News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Արտաշատի N 5 դպրոցի աշակերտները դպրոցի բուֆետի պիցցայից պլաստմասի համ են զգացել։ NEWS.am-ի հետ զրույցում նրանք պատմեցին, որ հաճախ են օգտվում բուֆետից, բայց առաջին դեպքն էր, որ իրենց վատ են զգացել։

«Ես հոթդոգ եմ կերել, ինձ վատ զգացի Մայրենիի ժամին, փսխեցի, գնացի բուժկետ, հետո մաման եկավ ու ինձ բերեց հիվանդանոց։ Փորս էր ցավում ու սրտխառնոց ունեի, հիմա լավ եմ։ Դասընկերուհուս էլ են բերել»,- պատմեց Անուշը։

Աշակերտներից Արամը, Սամվելն ու Գագիկը պատմեցին, որ կերել են պիցցա, հոտ չեն զգացել բայց տհաճ համ կար. «Դառն էր, մի քանի հատ կծեցինք ու գցեցինք։ Հետո սիրտս խառնեց։ Փորս ծակծկում էր, սիրտս խառնում էր։ Էլ բուֆետ չենք գնալու։ Առաջին անգամն էր, որ բուֆետում պիցցա էի ուտում։ Դպրոցի բակում, իմ աչքի առաջ մի աղջիկ գիտակցությունը կորցրեց»։

Աշակերտներից մեկի տատիկը՝ Սուսաննա Խաչատրյանն ասաց, որ երկար տարիներ աշխատել է այդ դպրոցում, եւ սա սննդային թունավորման առաջին դեպքն է. «Այսօր գնացել էի դպրոց, վերադարձա տուն, 1 ժամ հետո ինձ տեղեկացրին, որ երեխան վատացել է դպրոցում։ Գնացինք, դպրոցից բերեցինք տուն, դպրոցում փսխել էր, տանն էլ փսխեց, ասաց՝ տատիկ ստամոքսս ցավում է, ասեցի՝ ուրեմն տանում ենք հիվանդանոց։ Հիմա երեխան լավ է։ Թոռնիկներս հազվադեպ են օգտվում դպրոցի բուֆետից»։

ԲԿ-ի մոր եւ մանկան գծով փոխտնօրեն Գրիգոր Շադյանը NEWS.am-ին տեղեկացրեց, որ առավոտյան ժամը՝11։30-ից սկսած երեխաներին սկսել են բերել ԲԿ. «Ընդունվել են թեթեւ եւ միջին ծանրության երեխաներ, հիմա բոլորի վիճակը գնահատվում է բավարար։ Եկել են փսխումներով, գլխապտույտներով։ Իրենց վիճակն էլ կապում են դպրոցից սնունդ վերցնելու հետ»։

Արարատի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Հասմիկ Գասպարյանն ասաց, որ արդեն մտել է դպրոցի բուֆետ, հակասանիտարական վիճակ չի եղել. «Դպրոցներում պետք է միայն հացաբուլկեղեն վաճառվի։ Եթե երշիկ, պանիր կամ կրեմ է, ապա վտանգավոր է, թունավորում կարող է լինել։ Այդ նույն մատակարարողը սնունդ տալիս է 17 դպրոցի, երբ այստեղ այսպիսի դեպք է գրանցվել՝ անհապաղ զանգահարել ենք մյուս դպրոցներ, եւ թույլ չենք տվել, որ երեխաները օգտվեն բուֆետից»։

Հասմիկ Գասպարյանն ասաց, որ առաջիկայում, եթե ոչ այսօր, հրահանգ կտրվի բոլոր դպրոցների տնօրեններին՝ հանդիպել Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի հետ. «Մարզպետն իր ասելիքը պարտադիր կասի։ Եվ սննդի վերաբերյալ եւ ամեն ինչի վերաբերյալ։ Ոչ միայն կհանդիպի տնօրեններին, այլ կարծում եմ՝ սնունդ մատակարարողներին նույնպես կհրավիրի»։

Բուֆետի աշխատակիցն էլ նշեց, որ ինքն էլ է օգտվում բուֆետի սննդից, սակայն որեւէ տարօրինակ համ կամ հոտ չի զգացել. «Շատ նորմալ տեսք է ունեցել սնունդը։ Ոչ մի տարօրինակ բան չեմ նկատել, սնունդը ուներ նույն թարմ տեսքը, ինչպես՝ միշտ։ Ես խաչապուրի եմ կերել, բայց ինձ ոչինչ չի եղել»։

Դպրոցի տնօրեն Արմինե Դավթյանը պատմեց, որ սպասելու է փորձաքննության արդյունքներին, եթե պարզվի՝ սննդի թունավորում է եղել, ապա սնունդ մատակարողի հետ պայմանագիրը կխզի.

«Առավոտյան ժամը 10։15-ի սահմաններում ուսուցիչներից մեկն ինձ ասաց, որ աշակերտներից մեկը բուժկետում է, եւ վատ է։ Անմիջապես իջել եմ բուժկետ, հետո եկավ այլ երեխա՝ նույն գանգատներով։ Շտապօգնություն եմ կանչել, ու իրենց հետ էլ գնացել եմ հիվանդանոց։ Հիմնականում եղել է 7-րդ եւ 8-րդ դասարանի աշակերտների մոտ էր։ Առաջինը կապնվել եմ սնունդ մատակարարողի հետ, տեղյակ եմ պահել, որ դպրոցում նման վիճակ է»։

Հիշեցնենք, որ այսօր՝ հոկտեմբերի 15-ին, առավոտյան նույն դպրոցի 25 աշակերտները տեղափոխվել էին Արտաշատի ԲԿ՝ սննդային թունավորումով։

Տպել
Ամենաշատ