Հանրապետության հրապարակի մետրոյի մոտ այս պահին ընթացող «ՀուԶանք ու Զանգ» ներկայացման ընթացքում, որն ուղեկցվում էր մի քանի անձանց «ամոթ,ամոթ» վանկարկումներով, միջադեպ գրանցվեց: Մի երիտասարդ փորձեց շշով «զելյոնկա» լցնել ներկայացման մասնակիցների վրա: Նա հայտարարում էր, որ «սատանիստների» է լցնելու զելյոնկան: «Իմ երկրում սատանիստական երեւույթ չի լինելու: Ես պայքարելու եմ, ինչքան ուզում եք բռնեք: Ե իրենց վրա զելյոնկա եմ լցնելու»,-բղավում էր Նարեկ Սարգսյան ներկայացած երիտասարդը:
Ոստիկանները նրան բերման ենթարկեցին:
Ներկայացման դեմ հանդես եկողները համապատասխան սարքավորում բերեցին, հայկական ազգային երաժշտություն միացրին եւ սկսեցին պարել:
Նշենք, որ ըստ կազմակերպիչների «ՀուԶանք ու Զանգը» կատարողական արվեստի նախագիծ է, որը սինթեզում է ժամանակակից պարն ու պոեզիայի ռիթմը։
Ներկայացումը 1920-ական թվականների ֆուտուրիզմ պոեզիայի (Կարա Դարվիշ, Գեւորգ Աբով, Ազատ Վշտունի) հետազոտական/էքսպերիմենտալ վերընթերցումն է՝ Լիլիթ Պետրոսյանի հեղինակային պոեզիայի միջամտություններով եւ Հասմիկ Թանգյանի ապագայամետ շարժման աշխարհագրությամբ։
Ըստ կազմակերպիչների՝ «Հուզանք ու զանգը» հարցականի տակ է դնում կնոջ պահվածքի, խոսելու եւ շարժվելու ձեւի հանրային ընկալումը։ Ներկայացումը հղացվել է այս ընթացքում Երեւանում գտնվող գերմանացի վիզուալ եւ պերֆորմանս արվեստագետ Լինդա Նադջիի հետ համագործակցությամբ։ Նախագիծը իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ։











