: Զբոսանքի ժամանակ շները փորձում են չմոտենալ այդ տարածքին: Իրավիճակը սպառնում է խոլերայի առաջացմամբ»,- զգուշացնում է հարեւանուհին:

Այժմ հարեւան տների բնակիչները պատրաստվում են ստորագրահավաք անցկացնել՝ պահանջելով մաքրել տարածքն ու վերականգնել կանաչապատ գոտին:

«Հարեւանությամբ դպրոց է: Ի՞նչ պետք է սովորեն երեխաները: Ինչո՞ւ պետք է բակի մեջտեղում նման այլանդակություն լինի: Եթե այդ տարածքն իսկապես սեփականատեր ունի, ապա նրան առաջարկում ենք իր եւ մեզ համար շահավետ այլընտրանքներ՝ վճարովի կարուսելներ հիմնել, եթե իհարկե նա պարտադիր ցանկանում է շահույթ ստանալ»,- վրդովված ասում են հարեւանները: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել