News
Լրահոս
News
Հինգշաբթի
Նոյեմբեր 14
USD
477.46
EUR
526.02
RUB
7.42
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Հռոմում դեռ կայսրության ժամանակներից զգալի թվով ներգաղթյալներ են ապրել Արեւելյան Միջերկրածովից, Լեւանտի եւ Մերձավոր Արեւելքի տարածքից, տեղեկացնում է N+1-ը՝ հղում կատարելով Science-ին։

Անտիկ ժամանակաշրջանում նրանց փոխարինել են Կենտրոնական եւ Հյուսիսային Եվրոպայից եկածները։ Իսկ ավելի վաղ այն տարածքներում, որտեղ ավելի ուշ հիմնվել է քաղաք, առնվազն երկու անգամ հայտնվել են միգրանտներ։ 8-9 հազար տարի առաջ Անատոլիայի նեոլիթյան ֆերմերները  գրեթե լիովին դուրս մղեցին (կամ ասիմիլացրին) տեղի որսորդներին, իսկ 3-5 հազար տարի առաջ նրանց փոխարինեցին արեւելաեվրոպական տափաստանաբնակներին եւ Մերձավոր Արեւելքի բնակիչներին ազգակից մարդիկ։

Հռոմ քաղաքի պատմությունը լավ է ուսումնասիրված, բայց քաղաքի բնակիչների գենետիկ հետազոտություն քիչ է կատարվել։ Ուստի անթրոպոլոգ Ալֆրեդո Կոպան (Alfredo Coppa) Հռոմի «Սապիենցա» համալսարանից եւ նրա գործընկերներն Իտալիայից, ԱՄՆ-ից, Ավստրիայից եւ Իռլանդիայից վերլուծել են տարբեր ժամանակներում ապրած 127 քաղաքաբնակների գենոմները եւ ավելի ուշ կառուցված քաղաքի բնակիչներինը։ Նրանց մնացորդները գիտնականները գտել են Հռոմի 29 վայրերում եւ նրա մերձակայքում։ Նրանցից հնագույնները թվագրված են 9-12 հազար տարի առաջ, ամենաուշը՝ 19-րդ դարում։ 33 մարդու մնացորդներ թվագրվել են ռադիոածխածնային մեթոդով, մյուս 94-ի տարիքը գնահատել են թաղված իրերի տարիքով։

Վերլուծության արդյունքները ցույց են տվել, որ տարածքի հնագույն բնակիչները, որտեղ հետագայում կառուցվել է Հռոմը, գենետիկորեն նման են մյուս որսորդներին, որոնք ապրել են 9-12 հազար տարի առաջ Արեւմտյան Եվրոպայում։ Առաջին մեծ միգրացիան Հռոմի տարածքում վերջին 12 հազար տարվա ընթացքում տեղի է ունեցել մոտ 8-9 հազար տարի առաջ եւ համընկել է շրջանում գյուղատնտեսության առաջացման հետ։ Նեոլիթյան ֆերմերները կենտրոնական Անատոլիայից կամ ժամանակակից Հունաստանի հյուսիսից գրեթե լիովին դուրս են մղել տեղի որսորդներին։ Վերաբնակների հաջորդ ալիքը հայտնվել է 2,9-4,9 հազար տարի առաջ։ Նրանք ունեցել են արեւելաեվրոպական քոչվորների եւ Մերձավոր Արեւելքի բնակիչների խառը գենետիկ «ժառանգություն»։ Ավելի ուշ, որոշ մարդկանց մոտ, որոնք ապրել են Հռոմում կամ դրա տեղում 900-200 թվականների արանքում մեր թվականությունից առաջ, ի հայտ են գալիս նույն գենետիկ մարկերները, ինչ եւ Միջերկրածովի ժամանակակից բնակիչներինը։ Բայց նրանցից ոմանք եղել են Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի բնակիչների սերունդներ (ժամանակակից Մարոկոյի տարածքից)։

Մեր թվականության 2 թվականի եւ  300 թվականի միջեւ Հռոմում ի հայտ են գալիս բազմաթիվ վերաբնակներ կայսրության այլ հատվածներից։ Միայն երկու մարդու մոտ 48-ից, որոնք ապրել են Հռոմում կայսերական ժամանակաշրջանում ու որոնց մնացորդները վերլուծվել են հոդվածի հեղինակների կողմից, պահպանվել է տափաստանային գենետիկ «ժառանգություն»։ 31 մարդ 48-ից գենետիկորեն նման է եղել Կենտրոնական եւ Արեւելյան Միջերկրածովի՝ Հունաստանի, Կիպրոսի, Մալթայի, Ապենինների հարավային եւ կենտրոնական մասի բնակիչներին։ Եվս 13 մարդու մոտ եղել է լեւանտական գենետիկ ժառանգություն (Լեւանտի տարածքում են գտնվում ժամանակակից Իսրայելը, Սիրիան եւ Լիբանանը)։ Հավանաբար, Արեւելյան Միջերկրածովի հոծ բնակեցված տարածաշրջանների, այդ թվում խոշոր քաղաքների բնակիչները, ինչպիսին են Աթենքը կամ Ալեքսանդրիան, վերաբնակեցվել են կայսրության ավելի ազատ արեւմտյան հատվածում։    

Ավելի ուշ, երբ կայսրությունը բաժանվեց Արեւմտյանի եւ Արեւելյանի, քաղաքի բնակիչները սկսեցին կորցնել մերձավորարեւելյան եւ լեւանտական գենետիկ «ժառանգությունը»։ Միջնադարի սկզբին քաղաքի բնակիչները գենետիկորեն սկսեցին նմանվել Կենտրոնական եւ Հյուսիսային Եվրոպայի ժամանակակից բնակիչներին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել