News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Եգիպտացի առաջատար հնագետը հայտարարել է, որ մոտ է Թութանհամոն փարավոնի մահվան գաղտնիքի բացահայտմանը։

Երիտասարդ փարավոնը մահացել է ավելի քան 3000 տարի առաջ, երբ դեռեւս 19 տարեկան էր։ Ենթադրվում է, որ նրա մահվան պատճառ է դարձել արյան վարակումը ոտքի պատճառով, որ վնասվել էր կառքի վթարի հետեւանքով։

Թութանհամոնը Եգիպտոսի փարավոններից ամենահայտնին է, եւ փորձագետները տասնամյակներ են ծախսել՝ փորձելով պարզել նրա մահվան պատճառը։

Նրա գանգի մեջ գտնված ոսկորի բեկորներից կարելի է ենթադրել, որ փարավոնը սպանվել է։ Միաժամանակ, ոտքի կոտրված ոսկորը ակնարկում է այն մասին, որ «Ոսկե տղայի» մահը դժբախտ պատահարի հետեւանք է եղել։

Հայտնի եգիպտագետը Daily Star-ին հայտնել է, որ մոտ է վերջինի ապացուցմանը։

Եգիպտոսի հնությունների բարձրագույն խորհրդի անդամ դոկտոր Զախի Խավասը ասել է, թե իր թիմը «նոր սարքավորումներ է օգտագործել փարավոնի աճյունի հետազոտման համար»։ Նրա խոսքերով, ինքը համարում է, որ Թութանհամոնը մահացել է կառքի վթարի հետեւանքով ոտքը կոտրելու պատճառով։ Վերքից արյան մեջ վարակ է անցել, որն էլ սպանել է նրան։

Թութանհամոնը ծնվել է ֆիզիկական թերություններով, քանի որ նրա հայրը՝ Ակենատումը, եւ մայրը, որը հայտնի է միայն որպես Կրտսեր Լեդի, քույր ու եղբայր են եղել։

Համարվում է, որ նա ունեցել է Մարֆանի համախտանիշ՝ ժառանգական հիվանդություն, որի հետեւանքով մարդու ձեռքերի եւ ոտքերի մատներն անսովոր երկար են լինում։

Դոկտոր Խավասն անել է, որ հետազոտության արդյունքները հաջորդ տարի կհայտարարվեն։

Հայտնի է, որ Թութանհամոնը հաճախ էր որսի գնում կառքով։ Նա վայրի կենդանիներ էր որսում գազելների հարթավայրում, որը միացնում էր Սֆինքսի հարթավայրը Սահարային։

Այն կարծիքը, որ Թութանհամոնը մահացու վնասվածք է ստացել այդ արշավներից մեկի ժամանակ, նոր չէ։

2005թ․ կատարված համակարգչային տոմոգրաֆիայի համաձայն, նա ձախ ազդրի ոսկորը կոտրել է մահվանից ընդամենը մի քանի օր առաջ։ Կոտրվածքն ինքնին կարող էր վտանգավոր չլինել, եթե վերքից վարակ չանցներ։

Որոշ փորձագետներ կարծում են, որ 60 տարի առաջ փարավոնի գանգի մեջ գտնված ոսկորի բեկորները վկայում են, թե նա մահացել է գլխին ստացած ծանր հարվածից։ Սակայն ավելի ուշ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ վնասվածքը, հավանաբար, առաջացել է մահվանից հետո, զմռսելու ժամանակ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ