News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ղազախստանի Հանրապետության պատվիրակությունը՝ ի դեմս Ղազախստանի Սենատի նախագահ Դարիգա Նազարբաեւայի, այսօր հյուրընկալվել էր ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի ղազախական մշակույթի, պատմության եւ լեզվի կենտրոնում:

Կենտրոնում տեղի ունեցած հանդիպմանն այսօր ներկա էին ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանը, Միջազգային համագործակցության եւ հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Արթուր Իսրայելյանը, Միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը, Արեւելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը, Թյուրքագիտության ամբիոնի վարիչ Ալեքսանդր Սաֆարյանը, ինչպես նաեւ ֆակուլտետի  պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ եւ ուսանողներ:

Այցելության ընթացքում Թյուրքագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ալեքսանդր Սաֆարյանը, ողջունելով հյուրերին, ներկայացրեց հայ-ղազախական մշակութային կապերի եւ լեզվամշակութային առնչությունների պատմությունը՝ շեշտելով հայատառ ղփչաղերեն ձեռագրերի ուսումնասիրությունների կարեւորությունը՝ թյուրքական լեզուների, մասնավորապես ղազախերենի պատմության ուսումնասիրության տեսանկյունից:

«Այս ամսվա վերջին լույս կտեսնի նաեւ ղազախական գրականության հիմնարար անթոլոգիան,- նշեց Ալեքսանդր Սաֆարյանը,- որը ԵՊՀ-ի, ԳԱԱ գրականության ինստիտուտի եւ Հայաստանում Ղազախստանի դեսպանության համատեղ արդյունավետ աշխատանքի վառ ապացույցն է»:

Վերջինս նաեւ փաստեց, որ տասնամյակներ առաջ հայ-ղազախական գրականության թարգմանության ակունքներում կանգնած են եղել  հայ դասականները՝ Սիլվա Կապուտիկյանը, Գեւորգ Էմինը եւ Պարույր Սեւակը:

Ալեքսանդր Սաֆարյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ-ում Ղազախստանի դեսպանությանը՝ ցուցաբերած աջակցության համար:

Այնուհետեւ ուսանողներին ողջունեց  Դարիգա Նազարբաեւան, որը նրանց հաջողություն մաղթեց ուսումնական գործընթացում եւ կոչ արեց գիտական ակտիվ գործունեություն ծավալել. «Գիտությամբ զբաղվելը միգուցե այդքան շահավետ չէ, բայց շատ հետաքրքիր է, վստահ եմ, որ ձեզ համար շատ բաներ կբացահայտեք»:

Դարիգա Նազարբաեւան խորհուրդ տվեց սովորել ղազախերեն եւ որքան հնարավոր է հաճախ այցելել Ղազախստան. «Պետք է նշեմ, որ մեր երկրի համալսարաններն ակտիվ համագործակցում են միջազգային մեր գործընկերների հետ, եւ մեզ համար միշտ հաճելի է տեսնել օտարերկրացի ուսանողների մեր համալսարաններում»:

Դարիգա Նազարբաեւան ուսանողներին պատմեց նաեւ Ղազախստանի հայ համայնքի ստեղծագործ գործունեության մասին՝ ասելով, որ հայերը Ղազախստանում միշտ էլ լավ են ապրել, ծնունդ են տվել հայ համայնքին, ինչը եւս մեկ պատճառ է հայ ուսանողի համար այցելել Ղազախստան եւ սովորել այնտեղի բուհերից մեկում:

Վերջում Դարիգա Նազարբաեւան խոստացավ համակողմանիորեն աջակցել ԵՊՀ-ի եւ Աստանայի Ն. Գումիլյովի անվան եվրասիական ազգային համալսարանի միջեւ թյուրքագետների համագործակցության ծրագրերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ