News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահներ Դոնալդ Թրամփի եւ Էմանուել Մակրոնի հանդիպումը անցել է բավական լարված, ինչն արտահայտվել է Լոնդոնում համատեղ մամուլի ասուլիսում «ԻՊ-ի մի երկու գրոհայիններ Ֆրանսիա ուղարկելու» Թրամփի կատակով առաջարկության մեջ։

«Եկեք մեզ լուրջ պահենք»,- խստորեն պատասխանել է Մակրոնը՝ կարծիք հայտնելով, որ ԻՊ-ի գրոհայինների մեծ մասը եկել է Սիրիայից, Իրաքից ու Իրանից, եւ վիճարկելով Թրամփի այն կարծիքը, թե ահաբեկչական խմբավորումը պարտություն է կրել, գրում է The Hill-ը։

«Ես կարծում եմ որ համար առաջին առաջնահերթությունը ԻՊ-ից ազատվելն է»,- ասել է Մակրոնը՝ ի պատասխան Թրամփի մշտական այն դժգոհության, թե եվրոպական երկրները չեն ուզում ընդունել ԱՄՆ-ի կողմից գերված գրոհայիններին։

«Դա պատասխանից խուսափելու ամենալավ տարբերակն է, որ ես երբեւէ լսել եմ»,- ասել է Թրամփը։

Թրամփի վարչակազմը հանդիպումից մեկ օր առաջ հայտարարել էր, թե պատրաստ է 100 տոկոսանոց տուրքեր սահմանել ֆրանսիական ապրանքների վրա՝ ի պատասխան այն հարկերի, որ Ֆրանսիան սահմանել է երկրում գործող ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների համար։

Երկու առաջնորդների միջեւ բազմաթիվ տարաձայնությունները ակնհայտ են դարձել 40 րոպեանոց հանդիպման ընթացքում։ Սառցե տոնը հեռու է եղել ջերմ գրկախառնություններից եւ այն տրամադրություններից, որ սովորաբար ներկայացնում էին այս քաղաքական գործիչները վերջին երկու տարիներին։

Թրամփն ընդգծել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ իր «շատ լավ հարաբերություններն» այն բանից հետո, երբ Մակրոնը նշել է, որ Թուրքիայի եւ ՆԱՏՕ-ի մյուս երկրների միջեւ տարաձայնություններ կան ահաբեկչության սահմանման հարցում։

Թրամփի առարկությանը Մակրոնն արձագանքել է․ «Մենք կորցրել ենք Թուրքիայի հետ համագործակցությունը»։

Ֆրանսիայի նախագահը պահանջել է, որ Թուրքիան բացատրի, թե ինչպես լինելով ՆԱՏՕ-ի անդամ՝ ռուսական С-400 համակարգեր է գնում։ Մակրոնը նաեւ հայտարարել է, թե Թուրքիան կուզեր «պայթեցնել» գագաթաժողովը, եթե դաշինքի մյուս անդամները չեն ընդունում ահաբեկչության մասին նրա կարծիքը։

Սառը հանդիպումն ընդգծել է Թրամփի եւ Մակրոնի հարաբերությունների էվոլյուցիան։ Նրանք իշխանության են եկել մի քանի ամսվա տարբերությամբ, նրանք մտերիմ հարաբերությունների մեջ են եղել։ Առաջին հանդիպումներից մեկի ժամանակ նրանք երկար եւ ինտենսիվ միմյաց ձեռք էին սեղմում, իսկ ավելի ուշ Թրամփը Մակրոնին ընդունել էր Սպիտակ տանը՝ պետական այցով։

Սակայն Մակրոնն ավելի անկեղծ է դարձել, քանի որ փորձում է իր վրա վերցնել Եվրոպայի թիկնոցը՝ կառավարությունների փոփոխության եւ Թրամփի անկանխատեսելիության առջեւ։

Երեքշաբթի Ֆրանսիայի նախագահը չի հրաժարվել ՆԱՏՕ-ի մասին իր հակասական մեկնաբանություններից։ Մակրոնը նշել է, թե ինքը դաշինքում ավելի ուժեղ եվրոպական բաղադրիչի կողմնակից է, եւ Թրամփի հետ համաձայնել է այն հարցում, որ ԱՄՆ-ը ավելի շատ ներդրում ունի ՆԱՏՕ-ի մեջ, քան մյուս երկրները, սակայն ընդգծել է․ «ՆԱՏՕ-ն ավելին է, քան փողերի եւ բեռի բաշխման մասին բանավեճերը»։   

«Երբ խոսում եք ՆԱՏՕ-ի մասին, խոսքը միայն փողին չի վերաբերում,- ասել է Մակրոնը,- Մենք պետք է հստակորեն հասկանանք այն հիմքերը, թե ինչպիսին պետք է լինի ՆԱՏՕ-ն»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ