News
Լրահոս
News
Երկուշաբթի
Նոյեմբեր 18
USD
477.57
EUR
526.28
RUB
7.48
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր՝ հոկտեմբերի 21-ին, ընդունել է Գերմանիայի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Միխայել Բանցհաֆին։ Այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ֆեյսբուքյան էջից։

Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ նախարարը վստահություն է հայտնել, որ պարոն Բանցհաֆի դիվանագիտական գործունեությունը Հայաստանում կնպաստի հայ-գերմանական հաջողված փոխգործակցության ընդլայնմանը եւ, մասնավորապես, ենթակառուցվածքների զարգացման ոլորտում համատեղ ծրագրերի իրականացմանը ։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, որոնք վերաբերել են էներգետիկայի ոլորտին, կոշտ կենցաղային թափոնների կառավարմանն ու աղբավայրերի կառուցմանը, ջրային ոլորտի բարեփոխումներին եւ ջրամբարաշինությանն առնչվող ծրագրերին։ Այդ համատեքստում նախարար Պապիկյանն առանձնահատուկ կարեւորել է Գերմանական զարգացման բանկի (KFW) ֆինանսավորմամբ իրականացվող համատեղ վարկային ծրագրերը եւ ընդգծել դրանց շարունակականության ապահովման անհրաժեշտությունը։

Անդրադառնալով վարչատարածքային բարեփոխումներին՝ Սուրեն Պապիկյանը բարձր է գնահատել «Լավ տեղական ինքնակառավարում հարավային Կովկասում ծրագրի» շրջանակներում ԳԴՀ կառավարության եւ ԳՄՀԸ (GIZ)-ի կողմից Հայաստանին ցուցաբերվող օժանդակությունը եւ նշել․ «ԳՄՀԸ աջակցությամբ հանրապետության 52 խոշորացված համայնքները մեծացրել են իրենց համայնքային կարողությունները, ինչի շնորհիվ մենք ունենք արդեն արձանագրված արդյունքային հաջողություններ՝ գյուղատնտեսական տեխնիկայի ձեռքբերման, խորհրդատվական եւ վարչական ծառայությունների մատուցման, քաղաքացիների սպասարկման եւ ծառայությունների հասանելիությունն ապահովելու հարցում»։

Դեսպան Միխայել Բանցհաֆը, նկատելով հանդիպման կարեւորությունը, վստահեցրել է, որ ԳԴՀ կառավարությունը հետաքրքրված է Հայաստանում բարեփոխումների հաջողություններով, եւ վերահաստատել պատրաստակամությունը՝ համատեղ ջանքերով խթանելու հայ-գերմանական համագործակցության ամրապնդմանը մատնանշված ոլորտներում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել