News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Թաիլանդի թագավոր Մախա Վաջիրալոնգկորնն իր 34-ամյա ֆավորիտուհուն զրկել է բոլոր տիտղոսներից եւ կոչումներից՝ «անհավատարմության» եւ թագուհու դիրք զբաղեցնելու ակնհայտ «հավակնությունների» համար, հայտնում է AFP-ն՝ հղում կատարելով Թաիլանդի Թագավորական պալատին։

Թագավորի նախկին թիկնապահ Սինեենատու Վոնգվաջիրապակդին, որը հայտնի է «Կոի» անունով, մոտ երեք ամիս առաջ կոնսորտի տիտղոսի էր արժանացել։ Մոտ 100 տարվա ընթացքում Սինեենատուն առաջին կինն էր Թաիլանդում, որ նման դիրք էր զբաղեցնում։ Թագավորը նրան տիտղոսը շնորհել էր իր չորրորդ կնոջ՝ թագուհի Սուտխիդի հետ ամուսնությունից երկու ամիս անց։

Սակայն միապետը Չաո Կխուն Պխրա (ազնվական կնոջ) տիտղոսից զրկել է Սինեենատու Վոնգվաջիրապակդիին՝ «թագավորի հանդեպ անհավատարմության», ինչպես նաեւ «Սուտխիդ թագուհու դեմ գործողությունների» համար։

Թաիլանդական թագուհին պաշտպանված է զրպարտության մասին խիստ օրենքով, որը գործնականում անհնար է դարձնում երկրի ներսում հասարակության եւ ԶԼՄ-ների համար այդ ինստիտուտի բաց քննարկումները։

Կոիի գործողությունները ցույց են տալիս, որ «նա որեւէ պատվի չի արժանացնում թագավորին եւ չի հասկանում թագավորական ավանդույթները», ասվում է հայտարարության մեջ։ Նշվում է, որ նա փորձում է իր դիրքը հասցնել թագուհու մակարդակի։ Նրա վարքագիծը «Նորին գերազանցության հանդեպ անհարգալից է եւ պալատականների շրջանում տարաձայնություններ ու մարդկանց շրջանում տարակուսանք է առաջացրել»։

Նրան զրկել են բոլոր զինվորական կոչումներից, պարգեւներից եւ թագավորական տիտղոսներից։

Սինեենատուն ծնվել է 1985թ․ հունվարի 26-ին, Նան հյուսիսային  նահանգում։ 23 տարեկանում նա վերջացրել է Թաիլանդի Թագավորական բանակի բուժքույրական քոլեջը։ Նա նաեւ օդաչուի մասնագիտություն է ստացել երկրում եւ արտասահմանում, ծառայել է թագավորական թիկնազորում, իսկ մայիսին գեներալ-մայորի կոչում էր ստացել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ