News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Ռուսաստանցիների եւ հայերի բազմադարյա բարեկամությունը, որը դաժան ռազմական փորձությունների է ենթարկվել, մնում է ռուս-հայկական ռազմավարական գործընկերության եւ դաշնակցային հարաբերությունների հետագա ամրապնդման գրավականը՝ ի բարօրություն մեր քաղաքացիների, հանուն Անդրկովկասի եւ ընդհանրապես՝ մեր տարածաշրջանի անվտանգության եւ կայունության։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 10-ին, Հայաստանի Ազգային պատկերասրահում, Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացման ժամանակ ասաց Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

«Ինձ համար մեծ պատիվ է ներկա գտնվել ցուցահանդեսի բացմանը՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակին։ Կցանկանայի, նախ եւ առաջ, երախտագիտություն հայտնել Ազգային պատկերասրահի ղեկավարությանը, որն այս ցուցահանդեսի համար տրամադրել է իր հիանալի դահլիճներն այս հիասքանչ շենքում։ Ցուցահանդեսի նյութերը մանրամասն պատմում են այն տարիների ողբերգական իրադարձությունների մասին, մեր հայրերի ու պապերի անօրինակ սխրանքի մասին, որոնք անասելի ջանքերի եւ զոհերի գնով փրկեցին քաղաքակրթությունը դարչնագույն ժանտախտի սարսափներից, ամուր պատնեշ դրեցին դրա ճանապարհին։ Հայ ժողովրդի ներկայացուցիչները Խորհրդային Միության մյուս ժողովուրդների հետ ուս ուսի պաշտպանել են Բրեստն ու Մոսկվան, մարտնչել Ստալինգրադի ու Կուրսկի աղեղի ճակատամարտերում, ազատագրել Կովկասն ու Ղրիմը, վերցրել Բեռլինը։

Հայ ժողովուրդը իրավամբ հպարտանում է իր հերոսներով, որոնք անգնահատելի ավանդ են ներդրել նացիզմի ջախջախման ընդհանուր գործում։

Ռուսաստանում բարձր են գնահատում մշտական ուշադրությունը, որը Հայաստանում նվիրվում է Հայրենական մեծ պատերազմի իրադարձությունների մասին հիշողությունը պահելուն։ Լավ ավանդույթ է դարձել «Անմահ գունդ» ակցիայի կազմակերպումը, որի շարքերում այս տարի 10 հազար այլ մասնակիցների հետ անցավ նաեւ նախագահ Սարգսյանը։ Հաջորդ տարի մենք նշում ենք Մեծ հաղթանակի 75-ամյակը։ Մեզ համար հատկապես կարեւոր է, որ Հայաստանի վարչապետ Փաշինյանն առաջիններից մեկն արձագանքեց նախագահ Պուտինի հրավերին՝ մասնակցելու հոբելյանական միջոցառումներին, որոնք տեղի կունենան 2020 թվականի մայիսի 9-ին Մոսկվայի Կարմիր հրապարակում։ Գիտեմ, որ հայ հանրության ներկայացուցիչները, այդ թվում այստեղ ներկա գտնվողները, Խորհրդային Միության մյուս ժողովուրդների հետ միասին, ակտիվորեն կմասնակցեն տոնական հանդիսություններին եւ դրանով իսկ հիշատակի տուրք կմատուցեն մեր նախնիների անօրինակ սխրանքին։ Ռուսաստանցիների եւ հայերի բազմադարյա բարեկամությունը, որը կոփվել է դաժան ռազմական փորձություններով, մնում է ռուս-հայկական ռազմավարական գործընկերության եւ դաշնակցային հարաբերությունների գրավականը՝ ի բարօրություն մեր քաղաքացիների՝ հանուն Անդրկովկասում եւ, ընդհանրապես, մեր տարածաշրջանում անվտանգության եւ կայունության։ Մենք միասնական ենք պատմությունը նորից գրելու, Երկրորդ համաշխարհային պատերազմի միջազգայնորեն ընդունված արդյունքների վերանայմանը դիմակայելու անհրաժեշտության ընկալման հարցում։ Եվ ցուցահանդեսը, որն այսօր բացում ենք, շատ կարեւոր, կոնկրետ ավանդներից մեկն է այդ նախաձեռնություններում։ Հավերժ փառք հերոսներին, խորին խոնարհում վետերաններին, առողջություն նրանց եւ բարեկեցություն։ Շնորհակալություն»,- նշել է Սերգեյ Լավրովը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ