News
Լրահոս
News
Կիրակի
Նոյեմբեր 17
USD
477.57
EUR
526.28
RUB
7.48
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Շարժական առեւտրային կետերն անհավասար պայմաններում են սննդի այլ օբյեկտների, նույն սրճարանների համեմատ, որոնք հարկեր, վարձ են վճարում, աշխատողներ են վարձում։ Ուստի, նրանց համար կսահմանվեն տուրքեր եւ տեղի վարձ։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նոյեմբերի 8-ին ասաց կառավարող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը։

Նրա խոսքով՝  իրենք՝ տնտեսվարող սուբյեկտները, ողջունում են կատարվելիք փոփոխությունները, քանի որ դրանք պարզություն կմտցնեն նրանց գործունեությունում, իսկ հարաբերությունները կկարգավորվեն օրենքով։ «Փոփոխությունները թույլ կտան Երեւանի ավագանուն առարկայորեն կարգավորել նման տնտեսվարող սուբյեկտների գործունեությունը»,- նշել է նա։ Պատգամավորն ընդգծեց, որ տուրքը կլինի 50 հազար դրամի սահմանում, տեղի վարձը կտարբերվի՝ կախված այն բանից, թե քաղաքի որ շրջանում կկանգնի մեքենան։ «Տեղերը կլինեն քաղաքի տարբեր մասերում, նախատեսված կլինեն միայն շարժական առեւտրի կետերի համար։  Հատուկ գծված գոտիներում այլ փոխադրամիջոցների կայանման պարագայում այդ փոխադրամիջոցները կտարհանվեն։ Բնականաբար, կլինեն սահմանափակումներ, թե ինչ գործունեություն է ծավալվելու։ Օրինակ, կասկածելի մերսման սրահները ավտոմեքենաներում կարգելվեն։ Օրենքը կընդունվի, ամենայն հավանականությամբ, եկող տարի»,- ասաց Գաբրիելյանը։ Նա նշեց, որ վերահսկողությունը կարեւոր է նաեւ նրանով, որ երբ այն չկա, յուրաքանչյուր սննդային թունավորման դեպքում մեղադրվում են հենց պետական կառույցները։ «Քաղաքի իշխանությունները հիմա հնարավորություն չունեն սահմանափակելու անգամ ալկոհոլի վաճառքը նման տնտեսվարող սուբյեկտների կողմից դպրոցների եւ մանկապարտեզների մոտ»,- ավելացրել է պատգամավորը:

Երեւանի քաղաքապետի խորհրդական Կարեն Համբարձումյանը նշել է, որ նման առեւտրային կետերի գործունեությունը սահմանափակ կլինի ժամանակի եւ տարածության մեջ: «Օրինակ, շարժական առեւտրային կետերի գործունեությունը անհնար կլինի կենտրոնական հրապարակներում, մշակութային-պատմական նշանակության վայրերում: Բացի այդ, սահմանափակ կլինի աշխատանքային ժամը՝ մինչեւ 23:00-ը: Կարեւոր է նշել նաեւ, որ ավտոմեքենաների գույնը ներդաշնակ կլինի քաղաքի ճարտարապետական տեսքին»,- նշել է նա: Քաղաքապետի խորհրդականը հավելել է, որ կգործի էլեկտրոնային հարթակ, որի օգնությամբ թույլտվություն ստացած տնտեսվարող սուբյեկտները կկարողանան գրանցել իրենց տեղը: «Կոնկրետ նորմեր կսահմանվեն Երեւանի ավագանու խորհրդի նիստի ժամանակ, սակայն վճարների մասով, ամենայն հավանականությամբ, եռօրյա ռեժիմ կսահմանվի, այսինքն՝ տնտեսվարող սուբյեկտները կկարողանան ամրագրել այս կամ այն տեղը 3 օրով, ապա էլեկտրոնային տեսքով կրկին այն ամրագրել: Վճարման չափը կսահմանվի խորհրդի նիստի արդյունքներով»,- եզրափակել է քաղաքապետի խորհրդականը:

Երեւանում գործում է նման 47 ավտոմեքենա: Շարժական առեւտրային կետերի գործունեության կարգավորման նպատակով Երեւանի քաղաքապետարանը օրենսդրական փոփոխություններ է նախաձեռնել: Քաղաքի իշխանությունները կոչ են արել խուսափել շարժական առեւտրային կետերի գնումից եւ շահագործումից, քանի որ օրենքում փոփոխություններ կատարելուց հետո դրանք կարող ենք չհամապատասխանել նոր ստանդարտներին, ինչի հետեւանքով նրանք, ովքեր նման ավտոմեքենաներ են շահագործում, կարող են վնասներ կրել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել