News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

153 երկրների ավելի քան 11 հազար կլիմայաբաններ բաց նամակ են ստորագրել, որով ՄԱԿ-ին եւ բոլոր պետությունների իշխանություններին կոչ են արել հայտարարել կլիմայական արտակարգ դրություն: Գիտնականների կոչի եւ առաջարկների տեքստը հրապարակել է BioScience ամագիրը:

«Արդեն 40 տարի քաղաքական գործիչները բանակցություններ են վարում, եւ այս ամբողջ ընթացքում արտանետումները շարունակել են աճել՝ առանց որեւէ սահմանափակման: Գլոբալ տաքացումը կասեցնելու մեր բոլոր ջանքերը ձախողվել են: Աճում է ցամաքի ջերմաստիճանը, օվկիանոսի ջրերում պաշարված ջերմության քանակությունը, դրա թթվայնությունը, էքստրեմալ եղանակային երեւույթների հաճախությունը: Անհրաժեշտ է շտապ ձեռնարկել գոնե ինչ-որ միջոցներ»,- հայտարարել են Կորվալիսում Օրեգոն նահանգի համալսարանի պրոֆեսոր Ուիլյամ Ռիփլը եւ «Աշխարհի գիտնականների դաշինքի» առաջնորդներից մեկը:

Երկրի կլիման ուսումնասիրող հետազոտողների մեծամասնությունն այսօր չի կասկածում, որ գլոբալ տաքացումը գոյություն ունի, եւ որ այն արմատապես կփոխի մոլորակի պատկերը, եթե մինչեւ դարավերջ չհաջողվի ջերմաստիճանի աճը զսպել Ցելսիուսի 1,5 նիշի վրա: Սրա օգտին են վկայում տասնյակ կլիմայական արբանյաների, հազարավոր օդերեւութաբական կայանների ու Համաշխարհային օվկիանոսում խարսխավոր լողանների չափումների արդյունքները եւ մոլորակի կլիմայի հարյուրավոր համակարգչային մոդելները:

2015 թվականի փետրվարին այս սցենարը կանխելու նպատակով բոլոր երկրները ստորագրել էին գլոբալ տաքացման դեմ պայքարի առաջին համընդհանուր եւ պարտադիր Փարիզի համաձայնագիրը: Բոլոր պետությունները դրա շրջանակում կամավոր պարտավորություն էին ստանձնել առաջիկա մի քանի տասնամյակում զգալիորեն կրճատել ջերմոցային գազերի արտանետումները եւ հաջորդ տարիներին դրանք զսպել այդ նիշում: Դիվանագետները հույս ունեն, որ այս միջոցառումները կօգնեն ջերմաստիճանի միջին տարեկան աճը պահել Ցելսիուսի 1,5-2 աստիճան նիշի վրա:

Քննադատորեն տրամադրված փորձագետները հաճախ են նշում, որ այս համաձայնագրերը սկզբունքորեն անհնար է կյանք կոչել, քանի որ զարգացող երկրների համար նախատեսում են մեծ զիջումներ: Դրանից բացի, երեքշաբթի Միացյալ Նահանգները ՄԱԿ-ին պաշտոնապես իրազեկել էր, որ պատրաստվում է համաձայնագրից դուրս գալ: Հոռետեսների կարծիքով՝ համաձայնագրի մնացյալ անդամներին չի հաջողվի զսպել արտանետումների համաշխարհային աճը եւ պահել նույնիսկ այն շրջանակում, որն ամրագրված էր նախապես թույլ կամավորական պարտավորություններում: Դրա հետեւանքով Երկրի ջերմաստիճանը կանցնի 2 աստիճան նիշը, եւ մոլորակի կլիման անշրջելի կփոխվի:

Կլիմայական ստատուս քվո

Ռիփլն ու նրա համախոհները «Աշխարհի գիտնականների դաշինքից», այդ թվում վեց ռուս կլիմայաբաններ, վերլուծել են ընթացիկ իրավիճակը եւ եկել եզրակացության, որ կլիմայի փոփոխությունների դեմ պայքարի վերաբերյալ Փարիզի համաձայնագրերի եւ այլ գլոբալ միջոցների լիակատար իրագործումը անհնար կլինի առանց կլիմայական արտակարգ դրություն մտցնելու։

Դրա նախաձեռնումը, այս գաղափարի հեղինակների խոսքով, պայմանավորված է վեց մեծ խնդիրներով, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն կապված են գլոբալ տաքացման հետ։ Դրանց թվում են ինչպես բազմաթիվ ավանդական գործոններ, օրինակ՝ ջերմոցային գազերի արտանետումների մակարդակի աճը, անտառների մակերեսի կրճատումը կամ էներգիայի վերարտադրվող աղբյուրների անբավարար արագ մշակումն ու ներդրումը, այնպես էլ քաղաքական գործիչների համար համեմատաբար նոր եւ սակավ ծանոթ միտումները։

Մասնավորապես, նամակի հեղինակներն առաջարկում են ջանքերը կենտրոնացնել կարճ կյանք ունեցող ջերմոցային գազերի արտանետումների, այլ ոչ թե միայն ածխաթթվային արտանետումների դեմ պայքարի վրա։ Ի հավելումն՝ նրանք առաջարկում են գտնել մոտեցումներ, որոնք կօգնեին սահմանափակել կամ կանգնեցնել մոլորակի բնակչության թվաքանակի աճը, ինչպես նաեւ հասկանալ, թե ինչպես ավելի լավ վերամշակել սննդային մնացուկներն ու նվազեցնել ջերմոցային գազերի արտանետումների ծավալը՝ կապված մսի արտադրության հետ։

Այս բոլոր միջոցների իրականացումը, ինչպես կարծում են հետազոտողները, անհնար կլինի, եթե կլիմայի վերաբերյալ բանակցություններն անցկացվեն այն ձեւաչափով, որով դրանք վարվել են վերջին 40 տարիներին։ Դա կապված է այն բանի հետ, որ դրանց կենսագործումը կպահանջի մարդկությունից լիովին եւ շատ արագ փոխել կենսակերպը, այդ թվում հրաժարվել նրանից, թե ինչպես են այժմ ապահովվում տնտեսական աճը եւ բարեկեցության մակարդակի բարձրացումը։

Նամակի հեղինակները տեղեկացրել են, որ արդեն պատրաստել են հանձնարարականների եւ միջոցների փաթեթ, եթե քաղաքական գործիչները եւ ՄԱԿ մասնակից երկրները լսեն իրենց կարծիքն ու քաղաքացիական ակտիվիստների հորդորները, որոնք հաճախակիացել են վերջին տարիներին, եւ հայտարարեն կլիմայական արտակարգ դրություն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ