News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ադրբեջանցիները փորձել են սադրանք կազմակերպել Միլանի եկեղեցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ հայ համայնքի ներկայացուցիչների հանդիպման ժամանակ։ Հանդիպման եկած տղամարդը ներկայացել է ադրբեջանցի եւ, ակնհայտ սադրիչ նպատակներ հետապնդելով, սկսել է թվարկել ադրբեջանական «հերոսներին»՝ մուբարիզին (նկատի ունենալով մուբարիզ իբրահիմովին), դիլհամին եւ շախբազին (դիլհամ ասկերով եւ շախբազ գուլիեւ), խոսել «ամբողջ աշխարհի կողմից» «ադրբեջանցիների ցեղասպանությունը» ճանաչելու մասին, պահանջել խաղաղություն եւ «տարածքների ազատում»։ Տղամարդու սադրիչ նպատակների եւ ոչ ադեկվատ վիճակի մասին վկայել է նաեւ այն հանգամանքը, որ պատասխանը լսելը նրա պլանների մեջ չէր մտնում, նա ամեն կերպ փորձել է ընդհատել Փաշինյանին, խոսել է՝ չլսելով, անընդհատ կրկնել է նույն բանը՝ հիստերիկաբար ինչ-որ արտահայտություններ բղավելով։

«Եկեք արձանագրենք, որ նման բան անհնար է պատկերացնել հակառակ դեպքում։ Դուք ադրբեջանցի եք, մտել եք հայկական եկեղեցի եւ հարց եք տվել Հայաստանի վարչապետին։ Անհնար է պատկերացնել, որպեսզի հայը հնարավորություն ունենա մտնել այն մջոցառմանը, որին մասնակցում են Ադրբեջանի նախագահը, եւ նրան հարց տալ։ Երկրորդ, դուք ասացիք, որ ամբողջ աշխարհը ճանաչել է «ադրբեջանցիների ցեղասպանությունը»։ Դա սովորական սուտ է։ նույնիսկ Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովը «Նեզավիսիմայա գազետա»-ին տված հարցազրույցում ասել էր, որ Խոջալուի իրադարձությունները կազմակերպել է ադրբեջանական ընդդիմությունը, որպեսզի հեղաշրջում կատարի Ադրբեջանում։

Երրորդ՝ ես խաղաղության բանաձեւ եմ առաջարկել նախագահ Իլհամ Ալիեւին։ Ես Հայաստանի առաջին առաջնորդն եմ, որն ասել է, թե ղարաբաղյան խնդրի ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի եւ Ադրբեջանի ժողովրդի համար։ Ես առաջարկում եմ, որպեսզի Ադրբեջանի նախագահը նույնպիսի հայտարարություն անի, քանի որ դա տարածաշրջանում խաղաղության եւ կայունության գլխավոր բանաձեւն է։

1988թ․ ԼՂԻՄ խորհրդարանը, այն ժամանակ դեռ Գերագույն խորհուրդը, օգտագործեց ինքնորոշվելու իր օրինական իրավունքը, եւ դրանից հետո Ադրբեջանի իշխանությունները ուժային փորձեր ձեռնարկեցին, որպեսզի վերցնեն Լեռնային Ղարաբաղի Գերագույն խորհրդի օրինական իրավունքները։  Այն բանից հետո, երբ Ադրբեջանը հայտարարեց ԽՍՀՄ-ից իր անկախության մասին, Լեռնային Ղարաբաղն էլ հայտարարեց Ադրբեջանից իր անկախության մասին։ Եւ ինչպես Ադրբեջանը դարձավ անկախ պետություն, այնպես էլ Լեռնային Ղարաբաղը դարձավ անկախ պետություն։ Դրանից հետո Ադրբեջանն ագրեսիա սկսեց Լեռնային Ղարաբաղի հանդեպ»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը։ «Դուք ասացիք Շուշիի մասին։ Շուշիից ամեն օր ռմբակոծում էին Ստեփանակերտի խաղաղ բնակչությանը։ Ռմբակոծում էին երեխաներին եւ կանանց։ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ճիշտ որոշում էր ընդունել եւ կազմակերպեց իր ինքնապաշտպանությունը։

Ես հպարտանում եմ Լեռնային Ղարաբաղի ժողովրդով, նրանով, որ նա կարողացավ պաշտպանել իրեն եւ դիմակայել ադրբեջանցիների ագրեսիային։ Նրանք հասկացան, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հետ ուժով չի կարելի խոսել, եւ ես հուսով եմ, որ համապատասխան հետեւություններ են արվել, եւ Ադրբեջանի նախագահը կընդունի իմ առաջարկությունը ու կանի հայտարարություն այն մասին, որ ղարաբաղյան հակամարտության ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի համար»,- ամփոփել է Նիկոլ Փաշինյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ