News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Նոյեմբեր 20
USD
476.98
EUR
527.92
RUB
7.49
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Շվեդիայի գիտությունների ակադեմիան հայտարարել է 2019-ի տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիրների անունները: Նրանք են՝ ամերիկացի տնտեսագետներ Աբհիջիթ Բաներջին եւ Մայքլ Քրեմերը, ինչպես նաեւ Ֆրանսիայում ծնված եւ ԱՄՆ-ում բնակվող տնտեսագետ Էսթեր Դուֆլոն, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Նրանք արժանացել են մրցանակին աղքատության դեմ պայքարում նոր մոտեցման համար:

«Այս տարվա դափնեկիրները նոր մոտեցում են ներկայացրել, թե որոնք են աշխարհում աղքատության դեմ պայքարի արդյունավետ ուղիները»,- ասվում է Շվեդիայի գիտությունների ակադեմիայի հայտարարության մեջ:

2019-ին նոբելյան շաբաթի առաջին 5 օրերին մրցանակների են արժանացել գիտության եւ կրթության գործիչները ԱՄՆ-ից, Ճապոնիայից, Շվեյցարիայից, Բրիտանիայից, Եթովպիայից եւ Ավստրիայից: Ավելի վաղ հաղորդվել է, որ լեհ գրող Օլգա Տոկարչուկը դարձել է 2018-ի գրականության բնագավառում Նոբելյան մրցանակակիր:

Բանկիրների մրցանակները

Տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակ է շնորհվում 1969-ից: Դրանից մեկ տարի առաջ Շվեդիայի կենտրոնական բանկը Ալֆրեդ Նոբելի հիմնադրամին մրցանակների ֆինանսավորման համար անհրաժեշտ գումար է նվիրաբերել: Առաջատար տնտեսագետներին մրցանակի շնորհումը ներառված չէր միլիարդատիրոջ կտակում, սակայն այժմ շնորհվում է ճշգրիտ գիտությունների եւ գրականության բնագավառների նույն կանոններով, բացի այդ, Ստոկհոլմում գործում է տնտեսագիտության հարցերով նոբելյան հանձնաժողով:

Սակայն այլ մրցանակների համեմատությամբ՝ ավելի սահմանափակ է մասնագետների շրջանակը, որոնք իրավունք ունեն թեկնածուների առաջադրել. դրանք են՝ Շվեդիայի գիտությունների ակադեմիան, անցած տարիների մրցանակակիրները, Շվեդիայի, Դանիայի, Ֆինլանդիայի, Իսլանդիայի եւ Նորվեգիայի համալսարանների պրոֆեսորները:

Իսկ ֆիզիկայի, բժշկության, գրականության բնագավառներում թեկնածուներ առաջարկելու իրավունք ունեն աշխարհում ցանկացած համալսարանի պրոֆեսորները:

Շվեդական ակադեմիան, սակայն, հարկ եղած դեպքում թեկնածուների առաջադրմանը մասնակցելու համար անձնական հրավերներ է ուղարկում գիտնականներին:

Նոբելյան մրցանակի ողջ պատմության մեջ տնտեսագիտության բնագավառում միայն մեկ անգամ է մրցանակ շնորհվել կնոջը:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել