News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Եվրոպական հայտնի եւ խոշորագույն երիտասարդական կազմակերպություններից մեկի` AEGEE-Եվրոպայի (Եվրոպական Ուսանողների Ֆորում) գլխավոր ասամբլեան առաջին անգամ կհյուրընկալի Հայաստանը: Եվրոպական շուրջ 40 երկրներից Երեւան են ժամանելու 500-ից ավել երիտասարդ առաջնորդներ՝ մասնակցելու «Agora Yerevan 2020» կոնգրեսին: Սա երիտասարդական քաղաքականության ոլորտի եվրոպական մեծ համաժողով է, որի աշխատանքներին կներգրավվեն վերոնշյալ ոլորտի ճանաչված փորձագետներ Հայաստանից եւ արտերկրից: Կոնգրեսը տեղի կունենա Երեւանում՝ 2020 թ. մայիսի 6-ից 10-ը:

AEGEE/Եվրոպական Ուսանողների Ֆորում կազմակերպության պատմության մեջ առաջին անգամ՝ հայկական կողմի առաջարկով, կկազմակերպվի նաեւ բարձր մակարդակի թեմատիկ խորհրդաժողով, որը նվիրված կլինի թվայնացմանն (digitalization) ու արդյունավետ կառավարմանը եւ երիտասարդության շրջանում նորարարական «այթի» (IT) գործիքների կիրառմանը: Խորհրդաժողովը կկրի «Որոշողը Դու ես» խորագիրը (You Decide), իսկ Կոնգրեսի նման ձեւաչափը հայ երիտասարդներին կծանոթացնի IT տեխնոլոգիաների եւ քաղաքականության համադրության հնարավորություններին: Այս միջոցառումը Հայաստանի «այթի» ներուժը  ցուցադրելու եւ երիտասարդական քաղաքականության ոլորտում նոր ներդրումներ ներգրավելու հնարավորություն կլինի, ինչպես նաեւ այն կնպաստի եվրոպացի երիտասարդների մոտ Հայաստանի տեսանելիության եւ ճանաչելիության բարձրացմանը: Կոնգրեսի ընթացքում քննարկվող թեմաները եւ ընդունված վերջնական հռչակագիրը նոր սկիզբ կդնեն Հայաստանի եւ եվրոպական այլ երկրներում հանրային կյանքի տարբեր ոլորտներում երիտասարդների ներգրավվածության բարձրացմանը:

Այս մասին հայտնում են «Agora Yerevan 2020»-ի գլխավոր կազմակերպիչներ Կալիպսո Բզնունին եւ Իզաբելլա Խանզրատյանը՝ նշելով, որ այս որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով Հայաստանում «այթի» (IT) ոլորտի հանդեպ մեծ հանրային հետաքրքրությունը, ինչպես նաեւ՝ Հայաստանում ընթացող ժողովրդավարական գործընթացներն ու բարեփոխումները, որոնք նպաստում են քաղաքացիական հասարակության եւ Կառավարության միջեւ համագործակցության ամրապնդմանը:

Կազմակերպիչները նաեւ նշում են, որ Երեւանն ընտրվել է որպես կոնգրեսը հյուրընկալող քաղաք՝ թեժ մրցակցության արդյունքում եւ ձայների մեծ տարբերությամբ առաջ է անցել Մոսկվայից, Բուդապեշտից եւ Անկարայից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ