News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Կաշառք ստանալուն օժանդակելու մեջ մեղադրվող, գործարար Սամվել Մայրապետյանը մինչեւ հերթական վիրահատությունը պետք է գտնվի բժիշկների հսկողության տակ։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց Մայրապետյանի փաստաբան Լուսինե Սահակյանը։

Ավելի վաղ Մայրապետյանի փաստաբանները  Հատուկ քննչական ծառայությանը գրավոր տեղեկացրել էին, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից սահմանված ողջամիտ ժամկետում Սամվել Մայրապետյանը չի կարողացել վերադառնալ, քանի որ օդանավակայանում վերջինիս ինքնազգացողությունը վատացել է եւ նա տեղափոխվել է բժշկական կենտրոն։

Նշենք, որ նախաքննական մարմինը Մայրապետյանի  վերադարձի համար ողջամիտ ժամկետ էր սահմանել հոկտեմբերի 15–ը։

NEWS.am–ի հետ զրույցում ՀՔԾ մամլո խոսնակ Մարինա Օհանջանյանը հայտնեց, որ փաստաբանների կողմից հայտնած տեղեկությունների իսկությունը պարզելու նպատակով վարույթն իրականացնող մարմինը միջոցներ է ձեռնարկում, այդ թվում իրականացվում են հարցումներ։

Նշենք, որ նախաքննական մարմինը մեղադրյալի կողմից պատշաճ վարքագիծ չդրսեւորելու, այսինքն քննությունից խուսափելու հանգամանքը հիմնավորելուց հետո նոր միայն կարող է գործընթաց սկսել երաշխավորողի կողմից մուծված դրամական գումարը  պետության եկամուտի վերածելու ուղղությամբ։

Ավելի վաղ հայտնել ենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հունվարի 24–ին բավարարել է գործարար Սամվել Մայրապետյանի պաշտպանի միջնորդությունը եւ թույլատրել գործարարին դուրս գալ երկրից։ Մայրապետյանի նկատմամբ ընտրված փախանման միջոցը փոխվել էր անձնական երաշխավորությամբ։

Գործարարի համար անձնական երաշխավորություն էին ներկայացրել հայտնի նյարդավիրաբույժ, պրոֆեսոր Ռուբեն Ֆանարջյանը եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի ղեկավար, Գարեգին Բ վեհափառ հայրապետի մամուլի խոսնակ տեր Վահրամ քահանա Մելիքյանը. երաշխավորոթյուն տված անձանցից յուրաքանչյուրը վճարել էր 15 մլն դրամ։

Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հունվարի 17-ին 39-րդ կանոնի համաձայն որոշել է միջանկյալ միջոց կիրառել Սամվել Մայրապետյանի գործով եւ ցուցում է տվել Հայաստանի կառավարությանը շտապ կերպով ապահովել Սամվել Մայրապետյանի առողջական վիճակին համապատասխան բուժօգնություն՝ համաձայն բժիշկ մասնագետների ցուցումների՝ այդ թվում տրանսլյումինալ դրենավորման մեթոդի կիրառմամբ: Բացի այդ ՄԻԵԴ–ն առաջնահերթություն է տվել Մայրապետյանի գործին 41-րդ Կանոնի համաձայն եւ պահանջել փաստաբաններից ամբողջական բողոքը ուղարկել շատ ավելի արագ, քան նախկինում պահանջվում էր, ՀՀ գլխավոր դատախազությունը մարդու կյանքին եւ առողջությանը սպառնացող իրավիճակը ժամ առաջ լուծելու փոխարեն ժամանակ է վատնում նման կարգի՝ իրականությունը խեղաթյուրող հայտարարություններ տարածելու վրա:

Մայրապետյանը մեղադրվում է կաշառք ստանալուն օժանդակելու մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ