News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը


Գրիբոյեդովի արձանի հետ կապված դեպքը իմ խոսնակը շատ հստակ իմ անունից մեկնաբանել է՝ դատապարտելով այդ քայլը եւ դա հստակ որակելով որպես վանդալիզմ։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 4–ին, Ազգային ժողովում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Շանթ Հարությունյանի որդու՝ Շահեն Հարությունյանի կողմից Գրիբոյեդովի արձանը ներկելու դեպքին։

«Ես կարծում եմ, որ ընդհանրապես պատմական իրողությունների գնահատման եւ վերագնահատման խնդիր գոյություն ունի՝ ո՞վ է Գրիբոյեդովը եւ ի՞նչ է նա ընդհանրապես խորհրդանշում։ Իսկ իմ կարծիքով՝ Գրիբոյեդովը խորհրդանշում է Հայաստանի ընտրությունը․ Հայաստանը պետք է լինի եվրոպակա՞ն պետություն, թե՞ Հայաստանը պետք է լինի ասիական պետություն։ Վերջերս ես «Կոմերսանտ» թերթին հարցազրույց էի տվել եւ չեմ հիշում՝ ինչ հարցին ի պատասխան, խոսել էի Իսրայել Օրու առաքելության մասին։ Եվ ցույց էի տվել, որ Իսրայել Օրին, որը  համարվում է Ռուսաստանի՝ մեր տարածաշրջան գալու սիմվոլը, իր առաքելությունը սկսել է Եվրոպայից եւ կոնկրետ Գերմանիայից։ Նա փորձել է եվրոպական զորքեր բերել՝ սկզբից Գերմանիայից, ապա Հռոմեական սրբազան կայսրության կայսրից, որպեսզի ապահովի Հայաստանի պատկանելությունը եվրոպական քաղաքակրթությանը։

Եւ հենց Հռոմեական սրբազան կայսրության կայսրն է ասել՝ մենք ստեղ խառն ենք, գուցե դիմեք Ռուսաստանին՝ Պետրոս Առաջինին։ Եվ դրանից հետո է գնացել Իսրայել Օրին, դիմել Պետրոս Առաջինին, եւ ես ասել եմ, որ Ռուսաստանը այս համատեքստում այս տարածաշրջան եկել է որպես եվրոպական քաղաքակրթության կրող, եւ Իսրայել Օրու առաքելությունը դա է եղել։ Եւ Գրիբոյեդովը, որպես այդ ժամանակաշրջանում շատ ակտիվ մեր տարածաշրջանում գործած դիվանագետ, հենց խորհրդանշում է մեր պատկանելությունը եվրոպական քաղաքակրթությանը։ Անդրադառնալով Գարեգին Նժդեհին՝ արդեն ասել եմ, որ հայ-ռուսական հարաբերություններում համենայն դեպս ես այդպիսի օրակարգի հետ չեմ առնչվել։ Եվ ես կարծում եմ, որ դա որոշ ուժերի կողմից օգտագործվում է որպես սադրանք հայ-ռուսական հարաբերությունների մեջ սրացումներ մտցնելու համար։

Բայց կրկին պատմական իրողությունների համատեքստում ուզում եմ հիշեցնել նաեւ, որ Ղարաքիլիսայից առաջ, հայ-թուրքական պատերազմից առաջ Գարեգին Նժդեհը Բալկանյան պատերազմում եւ առաջին Համաշխարհային պատերազմում  մասնակցել է որպես ռուսական բանակի, եթե չեմ սխալվում, պորուչիկ կամ ենթասպա եւ ընդ որում՝ պարգեւատրվել է որպես ռուսական բանակի ներկայացուցիչ։ Եվ ես ուրախ եմ, որ այսօր իմացա, որ ռուսական մամուլում այս թեմայով հրապարակումներ են լույս տեսել, որոնք այս հարցի վերաբերյալ կբերեն շատ կարեւոր պարզաբանումների»,– ասաց վարչապետը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ